ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պայթուցիկ ատամների առեղծվածը

Ժամանակակից բժշկությունը զարգացման նման մակարդակին հասնելու համար երկար ճանապարհ է անցել։ Իսկ նախքան այդ, մարդուն բուժելը շատ հաճախ ուղեկցվել է խոշտանգումներով և արդի բժշկության տեսանկյունից՝ անհեթեթ ու զավեշտալի մեթոդներով, որոնք երբեմն հանգեցրել են մահվան։

XIX դարում  ամերիկացի ատամնաբույժ Վիլյամ Հենրի Աթկինսոնը բախվում է ախտանիշների, որոնք, լավագույն դեպքում, կարող են բնորոշվել մեկ բառով՝ մղձավանջ։

1861 թվականի հունվարին «Dental Cosmos» ամսագրում տպագրված հոդվածում Աթկինսոնը փաստաթղթային ապացույցների հիման վրա նկարագրել է «հիվանդության մի տեսակ», որի արդյունքում պայթում են մարդկանց ատամները։ Սա ժամանակին ընկալվեց որպես նոր համաճարակ։ 1800-ականների երկրորդ կեսի բժշկական ամսագրերում կարելի է հանդիպել «ատամների պայթյունի համախտանիշի» բազմաթիվ օրինակների։

Այս հիվանդության առաջին դեպքը գրանցվել է 1817թ.-ին՝ Փենսիլվանիայից մի քահանայի մոտ։ Դեպքից տարիներ անց Աթկինսոնն այսպես է նկարագրում դա․ «Բոլոր ջանքերն ապարդյուն էին: Եվ ահա, հաջորդ օրը, առավոտյան ժամը իննին, երբ նա տենդի մեջ պտտվում էր առաջ և ետ, հանկարծակի բարձր, ատրճանակի կրակոցի պես կտրուկ ձայն լսվեց։ Նրա ատամը պայթել էր՝ կտոր-կտոր ցրվելով, ինչը նրան անմիջապես հանգստություն բերեց: Այդ պահին նա թեքվեց դեպի իր կինն ու ասաց. «Ամբողջ ցավն անցավ »: Նա պառկեց մահճակալի վրա և ամուր քնեց մի ամբողջ օր և հաջորդիվ գիշերվա մեծ մասը: Դրանից հետո նրա վարքը դարձավ բանական»։

Աթկինսոնը միակ ատամնաբույժը չէր, որն իր պրակտիկայում հանդիպել է նման տարօրինակ երևույթի: Նրա գործընկեր Հիբլեր Ֆելփսն իր՝ 1874թ․-ին լույս տեսած «Ատամնաբուժության ախտաբանություն և բուժում» (Pathology and therapeutics of dentistry) գրքում ևս նկարագրում է նմանատիպ մի շարք դեպքեր։ Եվ սրանք բոլորն էլ բնորոշ պատմություններ  են «ատամների պայթյունի համախտանիշի» յուրաքանչյուր դեպքի համար․ հիվանդները նախ տառապում են ատամի անտանելի ցավից, իսկ հետո ատամը պայթում է։ Հաճախ պայթյունները այնքան բարձր են եղել, որ հիվանդները օրերով կորցրել են լսողությունը։

Վերջերս Բրիտանական ատամնաբուժական հանդեսի (British Dental Journal)  խմբագիրներն իրենց արխիվից վերահրապարակել են այդ ախտանիշերով տառապող մարդկանց նամակները, որտեղ մանրամասնորեն նկարագրվում են «պայթուցիկ ատամների» բազմաթիվ դեպքեր (առաջին անգամ այդ նամակները հրատարակվել են 1965թ․-ին)։

Ատամների պայթյունի վերջին դեպքերը արձանագրվել են 1920-ական թվականներին, որից հետո այս տարօրինակ երևույթն ի սպառ անհետացել է, և նույնիսկ՝ մոռացության մատնվել։

Այսպիսով, ի՞նչն է հանգեցրել նման տարօրինակ դեպքերի և ինչո՞վ էր պայմանավորված «ատամների պայթյունի համախտանիշը»։

Աթկինսոնը իր հոդվածում ներկայացնում է երկու հնարավոր բացատրություն, որոնք որոշ ժամանակ անց բացառվում են, որովհետև հիմնված էին գիտական հնացած տեսության վրա։ Ըստ նրա, բացատրություններից մեկն այն էր, որ ատամի մեջ ժամանակի ընթացքում կուտակվում է որոշակի նյութ, որն Աթկինսոնն անվանում էր «անսահմանափակ ջերմաստիճանի նյութ», որի հետևանքով էլ առաջանում էր պայթյունը։ Որոշները, նույնիսկ, չկարողանալով գտնել տրամաբանական բացատրություն, սկսել են երևույթը ներկայացնել որպես առեղծվածային մի բան։

Այնուամենայնիվ, պատասխանը կարելի է գտնել՝ ուշադրություն դարձնելով այն քիմիական նյութերին, որոնք նախկինում օգտագործվում էին ատամնալիցք դնելու համար։

Նախքան ժամանակակից ատամնաբուժական տեխնոլոգիաների և նյութերի ի հայտ գալը, ատամնալիցքի համար օգտագործվում էին տարբեր մետաղներ՝ կապար, անագ, արծաթ և այլն: Շատ հաճախ նույն ատամի լիցքի համար միաժամանակ օգտագործել են տարբեր մետաղներ, որոնք էլ կարող էին առաջացնել քիմիական ռեակցիա: Ատամի խոռոչի թերի լիցքը կարող է հանգեցնել վերջինիս ներսում ջրածնի կուտակմանը, և ճնշման բարձրացման արդյունքում ատամը կարող էր պայթել։ Իհարկե, նկարագրված բոլոր դեպքերն ուսումնասիրվում են ըստ փասթաղթերում առկա տվյալների  և գիտնականները հնարավորություն չունեն ուսումնասիրել պայթուցիկ ատամները, ըստ այդմ բոլոր բացատրությունները վարկածներ են, իսկ վերջինը՝ թերևս ամենաարժանահավատը։

Այնուամենայնիվ եղել են ժամանակներ, երբ մարդկանց մի մասն իր բերանում կրում էր փոքր «Հինդենբուրգ», որը կարող էր պայթել ցանկացած պահի։

Այս և բժշկության պատմության մեջ հանդիպող այլ հետաքրքիր, զավեշտալի ու տարօրինակ  պատմությունների մասին կարող եք կարդալ Թոմաս Մորիսի «Պայթուցիկ ատամների առեղծվածը» գրքում (Thomas Morris, The Mystery of the Exploding Teeth: And Other Curiosities from the History of Medicine):