Uncategorized

«Դժոխք տիեզերքում». հայտնաբերվել է մոլորակ, որի վրա երկաթե անձրև է տեղում


Երկիր մոլորակից 640 լուսային տարի հեռավորության վրա՝ Ձկների համաստեղության մեջ է գտնվում իսկական «դժոխային» մոլորակը՝ WASP-76b-ն։

Այս գազային հսկան իր աստղի շուրջը մեկ ամբողջ պտույտ կատարում է 1.8 երկրային օրվա ընթացքում։ Այստեղ ջերմաստիճանը հասնում է 2400 C-ի, և դա բավական է, որպեսզի մոլորակի երկաթը սկսի գոլորշիանալ: Բայց, զարմանալիորեն, շոգ օրվան հաջորդում է համեմատաբար ցուրտ գիշերը, և երկաթի գոլորշին, կրկին կոնդենսացվելով, անձրևի տեսքով թափվում է երկնքից։
WASP-76b էկզոմոլորակը հայտնաբերվել է դեռևս 2016 թ.-ին և դասվում է «տաք Յուպիտեր» մոլորակների շարքին։ Այս մոլորակները հեշտ է հայտնաբերել, քանի որ դրանք սովորաբար տեղակայված են աստղերին մոտ և ունեն ոչ մեծ ուղեծրային ժամանակաշրջաններ: Դրանք, ըստ զանգվածի, ավելի փոքր են, քան իրական Յուպիտերը, սակայն ծավալով գերազանցում են վերջինիս գրեթե 2 անգամ- իրական հսկաներ են՝ փոշուց և գազից։
Էկզոմոլորակը իր աստղից գտնվում է ընդամենը 5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, իսկ աստղն իր զանգվածով մեկուկես անգամ գերազանցում է Արեգակին և շատ ավելի տաք է։
Գազային հսկայի մի կողմում հավերժական ցերեկ է և «դժոխային տաք», իսկ մյուս կողմում՝ համեմատաբար «ցուրտ գիշեր»: Գիշերային կողմում ջերմաստիճանը 1500 աստիճան է:
Մթնոլորտային ճնշման շնորհիվ երկաթի գոլորշու մի մասը մոլորակի ցերեկային կողմից տեղափոխվում է գիշերային կողմ, որտեղ էլ կոնդեսացվում է: Այս շրջանառության հետևանքով էլ «դժոխային» մոլորակի վրա մետաղական անձրև է տեղում։
Աստղագետները հույս ունեն, որ մոտ ապագայում կկարողանան խորությամբ ուսումնասիրել հեռավոր աշխարհների մթնոլորտը՝ օգտագործելով «Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը (անգլ.՝ James Webb Space Telescope, JWST), որի գործարկումը նախատեսվում է 2021թ.-ի մարտին – ով գիտի, թե ինչ զարմանալի աշխարհներ է իր մեջ թաքցնում տիեզերքը։