ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հակադարձ էվոլյուցիա». գործընթաց մրջյունների մոտ: Հրապարակվել է նոր ուսումնասիրության արդյունքները

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում, Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները հայտնել են կրիա-մրջյունների կամ ինչպես առավել հայտնի են՝ ցեֆալոտների (Turtle-ant, Cephalotes) ուսումնասիրության արդյունքների մասին։ Նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձրել այն էվոլյուցիոն փոփոխություններին, որոնց ներկայումս ենթարկվում են այս տեսակի մրջյուն-զինվորները:

Էվոլյուցիան միշտ չէ, որ միակողմանիորեն տանում է բարդացման: Ժամանակ առ ժամանակ այն կարող է վերադարձնել տեսակները ավելի ընդհանրական փուլի:

Ինչպես գաղութներով ապրող շատ այլ միջատներ, ցեֆալոտները մասնագիտանում են տարբեր գործառույթների համար՝ հաճախ զարգացնելով իրենց գործին համապատասխան հատկություններ։ Այս դեպքում, մրջյուն-զինվորների համար էվոլյուցիոն գործընթացը հանգեցրել է խոշոր գլուխների զարգացմանը։

Մրջյունների այս տեսակն աչքի է ընկնում գլխի անսովոր կառուցվածքով՝ հաճախ միմյանցից տարբերվող։ Ընդհանուր առմամբ, գիտնականները առանձնացրել են մրջյուն-զինվորների՝ ըստ արտաքին կառուցվածքի, 4 տեսակ։ Շատերի մոտ գլխի կառուցվածքը քառակուսի է։ Այս միջյուն-զինվորների հիմնական խնդիրը վտանգի դեպքում սեփական գլխով գաղութի մուտքը փակելն է։ Չափերով ամենամեծ մրջյուն-զինվորների գլուխը քառակի մեծ է ամենափոքրի գլխից։ Համեմատության համար նշենք, որ ամենափոքր տեսակը կարող է հարմարավետորեն նստել ամենամեծ տեսակի գլխին:

Հարկ է նշել, որ կրիա-մրջյունները չեն կառուցում մրջնաբներ, այլ ապրում են փայտե փչակներում, որոնք առաջանում են երկարաբեղիկների (փայտահատ բզեզներ) կենսագործունեության արդյունքում: Մրջյունների յուրաքանչյուր գաղութի զինվորների գլխի ձևն ու չափը ձևավորվում է՝ իրենց փչակի մուտքի ձևից և չափից կախված: Քանի որ մուտքը կարող է ունենալ բավականին անսովոր կոնֆիգուրացիաներ (չափսեր և եզրեր), այն ծածկելու և գաղութի անվտանգությունն ապահովելու համար պահանջվում են տարբեր կազմաձևերի գլուխներ:

Հետազոտողներն ուսումնասիրել են ցեֆալոտների 89 տեսակ, ներառյալ այն տեսակը, որտեղ ընդհանրապես զինվորներ չկան։ Այնուհետև նրանք ուսումնասիրել են այս խմբերի միջև էվոլյուցիոն կապերը` օգտագործելով տեսակների գենետիկ տվյալների բանկը:

Բնականոն էվոլյուցիոն զարգացման դեպքում, ցեֆալոտների նախնիները, որոնք հայտնվել են 45 միլիոն տարի առաջ, պետք է ընդհանրապես չունենային զինվորներ, և «մասնագիտացումը» պետք է տեղի ունենար աստիճանաբար՝ առավել պարզից դեպի բարդի։

Սակայն հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ էվոլյուցիան չի ընթացել աստիճանական բարդացմանբ․ առաջին ցեֆալոտները, ըստ երևույթին, ունեցել են քառակուսի գլուխ։ Հետագայում այդ նախնիներից ձևավորվել են մի շարք տեսակներ, նաև այնպիսիք, որոնք չեն ունեցել զինվորներ։

«Այս բացահայտումը ցույց է տալիս, թե զարմանալիորեն որքան ճկուն կարող է լինել օրգանիզմը՝ հարմարեցնելով մարմնի ձևը այն միջավայրի պայմաններին, որտեղ նա ապրում է», – ասում է Սքոթ Փաուելը՝ ուսումնասիրության ղեկավարներից մեկը: