Uncategorized

Նիկոտինը խթանում է գլխուղեղի երկրորդային (մետաստատիկ) ուռուցքների զարգացումը

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նիկոտինը թոքերի քաղցկեղով հիվանդ մկների մոտ նպաստում է գլխուղեղի ուռուցքների ակտիվ զարգացմանը և նրանց զրկում է գոյատևման հնարավորությունից:

Թոքերի քաղցկեղ ունեցող հիվանդների մոտավորապես 40 տոկոսի մոտ հետագայում զարգանում է գլխուղեղի մետաստատիկ ուռուցք, ինչ հետևանքով նրանք, միջին հաշվով, ապրում են ոչ ավել, քան վեց ամիս: Իսկ թե ինչու է թոքերի քաղցքեղը հաճախ  նպաստում գլխուղեղի ուռուցքի զարգացմանը, դեռևս բավարար ուսումնասիրված չէ։

Ուեյք Ֆորեսթի համալսարանի բժշկական դպրոցի (Wake Forest University, ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) գիտնականները պարզել են, որ ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը (քիմիական նյութ, որն ինքնին քաղցկեղածին չէ) նպաստում է գլխուղեղում ուռուցքի երկրորդական օջախի առաջացմանը՝ թոքերից (առաջնային օջախ) քաղցկեղային բջիջների տարածման հետևանքով։

Գիտնականների թիմը հետազոտել է թոքերի քաղցկեղի վերջին փուլերում գտնվող 281 հիվանդի, և պարզել, որ ծխողների շրջանում զգալիորեն ավելի մեծ է գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը, քան այն հիվանդների, ովքեր երբեք չեն ծխել կամ դուրս են եկել այս կախվածությունից:

Այնուհետև մկների վրա անցկացվող փորձերի արդյունքում կենսաբանները պարզեցին, որ նիկոտինն արագացնում է քաղցկեղային մետաստազների ձևավորումը գլխուղեղում՝ փոփոխելով M2 տիպի միկրոգլիաները (ԿՆՀ-ում բջիջների հատուկ դաս, որը պայքարում է ինֆեկցիաների դեմ): Թոքերի քաղցկեղով հիվանդ կրծողների մոտ տվյալ իմունային բջիջների հեռացումը թույլ չէր տալիս, որպեսզի նիկոտինը գլխուղեղում մետաստազներ առաջացնի, ինչն իր հերթին բարձրացնում է փորձարկվողների՝ ողջ մնալու հավանականությունը։

Գիտնականները նաև փորձել են գտնել այնպիսի դեղամիջոց, որը կարող է չեզոքացնել նիկոտինի նմանատիպ հետևանքները: Պարզվել է,որ  աստղածաղկազգիների ընտանիքի (Asteraceae) բազմաթիվ բույսեր պարունակում են այնպիսի նյութ, որն ի վիճակի է մկների գլխուղեղում չեզոքացնել նիկոտինի հետևանքով առաջացած մետաստազները (օրինակ, բազմամյա երիցուկը, Pyrethrum)։ Այժմ հետազոտողները վստահ են, որ այս նյութի (Partenolide) շնորհիվ հնարավոր կլինի նորովի և առավել արդյունավետ պայքարել գլխուղեղի մետաստազների դեմ։

 «Այսօր այս ավերիչ հիվանդությունը բուժելու միակ միջոցը համարվում է ճառագայթային թերապիան, որը սակայն չի կարող վերացնել արյան հոսքը դեպի գլխուղեղ խոչընդոտող պատնեշը։ Իսկ այս նյութի շնորհիվ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է ուսումնասիրության ղեկավար պրոֆեսոր Վատաբեն։

Գիտնականների թիմը նախատեսում է շարունակել հետազոտությունները և մոտ ապագայում սկսել կլինիկական փորձարկումներ՝ արդեն մարդկանց մասնակցությամբ։

Ուսումնասիրությունը տպագրվել է  Journal of Experimental Medicine գիտական ամսագրում։