ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մինչև 2026 թվականը կիրառության մեջ կմտնի ավելի քան մեկ միլիոն առաքիչ դրոն

Ըստ Gartner վերլուծական ընկերության անցկացրած նոր ուսումնասիրության՝ մինչև 2026 թվականը ամբողջ աշխարհում կգործեն ավելի քան մեկ միլիոն անօդաչու թռչող սարքեր (drones), որոնք առաքում կիրականացնեն: Այժմ այս ոլորտում առկա են օրինական դաշտում գործող շուրջ 20 հազար դրոններ: Դրոնների միջոցով առաքումների շեշտակի աճին ու դրանց լայնորեն կիրառմանը նպաստում է այն, որ այս անօդաչու սարքերն այժմ հաճախ են կիրառվում COVID-19-ի համավարակի ժամանակ։ Հետազոտողները վստահ են, որ դա նպաստելու է կարճ ժամանակահատվածում առաքիչ դրոնների՝ միաժամանակ մի քանի ոլորտներում արագ ներդրմանը։

Մի շարք երկրներում առաքիչ դրոններն արդեն լայնորեն կիրառվում են՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում։ Այս անօդաչու «առաքիչներն» օգտագործվում են դեղորայք, վիրուսի հայտնաբերման թեստեր, անհատական պաշտպանիչ միջոցներ տեղափոխելու համար։

Այնուամենայնիվ հետազոտողները կարծում են, որ քաղաքների մեծ մասը դեռևս պատրաստ չէ անօդաչուների զանգվածային ներդրմանը․ իշխանությունները նախևառաջ պետք է կարգավորեն առաքիչ դրոնների և մարդկանց անձնական տվյալների գաղտնիությանը առնչվող մի շարք հարցեր։ Նրանք նշել են, որ, օրինակ, Փարիզի դատարանը դադարեցրել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը՝ անվտանգության միջոցառումներին համապատասխանությունը վերահսկելու համար՝ վկայակոչելով գաղտնիության հետ կապված մտահոգությունները, իսկ Կոնեկտիկուտի (նահանգ ԱՄՆ-ում) ոստիկանությունը նույն պատճառաբանությամբ հրաժարվել է դրոնների միջոցով մարդկանց սոցիալական հեռավորությունը դիտարկելու և COVID-19-ի ախտանիշները հայտնաբերելու տեխնոլոգիայից։

Ըստ հետազոտողների, դրոն-առաքիչները կարող են նվազեցնել առաքման արժեքը և լուծել, այսպես կոչված «վերջին մղոնի» խնդիրը (այս կոնտեքստում, «վերջին մղոնը» առաքման վերջնակետից մինչև պատվիրատուի տուն ճանապարհն է)։ Դրոնների միջոցով առաքման միջին ծախսերը միջին հաշվով 70% -ով ցածր են բեռնափոխադրող ընկերությունների ծառայությունների համեմատ։