ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

50 տարվա ընթացքում Ամազոնյան անտառները կարող են վերածվել անապատի


Մարդկությունը անողոք կերպով աղտոտում է օդն ու հատում հազարավոր ծառեր: Ի վերջո, դա հանգեցնում է նրան, որ մեր մոլորակն աստիճանաբար մահանում է: Դրանում համոզվելու համար պարզապես պետք է կարդալ գիտնականների վերջին զեկույցները շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ:
2019թ․-ին Լոնդոնի Քյուի թագավորական բուսաբանական այգիների (անգլ.՝ Royal Botanic Gardens, Kew) հետազոտական կենտրոնի աշխատակիցները հայտարարեցին, որ ավելի քան 500 բուսատեսակներ արդեն վերացել են Երկրի երեսից, և այդ թիվը գնալով ավելանում է: Այժմ գիտնականների նոր հետազոտությունները պարզել են, որ 50 տարի հետո Ամազոնի խոնավ արևադարձային անտառները կարող են անհետանալ մեր մոլորակից՝ իրենց հետ ոչնչացնելով հարյուրավոր կենդանատեսակների ու բուսատեսակների և թողնելով մեզ չորացած անապատ։
Այս վախեցնող կանխատեսումը հրապարակվել է «Nature Communications» գիտական ամսագրում (https://www.nature.com/articles/s41467-020-15029-x): Ըստ գիտնականների, Ամազոնի անտառների անհետացման պատճառ կլինեն գլոբալ տաքացումն ու շրջակա միջավայրին մարդու հասցրած վնասը: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների համաձայն ՝ արդյունաբերության զարգացումից ու մեքենայական աշխատուժի ձևավորումից ի վեր օդի ջերմաստիճանը բարձրացել է 1․5 աստիճանով։ Եվ քանի դեռ շարունակվում են մեծ քանակությամբ ջերմոցային գազեր արտանետվել մթնոլորտ, կլիման շարունակում է տաքանալ՝ իր հետ բերելով անդառնալին։
Ինչպե՞ս են ոչնչացվում անտառները
Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է՝ հենց Ամազոն գետի ավազանում (համեմատության համար՝ Ուկրաինայի տարածքից կրկնակի մեծ է)։ Ըստ որոշ հաշվարկների, անտառը զբաղեցնում է շուրջ 6 միլիոն կմ2 տարածք և ընդգրկում է տարածքներ ինը երկրից (Բրազիլիա, Պերու, Բոլիվիա, Էկվադոր, Կոլումբիա, Վենեսուելա, Գայանա, Սուրինամ և Ֆրանսիական Գվիանա)։ Երբեմնի ծաղկող անտառը, որը լի էր տարատեսակ բույսերով և կենդանիներով, սկսեց անխնա հատվել 1970-ական թվականներից: Հենց այդ տարիներին էլ հատվել է հսկա անտառի մոտ 20% -ը: Իսկ խնդիրն այն է, որ մարդիկ ծառերը հատում էին փայտանյութի, արմավենու յուղի, վայրի կենդանիների որսի համար և այլն:
Արևադարձային հսկա անտառները կարող են տպավորություն թողնել, որ այնտեղ ցանկացած բան կարող է աճել: Բայց հենց որ ծառերն անհետանան, անսահմանափակ պտղաբերության պատրանքն արագորեն կվերանա: Մենք հազվադեպ ենք այրում որևէ արժեքավոր բան։ Եվ այս անտառների ողբերգությունն այն է, որ դրանք ոչնչացվում են, նախքան մենք կարողանանք գիտակցել դրանց արժեքը։


Առնոլդ Նյումանը «Արևադարձային անձրևոտ անտառ գրքում » (Arnold Newman, Tropical rainforest) Ամազոնի անտառներին տալիս է նման բնորոշում՝ «ծառեր՝ անապատի վրա» (Trees in the desert): Ըստ նրա, Ամազոնի ավազանի որոշ շրջաններում «ինչքան էլ տարօրինակ է, հսկայական անտառները նույնիսկ աճում են, հիմնականում մաքուր սպիտակ ավազի վրա»: Արևադարձային խոնավ անտառների մեծ մասը գուցե ավազի մեջ չի աճում, բայց գրեթե բոլորը տեղակայված են աղքատ հողի շատ բարակ շերտի վրա։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, բարեխառն գոտում գտնվող անտառների հողային ծածկույթը առնվազն երկու մետր է, իսկ խոնավ արևադարձային անտառում այդ շերտի հաստությունը հազվադեպ է գերազանցում 5 սանտիմետրը։
Ինչպե՞ս կարող են նման «թշվառ» պայմաններում տեղակայված լինել երկրագնդի առավել փարթամ բուսականություն ունեցող խիտ անտառային տարածքները: Առաջին անգամ այս մասին գիտական հիմնավորումներով հրապարակումներ են եղել 1960-70-ական թվականներին: Բանն այն է, որ բույսերի համար անհրաժեշտ սննդանյութերի մեծ մասը ձևավորվում է ընկած տերևներից և ճյուղերից, որոնք մշտական ​​ջերմության և խոնավության պայմաններում արագորեն քայքայվում են միջատների, սնկերի և այլ օրգանիզմների կողմից: Խոնավ արևադարձային անտառի ծառերի պսակները գոլորշիացնում և մթնոլորտ են վերադարձնում իրենց վրա ընկած անձրևի գրեթե 75 տոկոսը: Արդյունքում ձևավորվում են ամպեր, որոնք հետագայում կրկին ջուր են տալիս անտառին: Բայց այս զարմանալի համակարգն ունի իր Աքիլլեսյան գարշապարը: Այն չի կարող վերականգնվել, եթե մեծ վնաս է ստացել: Եթե, օրինակ, հատեք անտառի մի փոքր հատվածը, ապա մի քանի տարվա ընթացքում այն կվերականգնվի, սակայն անտառի մեծ տարածքների ոչնչացումը բերում է անդառնալի հետևանքների, քանի որ բաց մակերևույթից առատ անձրևները լվանում, տանում են սննդարար նյութերը, իսկ այրող արևն էլ իր հերթին չորացնում է հողի վերին բարակ շերտը, արդյունքում, այդտեղ կարողանում է աճել միայն խոտ։
Ավարտենք սենեգալցի բնագետ Բաբա Դիումի՝ 1968թ․-ին Նյու Դելիում արտասանած հայտնի խոսքերով․ «Ի վերջո մենք կպահպանենք միայն այն, ինչ սիրում ենք, մենք կսիրենք միայն այն, ինչ հասկանում ենք, և կհասկանանք միայն այն, ինչ մեզ սովորեցրել են»․ ուրեմն՝ սովորենք և սովորեցնենք սիրել բնությունը։