ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռեյմոնդ Դամադյան. «մարդ, որ հայտնագործեց ՄՌՇ-ն» (Magnetic resonance imaging-MRI)

-Նրանք ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ

20-րդ դարի կեսերից սկսած առողջապահության ոլորտի մի շարք գիտնականներ խնդիր էին դրել գտնելու մարդու օրգանիզմի հետազոտման մի այնպիսի մեթոդ, որը հնարավորություն կտար ներթափանցելու և ուսումնասիրելու մարմինը ներսից՝ առանց կտրելու կամ վնասելու այն:
Բժշկության մեջ հեղափոխական նշանակություն ունեցող այդ մեթոդի հեղինակը դարձավ հայազգի գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ով հայտնագործեց մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը (Magnetic resonance imaging-MRI, Մագնիսառեզոնանսային շերտագրություն-ՄՌՇ), որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Այսօր, շնորհիվ ՄՌՇ֊ի՝ հնարավոր է փրկել միլիոնավոր մարդկանց, և առանց դրա անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում:

Դամադյանը ծնվել է 1936 թվականին՝ Մելվիլ գյուղաքաղաքում (Նյու Յորք, ԱՄՆ)՝ 1915թ.-ի Եղեռնից փրկված գաղթական Վահան Դամադյանի և Օդեթ Յազըճյանի ընտանիքում:

Մանուկ հասակում Ռեյմոնդը երազում էր ջութակահար դառնալ. 8 տարի նա սովորել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցում (այստեղ են սովորել նաև AVO ֆիրմային սիգարների հիմնադիր, ջազ դաշնակահար Ավո Ուվեզյանը, ով նաև Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night լեգենդար երգի հեղինակն է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և այլք): Սակայն պատանի Ռեյմոնդին այլ ճակատագիր էր վիճակված. երկարատև ու ծանր հիվանդությունից մահանում է նրա տատը, և նա որոշում է նվիրվել բժշկությանը, մասնավորապես՝ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին։

Սովորել է Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) և ստացել մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան, ապա՝ Ա. Էնշտեյնի անվան բժշկական քոլեջում (A. Einstein College of Medicine)՝ ստանալով դոկտորի գիտական աստիճան: Ուսումնառության ընթացքում Դամադյանը աշխատում է որպես թենիսի մարզիչ, որի ժամանակ էլ ծանոթանում է ապագա կնոջ՝ Դոնա Թերիի հետ:
1971թ.-ի մարտին «Science» ամսագրում SUNY Downstate բժշկական կենտրոնի պրոֆեսոր Դամադյանը հրապարակում է մի հոդված, որում ներկայացնում է, որ Միջուկային մագնիսական ռեզոնանսով (ՄՄՌ) հնարավոր է կենդանի օրգանիզմում ուռուցքային և նորմալ հյուսվածքները միմյանցից տարբերակել և, այդպիսով՝ ախտորոշել ուռուցքները: Այս եզրահանգումը հիմնված էր առնետների վրա երկարատև հետազոտության արդյունքների վրա: Դամադյանը համոզված էր, որ եթե այս մեթոդը հնարավորություն է տվել առնետի մոտ հայտնաբերելու քաղցքեղ, ապա այն կարող էր աշխատել նաև մարդու պարագայում՝ քաղցկեղի վաղ շրջանի ախտորոշման համար:
1972թ.-ին Դամադյանն առաջարկում է սկանավորել մարդու մարմինը և արտոնագրման հայտ է ներկայացնում, որն ստանում է 1974թ.-ին: Առաջին փորձը Դամադյանը կատարում է ինքն իր վրա, սակայն, մարմնի քաշով պայմանավորված, փորձը ձախողվում է:

Մի քանի տարի անց մեթոդը կրկին փորձարկվում է, այս անգամ նրա օգնականի վրա, և վերջապես գիտականորեն ապացուցվում է Դամադյանի պնդումը։

Dr. Raymond Damadian performed the first human MRI scan in 1977 on this early prototype, now on dis- play in the Hall of Medical Scienc- es at the Smithsonian Institution.


1978 թ.-ին Դամադյանը ստեղծում է իր սեփական ընկերությունը՝ Fonar-ը՝ ՄՌՇ սկաներների արտադրության համար: Երկու տարի անց արտադրվում է վաճառքի ենթակա առաջին սկաները՝ «Անսանձելի» (Indomitable) անվամբ: Սակայն սարքը չի վաճառվում, որովհետև պարզվում է, որ Դամադյանի ընտրած սկանավորման տեխնիկան, ավելի թույլ է, քան նրա գործընկերների՝ Պիտեր Մենսֆիլդի ու Պոլ Լոտերբուրի ընտրած տեխնիկան: Fonar-ը ստիպված է լինում հրաժարվել Դամադյանի մեթոդից՝ հօգուտ Մենսֆիլդի ու Լոտերբուրի: Այժմ Դամադյանի ստեղծած առաջին ՄՌՇ սկաները ցուցադրվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում:
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ռեյմոդն Դամադյանը իր կատարած հեղափոխական գյուտի համար այդպես էլ չարժանացավ Նոբելյան մրցանակի, թեև այն վաղուց հաստատված էր 1983թ. թիվ 4.411.270 արտոնագրով: Փոխարենը 2003թ.-ին ՄՌՇ-ի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց Դամադյանի գործընկերներին՝ Մենսֆիլդին ու Լոտերբուրին՝ կատարված գյուտը մշակելու ու խորացնելու համար: Թեպետ արգելված չէ նույն անվանակարգում հաղթող ճանաչել 3 և ավելի մարդկանց, բայց Դամադյանի դեպքում նման որոշում չի կայացվել։ Իսկ գիտական շրջանակների բարձրացրած աղմուկը այդպես էլ չազդեց Նոբելյան կոմիտեի որոշման փոփոխության վրա:
2019 թվականին 83-ամյա Դամադյանը կարճատև այցով Հայաստանում էր: