ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները ֆիքսել են երբևէ դիտարկված ամենաերկար գիշատիչ օրգանիզմը

Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 70 տոկոսը, և դրանք դեռևս բազմաթիվ առեղծվածներ ունեն: Մենք լուսնի մակերևույթի մասին գիտենք շատ ավելին, քան՝ ստորջրյա կյանքի: Օվկիանոսների խորքային հատվածներում յուրաքանչյուր նոր ուսումնասիրություն բացահայտում է մարդկությանը անհայտ ևս մեկ գաղտնիք։

Շմիդտի օվկիանոսագիտության ինստիտուտի (Schmidt Ocean Institute) գիտնականները, ովքեր, հեռակառավարվող մեքենաների միջոցով  հետազոտություններ են իրականացնում օվկիանոսների խորքային պայմաններում, վերջերս ուսումնասիրել են Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ գտնվող ստորջրյա խորքային տարածքները, որոնք հայտնի են Նինգալուի կիրճեր անվամբ (Ningaloo Canyons): ROV SuBastian կոչվող հեռակառավարվող մեքենան այստեղ արձանագրել է երբևէ դիտարկված ամենաերկար օրգանիզմը՝ ծովային օրգանիզմի մի տեսակ, որը կոչվում է սիֆոնոֆոր (Siphonophore): 

Սիֆոնոֆորները դասվում են նույն տիպին, ինչ որ կորալներն ու մեդուզաները։ Սիֆոնոֆորները կազմված են միանման բջիջներից (zooids): Սրանք առանձին կրկնակներ են, որոնք միանում են միմյանց՝ կազմելով մեծ գաղութ, որը հանդես է գալիս որպես մեկ օրգանիզմ՝ ապահովելով շարժումն ու սնուցումը։ Այս կենդանիները գիշատիչներ են: Գաղութի բջիջներից շատերը կարող են խայթոց առաջացնել:

Հայտնաբերված սիֆոնոֆորի երկարությունը,  ըստ գիտնականների, շուրջ 50 մետր է՝ մոտ 15 մետր արտաքին օղակի տրամագծով։

Սիֆոնոֆորների գաղութը բաց օվկիանոսում ստեղծում է մահացու թիրախների վարագույր, և հենց որ կրկնակներից մեկը բռնում է իր որսին՝ ձուկ կամ խեցգետին, վրա են հասում նաև սիֆոնոֆորի մյուս մասերը։ Շատ կրկնակներ հաճախ միանգամից կուլ են տալիս որսը, որից հետո սննդանյութեր են ուղարկում ամբողջ գաղութով մեկ, որպեսզի յուրաքանչյուր այլ կրկնակ ևս կարողանա օգտագործել այն: