ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Ավստրալիայում կկառուցի աշխարհում ամենամեծ աստղադիտակը

Square Kilometer Array (SKA) աստղադիտակի կառուցման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին, իսկ պաշտոնական մեկնարկը նախատեսված է 2027-ին։

Ինչպես նշվում է Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICRAR) տարածած հաղորդագրության մեջ, Square Kilometer Array-ի կառուցման նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ յոթ տարի, և վերջապես հասել է երկար սպասված և գիտական աշխարհի համար չափազանց կարևորություն ունեցող այս նախագծի կառուցման ժամանակը։

Վերջին երկու տարիներին նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն մասնակցել են SKA-ի մեջ ներգրավված երկրները՝ Ավստրալիան, Չինաստանը, Իտալիան, Մալթան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան։

Արևմտյան Ավստրալիայի մայրաքաղաք Պերթից մոտ 800 կիլոմետր դեպի հյուսիս՝ Մերչիսոնի աստղադիտարանի տարածքում, տեղադրվելու են 130 հազար առանձին ալեհավաքներ։ Այս ալեհավաքները աշխատելու են Աֆրիկայի Հյուսիսային Քեյփ նահանգում գտնվող MeerKAT աստղադիտակի հետ:

Նախատեսվող աստղադիտակը պետք է դառնա աշխարհի ամենամեծ գիտական ​​կենտրոններից մեկը, որը կուսումնասիրի Տիեզերքի պատմությունն ու էվոլյուցիան՝ Մեծ պայթյունից հետո, ինչպես նաև՝ կզբաղվի հիմնարար ֆիզիկային առնչվող բացահայտումներով և արտերկրային կյանքի ուսումնասիրությամբ։

Բացի գիտության համար կարևոր լինելուց, SKA նախագիծը, COVID-19 համավարակից հետո, էական նշանակություն կունենա Արևմտյան Ավստրալիան վերակառուցելու գործում՝ հարյուր միլիոնավոր դոլարներ ներգրավելով տարածաշրջանի տնտեսության զարգացման մեջ։ «Արևմտյան Ավստրալիայի բնակիչները կարող են հպարտանալ, որ SKA-ն՝ մարդկության պատմության ամենամեծ գիտական ​​նախագծերից մեկը, կլինի մեր նահանգում», – ասել է Արևմտյան Ավստրալիայի գիտության նախարար Դեյվ Քելլին: