ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորշ ջրիմուռների ստորջրյա անտառ՝ անխաթար վիճակում

Կարդալով վերջին նորություններն այն մասին, թե ինչպես են օվկիանոսները վերածվել պլաստիկի «աղբանոցի», կարելի է կարծել, որ մարդկությունը հասցրել է վնասել է Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյուն: Սակայն վերջերս National Geographic ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մի վայր, որին դեռևս մարդու ձեռքերը չեն հասել: Խոսքը գորշ ջրիմուռների ստորջրյա անտառի մասին է, որը գտնվում է Հարավային Ամերիկայի ծայրամասում՝ Տիերա դել Ֆուեգո (Tierra del Fuego) արշիպելագի մերձակայքում։

Գիտնականներն այս վայրն ուսումնասիրել էին դեռևս 1973 թ.-ին․ստորջրյա անտառն այդ ժամանակ ուներ կենդանական ու բուսական հարուստ աշխարհ՝ ծովոզնիներ, ծովային աստղեր և այլն: Գրեթե 50 տարի անց, ուսումնասիրելով ստորջրյա անտառը, ջրասուզակները պարզել են, որ կենսաբազմազանությունն այստեղ ճիշտ այնպիսին է, ինչ տասնամյակներ առաջ։ Իսկ ինչպե՞ս է սա հնարավոր, եթե միևնույն ժամանակ համաշխարհային օվկիանոսը բառացիորեն թաղվում է պլաստիկի աղբակույտերի մեջ։

Գորշ ջրիմուռների հիանալի պահպանված անտառի մասին գրվել է PLOS One գիտական ​​ամսագրում (https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0229259): Գլոբալ տաքացման հետևանքները  հանգեցրել են նրան, որ ջրիմուռների նման կուտակումները ներկայումս գտնվում են ոչնչացման եզրին, ուստի գերազանց վիճակում պահպանված անտառը կարելի է համարել իսկական հրաշք: Ջրիմուռների անտառները սովորաբար գտնվում են ծովափին մոտ՝ 10-25 մետր խորության վրա: Այս անտառներում առավել հաճախակի հանդիպում են Laminariales, Macrocystis և Nereocystis դասի ջրիմուռներ, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 60 մետրի՝ 150 կիլոգրամ քաշով: Այս բուսականությունը գրավում է բազմաթիվ ծովային կենդանիների, և պայմանավորում տարածքի կենսաբազմազանությունը։

Ըստ գիտնականների, ստորջրյա անտառը ամբողջապես պահպանվել է նույնիսկ կես դար անց, որովհետև համեմատաբար հեռու է մարդկանցից: Բացի այդ, այն շրջապատված է ալեկոծ ծովով, որը տեսականորեն կարող է պաշտպանել տարածքը պլաստիկ աղբից: Այս գործոնների շնորհիվ է, որ ոչ միայն ջրիմուռներն են մնացել անձեռնմխելի և անվնաս, այլև՝ տեղի կենդանատեսակների:

Այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե ինչ այլ գործոններ են օգնել ջրիմուռներին և կենդանիներին գոյատևել այդպիսի դժվարին ժամանակահատվածում: Վերջիններս հույս ունեն, որ նոր հետազոտությունները կօգնեն իրենց խորությամբ հասկանալու և պաշտպանելու մեր մոլորակի այն տարածքները, որոնք առանձնապես տուժում են մարդու ազդեցությունից: