ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք ամերիկացի հեղինակը կանխագուշակել էր կորոնավիրուսի տարածումը

Փաստ թե՞ ֆեյք նյուզ

Կորոնավիրուսի տարածման ֆոնին միջազգային մամուլում ու համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել այն թեզը, թե ամերիկացի ֆանտաստ հեղինակ Դին Կունցը դեռևս 40 տարի առաջ կանխագուշակել է  չինական կորոնավիրուսի բռնկումը․ խոսքը «Խավարի աչքերը»  (The Eyes of Darkness) վեպի մասին է, որում Կունցը, ի թիվս սյուժետային այլ գծերի,  մանրամասնորեն նկարագրում է «Ուհան-400» (Wuhan-400) անվամբ վտանգավոր վիրուսն ու դրա տարածումը։

Ինչի՞ մասին է խոսքը

Դին Կունցը (այժմ ՝ 74 տարեկան) համարվում է դեդեկտիվ, սասպենս և սարսափ ժանրերի վարպետ: Նրա գրքերից շատերը երկար ժամանակ ընդգրկված են եղել The New York Times-ի բեսթսելերների ցանկում (Watchers-1990թ, Intensity-1997թ, Phantoms-1998թ․ և այլն): 1981-ին լույս է տեսած «Խավարի աչքերը» վեպը ևս հրատարակման պահին գլխավորել է ամենաշատ վաճառված գրքերի ցանկը:

Վեպի գլխավոր հերոսուհին փորձում է պարզել որդու մահվան հանգամանքները։ Նախկին հատուկ գործակալի հետ միասին նա իրականացնում է սեփական հետաքննությունը։ Որոնումները կնոջը հասցնում են Չինաստանի Ուհան քաղաք՝ ռազմական գործարան, որի գերգաղտնի լաբարատորիայում էլ մշակվում էր կենսաբանական զենքը՝ վիրուսի տեսքով։

Կունցն իր հորինած վիրուսը նկարագրվում է հետևյալ կերպ. «Ուհան-400»-ն իդեալական զենք է։ Այն ներգործում է միայն մարդկանց վրա։ Ոչ մի այլ կենդանի արարած չի կարող լինել դրա կրողը։ Ինչպես և Սիֆիլիսը, Ուհան-400-ը մարդու օրգանիզմից դուրս չի կարող ապրես մեկ րոպեից ավելի, ինչը նշանակում է, որ այն չի կարող մշտապես վարակել օբյեկտներ կամ ամբողջական տարածքներ, ինչպես սիբիրախտը և այլ վտանգավոր հիվանդություններ։ Ուհան-400-ը մահանում է վարակակրի մահից մի փոքր ավելի ուշ, երբ մահացածի ջերմաստիճանը նվազում է Ֆարենհայտի սանդղակով 86 աստիճանից (30C)» ։

Այժմ այս գիրքն սկսել է ակտիվորեն շրջանառվել, որովհետև ինչպես նոր կորոնավիրուսը, այնպես էլ վեպում նկարագրված վիրուսը բռնկվել են Ուհանում։

Ինչո՞ւ է Կունցի՝  կանխատեսման վարկածը առասպել

«Խավարի աչքերը» վեպի առաջին՝ 1981 թվականի հրատարակաության մեջ, որը Կունցը լույս է ընծայել Լեյ Նիքոլս կեղծանվամբ, Ուհան քաղաքի մասին ոչ մի հիշատակություն չկա, և ռազմական գործարանն ու գաղտնի լաբարատորիան գտնվում են ոչ թե Չինաստանում, այլ՝ Ռուսաստանում, մասնավորապես՝ Գորկի քաղաքում։ Իսկ մահացու վիրուսը կոչվում է ոչ թե «Վուհան-400», այլ՝ «Գորկի-400»։  «Գորկի»-ին «Ուհան» է դարձել վեպի 1989թ.-ի հրատարակության մեջ, երբ Կունցն այն վերահրատարակում է իր անվամբ ։

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ի սկզբանե ընտրված տեղանունն ու հետագայում դրա փոփոխությունը․ ԽՍՀՄ-ի երկաթե վարագույրը՝ տեղեկատվական, քաղաքական ու սահմանային արգելքը, նպաստեց նրան, որ ամերիկյան հասարակության մեջ Խորհրդային հսկայի մասին սկսեցին հյուսվել լեգենդներ (հիմնականում դեռահասների շրջանում)։ ԽՍՀՄ-ն այստեղ և՛ որպես թշնամի էր, և՛ որպես խորհրդավոր մի երկիր՝ գաղտնիքներով լի, և տեղեկատվական այն չնչին հոսքը, որը գալիս էր Խորհրդային երկրներից, վերափոխվում էր, հաճախ ուռճացվում և տարածվում հասարակության մեջ։ Հենց այս շրջանում էլ (Սառը պատերազմի ժամանակ) ամերիկյան հեղինակները սկսում են հաճախ անդրադառնալ Խորհրդային միությանը, որովհետև մի դեպքում՝ խորհրդավորության շղարշով պատված երկրի մասին կարելի էր հորինել անվերջ, երկրորդ՝ պահանջարկը մեծ էր։ Որպես հաջողված օրինակ կարելի է ներկայացնել Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջ» հանրահայտ վեպը։ Եվ ահա, Դին Կունցը ևս անրադառնում է սրան․ ուրիշ որտե՞ղ կարող էր լինել գերգաղտնի լաբարարորիան, եթե ոչ «առեղծվածային» ԽՍՀՄ-ում։

Երբ 1989 թվականին Սառը պատերազմն արդեն ավարտվել էր, իսկ ԽՍՀՄ-ը գրեթե փլուզված էր, ամերիկյան քաղաքական շրջանակներում միտում կար Ռուսաստանին պատմական հակառակորդի կերպարից դարձնելու բարեկամ պետություն։ Իսկ հասարակության համար, երկաթե վարագույրի խորտակումից հետո, ԽՍՀՄ-ն այլևս առաջվա հետաքրքրությունը չէր ներկայացնում։ Եվ ահա, վեպի գործողությունների համար պետք էր ընտրել այլ երկիր, և դա դարձավ Չինաստանը՝ թեև այդ ժամանակ Ուհանում դեռ կենսաբանական լաբարատորիա չկար (այն բացվել է 2014-ին):

Ինչ վերաբերում է գրքում նկարագրված վիրուսի և այժմ տարածվող կորոնավիրուսի նմանություններին՝ դժվար է գտնել համեմատության եզրեր․ Կունցի վեպում «Ուհան-400» վիրուսը մարդու կողմից ստեղծված կենսաբանական զենք է, մինչդեռ COVID-19-ը կորոնավիրուսների ընտանիքին պատկանող վիրուս է, որը բնական ծագում ունի և չի ստեղծվել մարդու կողմից: Գրքում «Ուհան-400» վիրուսը ունի 100% մահացության մակարդակ, իսկ նոր կորոնավիրուսի մահացության մակարդակը միջին հաշվով կազմում է մոտ 2% (փետրվարի տվյալներով): «Ուհան-400»-ի գաղտնի ժամանակահատվածը չորս ժամ է, իսկ նոր կորոնավիրուսինը՝ առնվազն 14 օր։

Որպես արժանահավատ փաստ, որն ուժեղացնում է «կանխագուշակման» էֆեկտը՝ շրջանառվում է ևս մեկ տեքստ, որտեղ, որպես հիվանդության տարածման թվական, նշվում է 2020-ը (նկարը՝ ներքևում), սակայն այս տեքստ կապ չունի «Խավարի աչքերը» վեպի հետ։ Դրա հեղինակը  ամերիկացի հոգեբան Սիլվիա Բրաունն է, իսկ հատվածը 1992թ․-ին հրատարակված «Օրերի վերջը» գրքից է։

Իսկ սա թերևս ուրիշ պատմություն է։