ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎ-ը կարող է թաքնվել ուղեղի բջիջներում և միաժամանակ վարակել այլ օրգաններ

Նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, ՄԻԱՎ-ը թաքնվում է գլխուղեղում, երբ վարակակիրը բուժվում է, իսկ երբ դադարում է բուժվել, այն վերադառնում և շարունակում է վարակել այլ օրգաններ։

ՄԻԱՎ-ը թուլացնում է իմունային համակարգը և մարմինը դարձնում խոցելի առողջությանն ու կյանքին վտանգավոր հիվանդությունների համար։ Համակցված հակավիրուսային թերապիան (cART) կարող է զգալիորեն նվազեցնել մարմնում վիրուսի կոնցենտրացիաները։ Այս դեպքում ախտանշանները հիմնականում անհետանում են, և պացիենտն այլևս դադարում է մյուսների համար վարակիչ լինել։ Սակայն cART-ը պետք է ընդունել ամեն օր, հակառակ դեպքում, եթե բուժումը դադարեցվի, վիրուսը կարող է դուրս գալ իր «թաքստոցներից»։

Բոլորովին վերջերս PLOS Pathogens գիտական ամսագրում լույս տեսած նոր ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ այդ թաքստոցներից մեկը գտնվում է գլխուղեղի որոշակի հատվածներում՝ աստրոցիտ բջիջներում։ Ըստ հոդվածի, մարդու գլխուղեղի ընդհանուր բջիջների մոտավորապես 60%-ը կազմում են աստրոցիտները, իսկ վարակված անձի դեպքում այդ բջիջների 1% -ից 3% -ը կարող է կրել/ունենալ ՄԻԱՎ։

«Նույնիսկ 1%-ը կարող է վիրուսի համար ապաստարան լինել։ ՄԻԱՎ-ի բուժումը գտնելու ճանապարհին մենք չենք կարող անտեսել գլխուղեղի դերը՝ որպես վարակի թաքստոցի (ռեզերվուարի)»,- ասել է Ռաշի համալսարանի (Չիկագո) պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Լենա Ալ-Հարթին։ Գիտնականները նման եզրահանգման են եկել մարդու ՄԻԱՎ-ով վարակված մկան և մարդու գլխուղեղի հյուսվածքի (հետմահու) հետազոտությունների արդյունքում ։

Աստրոցիտները նեյրոգլիայի աստղաձև բջիջներ են։ Բաժանվում են մի քանի ենթատեսակների, որոնք կարևոր դեր ունեն կենտրոնական նյարդային համակարգի բնականոն գործունեության համար։ ՄԻԱՎ-ի  ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին հայտնի էր, որ այս վարակը ներթափանցում է գլխուղեղ, որի հետևանքով վարակակիր անձանց մոտ կարող է առաջանալ դեմենցիա և այլ կոգնիտիվ խանգարումներ։

Ինչպես Live Science-ին տված հարցազրույցում նշել է Ալ-Հարթին, ՄԻԱՎ-ի և աստրոցիտների կապը միշտ վիճահարույց է եղել գիտության մեջ։ Իսկ այն հետազոտողները, ովքերը ուսումնասիրել են այս կապը, չեն փորձել անդրադառնալ այն խնդիրն, թե արդյո՞ք վարակված աստրոցիտները կարող են վարակել գլխուղեղից հեռու գտնվող օրգանները։

Այս հարցին պատասխանելու համար Ալ-Հարթին և իր թիմը սկսեցին փորձարկումները մկների վրա։ Նրանք մարդու վարակված աստրոցիտները ներարդրել են նորածին և մեծահասակ մկների գլխուղեղներում։ Պարզվել է, որ մկների երկու խմբերի դեպքում էլ վարակված աստրոցիտները վիրուսը փոխանցել են CD4 բջիջներին (իմունային բջիջների տեսակ է)։ Վարակը վերցնելու հետո CD4 բջիջները տեղափոխվել են այլ հյուսվածքներ։ Հեղինակները նշել են, որ այս գործընթացի արդյունքում վարակվում են փայծաղը և ավշային հանգույցները: Ըստ նրանց, արգելափակելով CD4 բջիջների շարժը, հնարավոր կդառնա կրճատել վիրուսի փոխանցման այս շղթան:

Հաջորդ փորձի ժամանակ հետազոտողները առողջ մարդու աստրոցիտներ են ներարկել մկների մեջ, դրանից հետո՝ կենդանիներին վարակել ՄԻԱՎ-ով: ՄԻԱՎ-ը, ինչպես և սպասվում էր, վարակել է գլխուղեղի որոշ աստրոցիտներ։

Այնուամենայնիվ աստրոցիտների և ՄԻԱՎ-ի վերաբերյալ շատ հարցեր դեռևս մնում են անպատասխան: Օրինակ՝ արդյո՞ք աստրոցիտների բոլոր ենթատեսակներն էլ ՄԻԱՎ-ի համար կարող են լինել թաքստոց։ Այն, որ լաբարատոր մկների վրա արված փորձը ցույց տվեց, որ ՄԻԱՎ-ը կարող է դուրս գալ գլխուղեղից՝ վարակելով այլ օրգաններ, դեռ չի նշանակում, որ մարդկանց պարագայում էլ է այդպես, որովհետև մարդու գլխուղեղի ուսումնասիրություններն արվել են հետմահու։

Գիտնականներն հույս ունեն, որ հաջորդ հետազոտություններում հնարավոր կլինի պատասխանել ավելի շատ հարցերի և ևս մեկ քայլ մոտենալ այս սարսափելի վարակի բուժմանը։