Աղտոտված օդը էապես ազդում է հանրային առողջության վրա, և պատճառ դառնում ամենատարբեր հիվանդությունների հարուցմանը։ Ամեն անգամ, փողոցներով քայլելիս, մենք շնչում ենք այնպիսի վտանգավոր քիմիական միացություններ, ինչպիսիք են օզոնը և ազոտի երկօքսիդը: Գաղտնիք չէ, որ դրանք բացասաբար են անդրադառնում մեր թոքերի և նույնիսկ՝ հոգեկան առողջության վրա, բայց վերջերս պարզվեց նաև, որ կեղտոտ օդը կարող է առաջացնել ճարպակալում և նույնիսկ՝ առաջացնել շաքարային դիաբետ: Պատճառն այն է, որ այս քիմիական միացությունները, օդի հետ մտնելով օրգանիզմ, ոչնչացնում են այն մանրէները, որոնք ապրում են մեր ներսում, և որոնք պայմանավորում են մեր օրգանիզմի բնականոն աշխատանքը։ Սա այլևս ենթադրություն չէ, այլ՝ փաստ, որը վերջերս ապացուցվեց ամերիկացի գիտնականների կողմից:

Հետազոտությունը հրապարակվել է Environment International գիտական ամսագրում (https://www.sciencedirect.com/science/article/pii/S0160412019345726): Պարզելու համար, թե ինչպես է կեղտոտ օդը ազդում մարդու մարսողական համակարգի վրա, գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 101 բնակչի աղիքային բակտերիաների բազմազանությունը: Հետազոտողները ուսումնասիրել են նաև օդի աղտոտվածության աստիճանը այն շրջաններում, որտեղ կամավորները բնակվել են: Նրանք բոլորն ապրում էին նահանգի հարավային մասում, որը հայտնի է արևոտ եղանակով և Խաղաղ օվկիանոսի գեղեցիկ տեսարաններով: Չնայած իր ողջ գեղեցկությանը, պարզվեց, որ այս տարածքում օդը լի է օզոնով, որը համարվում է աղիքային մանրէների հիմնական թշնամին:

Համեմատելով կամավորների աղիքային մանրեների վիճակը և օդում օզոնի կոնցենտրացիայի մակարդակը` գիտնականները պարզել են, որ աղտոտված օդը ոչնչացնում է մոտ 128 տեսակ միկրոօրգանիզմների, որոնք անհրաժեշտ են մեր մարմնին: Սրանց մեծ մասը ներգրավված է ինսուլինի արտադրության մեջ, այստեղից էլ` պնդումը, թե աղտոտված օդը նպաստում է շաքարային դիաբետի զարգացմանը։ Եթե մարդը 24 ժամվա ընթացքում մեծ քանակությամբ օզոն է կլանում, նրա աղիքներում սկսում են բազմանալ Bacteroides caecimuris տեսակի մանրէները, որոնք էլ նպաստում են քաշի ավելացմանը։

Ուսումնասիրության արդյունքներն առանձնապես չեն զարմացրել գիտնականներին․ քաղաքային աղտոտված օդի վնասակարությունը հայտնի փաստ է։ Այս պահին հետազոտողները կարող են միայն ուսումնասիրել, թե ինչպես են վնասակար միացությունները ազդում մարդու օրգանիզմի վրա:
Որոշ բժիշկներ նախկինում բարձրաձայնել էին այն մասին, որ մարդիկ դժգոհում են մարսողական խնդիրներից հատկապես այն օրերին, երբ օդի մեջ վնասակար նյութերի կոնցենտրացիան բարձր էր: Հիմա սա ոչ միայն դիտողություն է, այլ՝ գիտականորեն ապացուցված փաստ: