ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից ստեղծել սաղմնային ուղեղ

Մենք շատ բան գիտենք մարդու ուղեղի մասին, իսկ թե ինչպես է այն ձևավորվում՝ գիտենք շատ քիչ։ Մասնավորապես, սաղմնային զարգացման երկրորդից յոթերորդ շաբաթվա փուլերը մինչ այժմ հետազոտողների համար գրեթե անհայտ էին: Սաղմնային զարգացման այս ժամանակահատվածի մասին ավելին իմանալու համար Կոպենհագենի համալսարանի նեյրոկենսաբանության ամբիոնի և Novo Nordisk առողջապահական ընկերության մի խումբ գիտնականներ, ովքեր զբաղվում են ցողունային բջիջների հետազոտությամբ մշակել են մարդու վաղ սաղմնային ուղեղի մոդել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագիրում։

Մոդելը ստեղծվել է microfluidic համակարգում աճեցված սաղմնային ցողունային բջիջների հիմքով, որը մշակվել էր Շվեդիայի Լունդի համալսարանի կենսաինժեներների հետ համատեղ։

Հետազոտողները նոր մոդելը կօգտագործեն ուղեղի բջիջների զարգացման քարտեզը կազմելու համար՝ այդպիսով փորձելով հասկանալ, թե ինչպես է ձևավորվում մարդու ուղեղը սաղմնային վաղ փուլերում։

Այս մոդելը ուղեղի հետազոտությամբ զբաղվող գիտնականների համար կարող է դառնալ ուղեցույց՝ ուղեղի բջիջների բուժման նպատակով տարբեր տեսակի նյարդային բջիջներ ստեղծելու համար։ Ուսումնասիրելով նյարդային բջիջների բնական զարգացումը՝ հետազոտողները կկարողանան արագացնել լաբորատորիաներում հատուկ նյարդային բջիջների արտադրության համար դեղատոմսերի ստեղծումը, ինչպես նաև, դրա շնորհիվ, հնարավոր կլինի զարգացնել ցողունային բջիջների թերապիան՝ այդպիսով մեծացնելով բացմաթիվ հիվանդությունների բուժման հնարավորությունը՝ Պարկինսոնի հիվանդություն (Parkinson’s disease), էպիլեպսիա (epilepsy), դեմենցիա (dementia)։

Այս մոդելի շնորհիվ հնարավոր կլինի նաև ուսումնասիրել, թե ինչպես են սաղմի վաղ փուլերում ուղեղի բջիջները արձագանքում որոշակի քիմիական նյութերին, որոնք շրջապատում են մեզ առօրյա կյանքում, այդպիսով՝ օգնելով հղի կանանց սաղմի ճիշտ զարգացման հարցում։

Առավել մանրամասն՝ https://www.nature.com/articles/s41587-020-0525-0