ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գործածությունից դուրս եկած արևային վահանակները վերածվում են թունավոր թափոնների

Էներգիայի ոչ ավանդական աղբյուրներից վերականգնվող էներգիա ստանալու հրամայականը տարեցտարի ավելի սուր է դրսևորվում. մթնոլորտի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակը, գլոբալ տաքացումը և մարդածին բազմաթիվ բացասական գործոններ ուղղակիորեն վտանգում են Երկրի ապագան:

Բազմաթիվ երկրներ միլիոնավոր դոլարներ են ներդնում «կանաչ էներգիայի» ոլորտում՝ նպատակ ունենալով մոտ ապագայում էներգիայի գերակշիռ մասը ստանալ վերականգնվող աղբյուրներից: Օր.՝ 2019թ.-ի առաջին 6 ամսում Գերմանիան վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից, պատմության մեջ առաջին անգամ, ավելի շատ էներգիա է ստացել, քան ատոմային և ջերմային կայաններից։ Վերականգնվող ռեսուրսներից ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 43,3%: WWF-ը (Բնության համաշխարհային հիմնադրամ) կանխատեսում է, որ նման տեմպերով 2050թ.-ից հնարավոր կլինի համաշխարհային էներգետիկ պահանջարկը մեծամասամբ բավարարել «կանաչ էներգիայով»:

Սակայն «կանաչ էներգիան» ունի նաև իր բացասական կողմերը, որոնց մասին կարծես թե քչերն են խոսում: Մասնավորապես, արևային վահանակների թափոնների խնդիրը տեսանելի ապագայում կարող է լուրջ վնասներ հասցնել շրջակա միջավայրին:

Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը (IRENA) 2016 թվականին գնահատել է, որ այդ տարվա վերջին աշխարհում կար մոտ 250.000 տոննա արևային վահանակների թափոն: IRENA-ն կանխատեսել է, որ մինչև 2050 թվականը այդ քանակը կարող է հասնել 78 միլիոն տոննայի: Որոշ գիտնականներ, հաշվի առնելով արևային վահանակների աճի նման տեմպը, կարծում են, որ մինչև 2050 թվականը այդ թիվը կարող է նույնիսկ բազմապատկվել։
Այս թափոնները ջարդված ապակու լեռներ են, որոնք պարունակում են մի շարք թունավոր նյութեր, այդ թվում արտանետում են կապարի և կադմիումի աղեր։ Օրինակ, անձրևաջրերը մի քանի ամսվա ընթացքում կարող են վնասված վահանակներից մաքրել կադմիումը և բաց թողնել մթնոլորտ: 1․8 միլիոն արևային վահանակներ պարունակում են 45,359 կգ կադմիում: Իսկ թունավորության առումով կադմիումը նման է սնդիկի կամ մկնդեղի:
Այս խնդիրը դեռևս խնամքով անտեսվում է, ուստի հաջորդ սերունդը անպայմանորեն բախվել է սրան:

Բնական աղետները (փոթորիկ, երկրաշարժ և այլն) նույնպես կարող են վնասել արևային վահանակները․ 2015թ․-ին Հարավային Կալիֆորնիայում առաջացած տորնադոն կոտրեց 200,000 արևային վահանակ։

Ընդհանուր առմամբ, գործածությունից դուրս եկած արևային վահանակների միայն մի մասն է վերամշակվում։ Արտադրող ընկերությունները սովորաբար չեն հետաքրքրվում իրեն ապրանքների հետագա ճակատագրով։ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգը առաջինն էր, որը արևային վահանակ արտադրող և վաճառող ընկերություններից պահանջեց, որպեսզի վերամշակման պլան ունենան: Սակայն սա էլ իր հերթին մեծացնում է տվյալ ընկերությունների սնանկանալու հավանականությունը, որովհետև, երբ արտադրանքի աճի մակարդակը իջնում է, արտադրողները բախվում են արագ աճող վերամշակման ծախսերին։

Ջարդված ապակիների թունավոր սարերից հնարավոր կլինի խուսափել, եթե յուրաքանչյուր Երկիր արևային վահանակ արտադրող կամ վաճառող ընկերություններից պահանջի հետևողականորեն զբաղվել գործածությունից դուրս եկած վահանակների վերամշակմամբ։

Leave a Reply

Your email address will not be published.