ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի հետևանքով CO2-ի արտանետումները նվազել են մեկ քառորդով

Չինաստանը շուրջ մեկ քառորդով նվազեցրել է ածխածնի երկօքսիդի (ածխաթթու գազ) արտանետումները, քանի դեռ պայքարում է կորոնավիրուսի դեմ: Ըստ գիտնականների, պատճառը արդյունաբերական արտադրության դանդաղեցումն է և էներգիայի սպառման անկումը:

Կորոնավիրուսի համաճարակը, որը տարեսկզբից դարձել է համաշխարհային գլխավոր իրադարձությունը, հանգեցրել է ավելի քան երկու հազար մարդու մահվան և պատճառել է հսկայական տնտեսական վնասներ։ Այնուամենայնիվ, համաճարակի բռնկումը, էկոլոգիական տեսանկյունից, մոլորակի համար անսպասելի և զարմանալիորեն դրական հետևանքներ ունեցավ:

Պարզվել է, որ Չինաստանում էլեկտրաէներգիայի սպառման նվազումը և արդյունաբերական արտադրանքի անկումը հանգեցրել են ածխաջրածինային վառելիքների այրման նվազմանը, և արդյունքում` դեպի մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատմանը․ այսպիսի եզրահանգման են եկել «Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի» մասնագետները (Centre for Research on Energy and Clean Air, ֆիննական անկախ կազմակերպություն է, որը զբաղվում է մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրներով)։ Նրանք այս եզրահանգման են եկել տևական ժամանակ հետազոտություններից ստացված արդյունքների հիման վրա։

Հետազոտողները վերլուծել են Չինաստանի մի քանի տնտեսական ցուցանիշ՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Այսպիսով, պարզվել է, որ երկրի էլեկտրակայաններում ածխի այրումը վերջին չորս տարվա կտրվածքով ամենացածր մակարդակի վրա է, իսկ Շանդուն նահանգի գործարաններում նավթի վերամշակման ծավալները  2015թ․-ից ի վեր չեն եղել այսքան քիչ: Պողպատի մշակումը ևս զգալիորեն կրճատվել է, իսկ ածխաթթու գազի արտանետումները 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 36% -ով:
Միևնույն ժամանակ, ներքին ավիափոխադրումների ծավալը նվազել է 70% -ով:

Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքների դեմ պայքարին ուղղված միջոցառումները հանգեցրել են չինական արդյունաբերության հիմնական ոլորտների 15-40% անկմանը, իսկ սրա հետևանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում ածխաթթու գազի արտանետւմները նվազել են մեկ քառորդով։ Սա մի ժամանակահատված է, երբ չինական արդյունաբերությունը Ամանորի ավանդական անկումից հետո սովորաբար վերականգնվում էր։

«2019 թվականի նույն ժամանակահատվածում Չինաստանը արտանետել է 400 միլիոն տոննա ածխաթթու գազ, ինչը նշանակում է, որ համաճարակը արտանետումները նվազեցրել է 100 միլիոն տոննայով », – ասվում է զեկույցում:

Չինական վեց խոշոր ձեռնարկությունների կողմից ածուխի այրման ծավալները

Գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես են Չինաստանում ամանորյա տոների ժամանակ ածուխի այրման ծավալները միջին հաշվով նվազում 50%-ով, այնուհետև՝ աստիճանաբար վերականգնվում: Այս տարի վերականգնումը ժամանակավորապես դանդաղել է․ «Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ամենամյա արձակուրդները երկարացվել են՝ համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, և էներգիայի սպառումը մնացել է անկման վիճակում, չնայած այն բանին, որ աշխատանքը պաշտոնապես վերսկսվել է փետրվարի 10-ին», – ասվում է զեկույցում:
Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներից, և համաճարակը կասեցնելուց հետո տնտեսությունն արագ կսկսի վերականգնվել։ Այդ դեպքում տարեկան տնտեսական վնասը և արտանետումների նվազումը այդքան էլ նկատելի չեն լինի։

Leave a Reply

Your email address will not be published.