ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նոր համակարգի միջոցով Apple-ը և Google-ը կկարողանան վերահսկել շուրջ 3 միլիարդ մարդու

Հավերժական մրցակիցներ համարվող Apple-ը և Google-ը համախմբում են իրենց ուժերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ընկերությունները ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ սմարթֆոնների վրա նոր տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ օգտատերերը կտեղեկացվեն՝ արդյո՞ք շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ, թե ոչ։ Տեխնոլոգիան կոչված է կանխարգելելու կորոնավիրուսի տարածումը: «Մենք բոլորս՝ Apple-ում և Google-ում, հավատում ենք, որ երբևէ չի եղել նման կարևոր առիթ, որպեզսի աշխատենք միասին և լուծենք գլոբալ կարևորագույն խնդիր»,-ասված է համատեղ հայտարարության մեջ: Ներդրվող համակարգը հնարավորություն կունենա դիտարկելու աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդին։

iOS և Android օպերացիոն համակարգերի վրա հիմնված տեխնոլոգիայի ստեղծումը կներառի երկու փուլ: Մայիսի կեսերին համակարգը կներդրվի առողջապահական մարմինների կողմից վերահսկվող ծրագրերի հավելվածներում։ Սա նշանակում է, որ եթե օգտատիրոջ COVID-19-ի թեստավորման պատասխանը լինում է դրական, նա տվյալները ավելացնում է այս հավելվածում, և այն օգտատերերը, ովքեր վերջին շրջանում շփում են ունեցել վերջինիս հետ, տեղեկացվում են այդ մասին։ Այդ ժամանակահատվածը կարող է լինել 14 օր, սակայն առողջապահական մարմինները կարող են իրենք սահմանել ժամկետը,- հայտնում է Bloomberg գործակալությունը։

Երկրորդ փուլը ավելի շատ ժամանակ կպահանջի․ առաջիկա ամիսներին այս ծրագիրը կներդրվի Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչի արդյունքում այլևս կարիք չի լինի առանձին հավելվածի ներբեռնման։ Տեխնոլոգիայի կիրառումը կլինի կամավորության սկզբունքով, միաժամանակ, մեծ թվով մարդկանց ընդգրկելու հնարավորությամբ․ Apple-ի iOS-ը և Google-ի Android-ը ընդհանուր առմամբ օգտագործում է մոտ 3 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին:

Համակարգը աշխատելու է Bluetooth-ի միջոցով՝ հետևելով միմյանց մոտ գտնվող սմարթֆոններին։ Այդ տեղեկատվությունը փոխանցվելու է հավելվածին, և երբ անձանցից մեկի մոտ ախտորոշվի վիրուս, համակարգը երկու շաբաթվա կտրվածքով կվերլուծի վարակվածի շփման շրջանակը և հավանական վարակվածներին կտեղեկացի այդ մասին։

Թեև որոշ քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ նախզգուշացնում են, որ պետք է խստորեն հետևել քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությանը, այնուամենայնիվ, ըստ ծրագիրը մշակողների, համակարգը պահպանում է օգտատերերի գաղտնիությունը և գտնվելու վայրի մասին տվյալներ չի հավաքագրում։ Այն տվյալներ չի տրամադրի նաև այն մասին, թե ումից են վարակվել կամ որտեղ է դա տեղի ունեցել։ Ընկերությունները հայտարարել են, որ իրենք մուտք չեն ունենալու տվյալների բազա, և համակարգը ոչնչացվելու է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը վերանա:

Թեև համակարգը կարող է վերահսկել 3 միլիարդ մարդու, այնուամենայնիվ կա հավանականություն, որ ոչ բոլոր վարակակիրներին հնարավոր կլինի տեղորոշել այս ծրագրով․ «Մենք պետք է իրատես լինենք, քանի որ շփման շրջանակը պարզելու այս մեթոդները, ամենայն հավանականությամբ, կբացառեն հասարակության բազմաթիվ խոցելի անդամների ներգրավվածությունը՝ համապատասխան տեխնոլոգիաներին հասանելիություն չունենալու պատճառով։ Չէ որ նրանք ևս կարող են վարակակիր լինել»,-ասել է ACLU-ի վերահսկողության և կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ջենիֆեր Գրանիկը (Jennifer Granick)։

Համավարակի հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 111 հազար մարդ, վարակված է 1,8 միլիոնը: Կառավարությունները միլիոնավոր մարդկանց հրամայել են մնալ տանը, ինչի արդյունքում մեծապես տուժում է համաշխարհային տնտեսությունը։ Արգեափակումները թուլացնելու և բնականոն կյանքին վերադառնալու խնդիրը դարձել է առաջնային և այս առումով, կարևոր նշանակություն ունի բացահայտելու վարակակիր անձանց շփման շրջանակը, և հնարավորինս կանխելու վարակի տարածումը։