ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները շուրջ 2000 տարեկան սերմեր են աճեցրել

Գիտնականներին հաջողվել է աճեցնել հրեական փյունիկյան արմավենու (Judean date palm) մոտ 2000 տարեկան սերմերը, որոնք հայտնաբերվել էին պեղումների ժամանակ։ Հնագույն սորտերի այս տնկարկներն (պլանտացիա) անհետացել են Հռոմեական կայսրության անկման ժամանակ: Այժմ գիտնականները մտադիր են վերակենդանացնել այդ բույսերը` գոնե գիտական ​​նպատակներով:

Հրեական փյունիկյան արմավենին նկարագրվել է անտիկ շրջանի ամենահայտնի հեղինակների կողմից (Թեոփրաստես, Հերոդոտոս, Գալեն Կլավդիոս, Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Հովսեփոս Փլավիոս), ովքեր հիացմունքով ու մեծ ոգևորությամբ են գրել այս ծառերի ընդարձակ տնկարկների մասին, և մանրամասնորեն անդրադրաձել դրանց աճեցման ու խնամքի եղանակներին։ Այս արմավենու պտուղները հայտնի էին իրենց յուրահատուկ համով և լայնորեն օգտագործվում էին որպես դեղամիջոցներ։ Ըստ մեզ հասած գրությունների, դրանց պտուղները պահվել են բավականին երկար, ինչի շնորհիվ էլ արտահանվել են Հռոմեական կայսրության ամբողջ տարածքով։ Դրանց պտուղները, ժամանակակից արմավենիների պտուղների համեմատությամբ, եղել են բավականին մեծ․ ըստ որոշ պատմագիրների, շատ տեսակներ հասել են նույնիսկ 11 սանտիմետրի։

Հնագետները Մեռյալ ծովի մոտակայքում՝ Հերովդես I Մեծի (մ.թ ա. 74 – մ․թ․ա․ 3 թթ․) կողմից կառուցված ամրոցի մնացորդների պեղումների ընթացքում հայտնաբերել էին հրեական փյունիկյան արմավենու սերմեր, որոնք, ինչպես ցույց էր տվել հետազոտությունը, 1800-ից 2400 տարեկան էին։

Հետազոտողների խումբը, Հադասսա բժշկական կազմակերպության (Hadassah Medical Organization) փորձագետ Սառա Սալլոնի ղեկավարությամբ,  հայտնաբերված սերմերից ընտրել է առավել պահպանված 34-ը և փորձել աճեցնել, որոնցից վեցի դեպքում հաջողել են։ Կենսունակ սերմերը աճեցնելու հաջող փորձերը ի հայտ են բերել այս շրջանի պատմության բազմաթիվ նոր տվյալներ։

Մասնավորապես բույսերի հյուսվածքների գենետիկ վերլուծությամբ պարզվել է, որ այդ ժամանակաշրջանում օգտագործվել են այգեգործության բավականին բարդ մեթոդներ, ներառյալ սելեկցիան և խաչասերումը։ Հետագա հետազոտությունները նպատակ ունեն պարզելու, թե ինչպես են սերմերն այդքան երկար ժամանակ պահպանել իրենց կենսունակությունը և ոչ միայն։ Բացահայտումը կարող է չափազանց օգտակար լինել ժամանակակից գյուղատնտեսության համար:

Ստացված տվյալները հրապարակվել են Science Advances ամսագրում։