ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

XTU architects-ն առաջարկում է նավթային պլատֆորմները վերածել կանաչ կղզիների՝ ապագայի տներով

XTU architects ընկերության ճարտարագետները (Փարիզում գործող միջազգային ճարտարապետական ընկերություն), ովքեր հայտնի են իրենց անսովոր ձևավորումներով, ներկայացրել են ևս մեկ ֆանտաստիկ հայեցակարգ՝ «x_lands» անվամբ: Սա ապագայի նախագիծ է, որը կարող է գործարկվել այն ժամանակ, երբ նավթի արդյունահանումը կդադարի, և ավելորդ նավթային պլատֆորմները կմնան ծովում: XTU architects-ի ճարտարագետներն առաջարկում են իրենց տեսլականը այս պլատֆորմների հետագա օգտագործման համար` որպես էկոլոգիապես մաքուր բնակելի տարածքներ:

Հանածո վառելիքների մրցավազքը, որը չափազանց թանկ արժեցավ շրջակա միջավայրի վրա՝ իր հասցրած վնասով, կարծես թե, մարում է․ մարդկության քաղաքակրթության պատմության մեջ «նավթի դարաշրջանն» ավարտվում է և շեշտը դրվում է վերականգնվող ու էկոլոգիապես մաքուր էներգիայի և «խելացի» տների վրա։

X_lands նախագծի անվանումը, ըստ էության, «կղզիներ» բառի փոփոխված տարբերակն է, և միևնույն ժամանակ՝ «x-Land», այսինքն՝ «անհայտ հողեր»:

Այս ֆուտուրիստական ծովային բնակավայրերը կկարողանան արտադրել սեփական էլեկտրաէներգիան՝ շնորհիվ արևային և քամու էներգիայի, և այս առումով դրանք կունենան լիարժեք ինքնաբավություն։ Կան նաև լուծումներ, որոնք հնարավորություն կտան բնակիչներին հիմնելու ֆերմերային տնտեսություններ, այդպիսով՝ թույլ տալով նրանց արտադրել սեփական սնունդը։  

Պլատֆորմների վրա գտնվող բնակելի շենքերը ներկայացված են թափանցիկ գնդակների կամ բեռնարկղերի տեսքով, և երկու դեպքում էլ դրանց վրա առկա են առատ կանաչապատումներ:  Ըստ XTU architects-ի, կանաչապատ բնակելի տարածքները մարդկությանն ավելի են մոտեցնում բնությանը և ցուցադրում են «կանաչ ուղի՝ դեպի պայծառ ապագա»: