ՏԻԵԶԵՐՔ

36 արտերկրյա քաղաքակրթություն Ծիր Կաթին գալակտիկայում․ նոր ուսումնասիրության արդյունքները

Քանի դեռ արտերկրյա քաղաքակրթությունների գոյությունը հավաստող միանշանակ փաստեր չկան, օրինակ, նրանց ռադիո ազդանշանների վերաբերյալ, հարցը, թե արդյո՞ք դրանք գոյություն ունեն, և ինչ քանակությամբ՝ մնում է անորոշ: Արտերկրյա քաղաքակրթությունների թվի որոշման համար, որպես կանոն, գիտնականները հիմնվում են Դրեյքի հավասարման վրա (Drake equation), որը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աստղերի ձևավորման միջին արագությունը, համապատասխան պայմաններով մոլորակի վրա կյանքի ծագման հավանականությունը և այլն (թվով 7 գործոն)։

Մինչ այժմ կյանքի և քաղաքակրթության մեզ հայտնի միակ օրինակը Երկրի մոլորակի վրա է, հետևաբար, հավասարման շատ պարամետրեր պետք է վերցվեն բացառապես մեր սեփական փորձից: Այդ է պատճառը, որ արտերկրյա քաղաքակրթության գոյության վերաբերյալ գիտնականներն ունեն տարբեր վարկածներ․ ըստ որոշների, տիեզերական անսահմանության մեջ գոյություն ունեն բազմաթիվ քաղաքակրթություններ, մյուսների կարծիքով՝ մենք լիովին մենակ ենք։

Եվ ահա, The Astrophysical Journal գիտական պարբերականում հրապարակված նոր հոդվածում Նոթինգհեմի համալսարանի Ֆիզիկայի և աստղագիտության դպրոցի (School of Physics and Astronomy at the University of Nottingham) գիտնականները ներկայացրել են արտերկրյա քաղաքակրթությունների թվի իրենց հաշվարկի արդյունքները։ Ըստ նրանց, Ծիր Կաթին գալակտիկայում (Milky Way, հայ․՝ Հարդագողի ճանապարհ) գոյություն կարող է ունենալ այդպիսի 36 քաղաքակրթություն։

Հեղինակներն իրենց ուսումնասիրության մեջ օգտագործել են «բնակելի գոտում» գտնվող երկրային մոլորակների մասին առկա ժամանակակից պատկերացումներն ու Երկրի վրա կյանքի էվոլյուցիայի տեմպերը: Համադրելով ստացված տվյալները, նրանք եզրակացրել են, որ կարող է գոյություն ունենալ 36 արտերկրյա քաղաքակրթություն։

Եթե հաշվի առնենք Ծիր Կաթինի ահռելի չափերը և այն, որ բոլոր 36 ենթադրյալ քաղաքակրթությունները հավասարաչափ ցրված են Գալակտիկայում, ապա նրանց միջև միջին հեռավորությունը պետք է լինի 17 հազար լուսային տարի: Նույնիսկ մեկ կարճ նախադասությամբ ռադիոհաղորդագրություն ուղարկելու համար մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 34 հազար տարի։

Հայտնի չէ՝ երբ և ինչպես հնարավոր կլինի հաղթահարել նման տարածությունները, և արդյո՞ք դա սկզբունքորեն հնարավոր կլինի: Իսկ մինչ այդ, արտերկրյա քաղաքակրթությունների որոնման փորձերը շարունակվում են՝ հույսով, որ դրանք կարող են լինել մեզ առավել հասանելի հեռավորությունների վրա։

 Առավել մանրամասն՝ սեղմեք այստեղ