ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խելացի» զուգարանակոնքը կկարողնա ժամանակին ախտորոշել հիվանդությունները

Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) մի խումբ գիտնականներ, երկարատև աշխատանքներից հետո, ներկայացրել են «խելացի» զուգարանակոնք՝ անձին ճանաչելու և մեզի ու արտաթորանքի բաղադրությամբ հիվանդությունները ախտորոշելու գործառույթովմ, որը տպագրվել է nature biomedical engineering հեղինակավոր ամսագրում: Միգուցե, տարօրինակ է հնչում, բայց, փաստորեն, ապագայում այս տեխնոլոգիան կարող է փրկել հազարավոր մարդկանց՝ ժամանակին ախտորոշելով վտանգավոր հիվանդությունների զարգացումը: Այդպիսով, մարդիկ կկարողանան պարբերաբար տեղեկություններ ուղարկել բժիշկներին իրենց առողջական վիճակի մասին։

«Խելացի» զուգարանակոնքը արտաքինից չի տարբերվում սովորականից։ Իրականում դա տարբեր սարքավորումներով համալրված նստատեղ է, որից դուրս եկող լարերը միանում են զուգարանակոնքի այլ մասերին: Մատնահետքը ճանաչող սկաները տեղադրված է ջրի արտահոսքի կոճակի մեջ։ Երբ մարդը մտնում է զուգարան, նա պետք է մատը դնի այդ կոճակի վրա, որպեսզի համակարգը ճանաչի իրեն՝ տվյալները բժշկին փոխանցելու համար։ Եթե հիվանդ է և ի վիճակի չի դիպչել կոճակին, ապա զուգարանակոնքում տեղադրված տեսախցիկը կարող է ճանաչել նրան։

Բացի մարդու նույնականացման համար տեղադրված տեսախցիկներից, լինելու են նաև հոտերի նկատմամբ զգայուն ժապավեններով համալրված տեսախցիկներ, որոնք կարողանալու են մեզի կամ արտաթորանքի միջոցով՝ ֆիզիկական ու քիմիական հատկությունների օգնությամբ, հայտնաբերել հիվանդությունները՝ երիկամային անբավարարության զարգացումը, գրգռված աղու համախտանիշը և նույնիսկ՝ շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Մշակողները կարծում են, որ տեսախցիկը, ամենայն հավանականությամբ, կարիք չի լինելու փոխել, բայց տարբեր նյութերի նկատմամբ զգայուն ժապավենները անհրաժեշտ կլինի պարբերաբար թարմացնել:

Սկզբունքորեն, ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված «խելացի» զուգարանակոնքը բժշկական լաբորատորիա է՝ տան պայմաններում: Հաղորդվում է, որ ստացված տեղեկատվությունը հավաքագրվելու է անանուն և անվտանգ ցանցերի միջոցով փոխանցվելու է բժիշկներին։ Հիվանդներն իրենք դժվար թե կարողանան տեղեկատվություն ստանալ իրենց ախտորոշումների վերաբերյալ, որովհետև կա վտանգ, որ նրանցից շատերը սկսելու են համացանցում որոնել սեփական հիվանդության ախտանիշները, և նույնիսկ՝ գնալ դեռևս չհաստատված հիվանդությունները ինքնուրույն բուժելու ճանապարհով, որը կարող է տխուր հետևանքներ ունենալ։

Ուսումնասիրությունները, ցույց են տվել, որ այժմ բավականին տարածված է, այսպես կոչված, կիբերխոնդրիան, որի հիմքում ընկած է ախտանշանների նկարագրությունը համացանցում փնտրելու միջոցով ախտանման (դիագնոզի) ինքնուրույն որոշումը։

Ամերիկացի գիտնականների այս գյուտը նկարագրվել է  Nature Biomedical Engineering գիտական ամսագրում։