Uncategorized ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Toyota-ն կկառուցի ֆուտուրիստական քաղաք

Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման ժամանակ Toyota Motor Corporation-ի նախագահ Աքիո Տոյոդան հայտարարեց ֆուտուրիստական նախատիպային քաղաք կառուցելու պլանների մասին: Այս քաղաքը, որն արդեն հայտնի է որպես Woven City, կկառուցվի Ֆուձիյամա լեռան մոտակայքում՝ Տոկիոյից 90 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքն զբաղեցնելու է մոտ 71 հեկտար տարածք՝ ամբողջությամբ ֆուտուրիստական շենքերով և ենթակառուցվածքային տարրերով. նպատակը մարդկանց և ռոբոտների համատեղ գոյակցության հարցի ուսումնասիրությունն է և առաջատար տեխնոլոգիաների փորձարկումը:  

Այժմ Woven City նախագիծը դեռ գտնվում է նախնական փուլում, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2021թ.-ին: Շինարարության ավարտից հետո այս վայրը կդառնա լիովին վերահսկվող «մեծ լաբորատորիա», որտեղ մարդիկ ապրելու են, աշխատեն ու հանգստանան: Հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան ազատորեն զարգացնել ու փորձարկել արհեստական բանականության, ռոբոտաշինության հետ կապված վերջին տեխնոլոգիաները և ոչ միայն: Սկզբնական շրջանում նախատեսվում է այստեղ բնակեցնել շուրջ 2000 մարդու:

Ըստ նախագծի, Woven City-ին էկոլոգիական տեսանկյունից պետք է դառնա աշխարհի ամենամաքուր ու կայուն քաղաքը, որը սնուցվելու է ջրածնային էներգետիկ համակարգով:
Woven City նախագիծը մշակում է դանիացի ճարտարապետ Բյարկե Ինջելսը, ում հայտնի նախագծերից են Google-ի և Lego-ի գլխավոր գրասենյակները: Woven City-ի յուրաքանչյուր փողոց բաժանվելու է երեք մասի՝ առաջինը ավտոմատ տրանսպորտային միջոցների (e-palette), երկրորդը՝ անձնական տրանսպորտային համակարգերի (հեծանիվներ, էլեկտրական սկուտերներ և այլն), իսկ երրորդը` հետիոտնի համար: Նման փողոցները ձևավորելու են ցանց՝ քաղաքը մասերի բաժանելով, որոնցից յուրաքանչյուրը լինելու է կամ այգի, կամ բնակելի հատվածի բակ:

Woven City-ի բոլոր շենքերը կկառուցվեն փայտից, իսկ դրանց ճարտարապետության մեջ կօգտագործվեն ճապոնական ավանդական ատաղձագործության տարրեր՝ նորովի մատուցմամբ: 

Գրեթե ամբողջ արդյունաբերական ենթակառուցվածքը՝ ներառյալ ապրանքների առաքման ավտոմատացված գծերը, լինելու են ստորգետնյա: Քաղաքի առօրյա գործերը կատարելու են ռոբոտները:

Արդեն հայտնի է, որ Woven City-ի շինարարությունը կիրականացվի մի քանի փուլով, սակայն վերջնաժամկետի մասին դեռևս տեղեկատվություն չի հրապարակվել: