ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միկրոպլաստիկն այլևս մեզ շրջապատող էկոհամակարգի անբաժան մաս է

1855 թվականին անգլիացի գյուտարար Ալեքսանդր Պարկսը ստեղծեց առաջին պլաստիկը (Parkesine)։ 52 տարի անց բելգիացի քիմիկոս Լեո Բաքելանդը մրջնալդեհիդի (formaldehyde) և ֆենոլի (phenol) փոխազդեցության արդյունքում ստացավ սինթետիկ պլաստիկ, որն անվանեց Բաքելիտ (Bakelite):

Վերջինիս հիմնադրած ընկերությունը՝ Bakelite Corporation, կարճ ժամանակ անց, հիմնվելով ստացված աննախադեպ հաջողությունների վրա, իրավացիորեն կանխատեսեց, որ անսահմանափակ կիրառման հնարավորություններով այս նոր նյութը կփոխի աշխարհը: Այսպիսով, 1920-1930 թվականներին պլաստիկը տարածվեց ամբողջ աշխարհում։ Եվ, կուրացած լինելով նոր նյութի գրեթե անսահման հնարավորություններից, մարդկությունը չնկատեց, թե ինչպես այն դարձավ շրջակա միջավայրի սարսափելի աղտոտման պատճառ։ Այսօր պլաստիկի արտադրության ծավալներն այնքան մեծ են, որ դրա վրա ծախսվում է աշխարհում արտադրված նավթի շուրջ 8%-ը, և այս ցուցանիշը մինչև 2050 թվականը աճելու է մոտ 20%-ով1։

Դժբախտաբար, նույնիսկ բնապահպանական աննախադեպ խնդիրները, որոնց մասին խոսում են գիտնականները, չեն նպաստել իրավիճակի փոփոխմանը: Արդյունքում, հետազոտողներն ավելի ու ավելի սարսափելի փաստեր են ներկայացնում այն ​​մասին, թե ինչպես է պլաստիկը դառնում բազմաթիվ կենդանիների մահվան պատճառ։ Այս աղբավայրերի պատճառով վնասակար քիմիական նյութերը ներթափանցում են ստորերկրյա ջրեր, իսկ օվկիանոսում պլաստիկ աղբը աստիճանաբար դառնում է կեր՝ ձկների և ծովային կենդանիների համար, որից նրանք հաճախ մահանում են։ Ընդ որում, պլաստիկի կազմի մեջ որոշ նյութեր ուղղակիորեն ազդում են կենդանիների կյանքի և վերարտադրության վրա: Եվ ամենևին պետք չէ լինել գիտնական կամ բնապահպան՝ հասկանալու համար, թե ինչ վնաս են հասցնում պլաստիկ թափոնների լեռները բնության վրա: Սակայն պլաստիկ շշերը, մեկանգամյա օգտագործման սպասքը, ատամի խոզանակները և այլ ապրանքներ միակ խնդիրը չեն: Հետազոտողների կարծիքով շատ ավելի վտանգավոր են այն փոքր պլաստիկ մասնիկները՝ միկրոպլաստիկները, որոնք մեզ շրջապատում են ամենուր:

Պլաստմասսե բեկորների ցանկացած տեսակ, որն ունի 5 մմ-ից պակաս երկարություն ընդունված է համարել միկրոպլաստիկ: Պլաստիկի այս փոքր մասնիկները էկոհամակարգեր են մտնում տարբեր աղբյուրներից,  ներառյալ արդյունաբերական արտադրությունը (կոսմետիկա, հագուստ և այլ ապրանքներ), ինչպես նաև՝ «բնական» ճանապարհով, երբ միկրոպլաստիկները շրջակա միջավայրում են հայտնվում աղբի միջոցով։

Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց2, թե խմելու ջրի մեջ առկա միկրոպլաստիկները մարդու առողջության համար վտանգավոր չեն, այնուամենայնիվ դեռևս անհայտ է մնում, արդյո՞ք այդ մասնիկները կարող են ներթափանցել արյան մեջ կամ ավշային համակարգ և վնասել օրգանները: Կենդանիների ուսումնասիրությունները3 ցույց են տվել, որ միկրոպլաստիկները կարող են վնասել4 աղիքները և լյարդը: Ավելին, առկա են փաստեր5, որ պլաստիկ շատ բաղադրիչներ բացասաբար են անդրադառնում ներզատական համակարգի վրա (Endocrine system):

Ըստ Science ամսագրում վերջերս հրապարակված հոդվածի6, քամու և անձրևների միջոցով ԱՄՆ-ի Բնության հատուկ պահպանվող տարածքներ է թափվում տարեկան ավելի քան 1000 տոննա միկրոպլաստիկ։ Wired պարբերականի փոխանցմամբ7, դա համարժեք է ավելի քան 120 միլիոն ջրի պլաստիկ շշի: Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս տվյալները հաստատում են պլաստիկի՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հոռետեսական սցենարի զարգացումը․ միկրոպլաստիկն այլևս տարածվել է ամբողջ աշխարհում, նույնիսկ այնպիսի մաքուր բնակավայրերում, ինչպիսիք են Արկտիկան և Արևելյան Պիրենեյները (Ֆրանսիա):

Այժմ միկրոպլաստիկը դարձել է հիմնական մթնոլորտային գործընթացների մաս՝ ջրերի ու քամու միջոցով միախառնվելով անձրևին։ Սա իր տեսակի մեջ  «նոր թթվային անձրև» է, որը կարող է շատ տհաճ խնդիր առաջացնել, որովհետև այն երբեք չի վերանում, այլ ավելի ու ավելի է մտնում մեզ շրջապատող էկոհամակարգիերի մեջ և դառնում դրանց անբաժան մասը։

Հղումներ

1 The Circular Economy Handbook: Realizing the Circular Advantage, 2020, էջ 110

2 https://www.who.int/water_sanitation_health/publications/microplastics-in-drinking-water/en/

3 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5918521/

4 https://www.sciencedirect.com/science/article/pii/S0048969719303006

5 https://www.scientificamerican.com/article/from-fish-to-humans-a-microplastic-invasion-may-be-taking-a-toll/ կամ՝  https://www.sciencedirect.com/science/article/pii/S0160412019303137

6 https://science.sciencemag.org/content/368/6496/1257

7 https://www.wired.com/story/plastic-rain-is-the-new-acid-rain/