Կլիմայի փոփոխության պատճառով բույսերի և կենդանիների մոտ 30%-ը մինչև 2070 թվականը կարող է անհետանալ մոլորակից. այսպիսի եզրահանգման են եկել Արիզոնայի համալսարանի մի խումբ հետազոտողներ: Արդյունքները հիմնված են բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակների ուսումնասիրության վրա, որը տպագրվել է մանրամասն զեկույցի տեսքով:
Գիտնականները վերլուծել են աշխարհի 581 վայրերից 538 տեսակների
տվյալները՝ երկարատև (առնվազն 10 տարի) և կանոնավոր դիտումներից հետո: Պարզվել է, որ ուսումնասիրված
տեսակների շուրջ 44%-ը ոչնչացել է դիտարկվող
տարածքներից գոնե մեկում. պատճառը ջերմաստիճանի աճն է՝ ավելի քան 0.5°C-ով: Ըստ գիտնականների, եթե ջերմաստիճանը բարձրանա
2.9°C-ով և ավելի, դա
կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանում տեսակների մինչև 95%-ի ոչնչացմանը:

Բույսերի և կենդանիների ոչնչացման արագությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան արագ է տաքանում մթնոլորտը: Ըստ մասնագետների, առավել խոցելի են այն կենդանիներն ու բույսերը, որոնք գտնվում են արևադարձային տարածքներում:
Նախորդ ուսումնասիրությունը, որն անրադառնում էր կենդանիների արտագաղթին՝ որպես կլիմայի տաքացումից խուսափելու ընդհանուր միջոց, ցույց է տվել, որ դա ևս, մեծ հաշվով, չի կարող փրկել նրանց ոչնչացումից, որովհետև շատ տեսակներ ի վիճակի չեն արագ տեղաշարժվել:
Փորձագետները
հիշեցնում են, որ այս տարվա հունվարին գրանցված ջերմաստիճանը եղել է ամենաբարձրը՝
141 տարվա դիտարկումներ մեջ, իսկ վերջին տասնամյակը՝ բոլոր ժամանակների: Ընդ որում,
ջերմաստիճանի շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով:
Արիզոնայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Ջոն Վինսը, հղում անելով կլիմայի փոփոխության
զսպմանն ուղղված Փարիզի համաձայնագրին, նշել է, որ եթե համաձայնագիրն ստորագրած պետությունները
չհետևեն ընդունված նորմերին և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի նման աննախադեպ
տեմպերով, հետևանքները կարող են անդառնալի լինել:

Փարիզի համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի դեկտեմբերի 12-ին՝ «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովից հետո: Հիմնական նպատակը միջազգային իրավական ուժ ունեցող համաձայնագրի միջոցով կլիմայի փոփոխության կանխումն է՝ գիտականորեն հիմնավորված սահմաններում թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի 2°C -ը՝ համեմատած նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի հետ (այժմ այդ ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով):

Հայաստանը նույնպես ստորագրել է այս համաձայնագիրը և հանդիսանում է այն 150 պետություններից մեկը, ով պարտավորվել է սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները: Մնում է հուսալ, որ այս միջազգային համաձայնագիրը կարող է որոշակիորեն կանխել կլիմայի գլոբալ փոփոխությունն ու փրկել էկոհամակարգի ամբողջականությունը:
