ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պարզվել է, թե ինչ է իրենից ներկայացնում Անտարկտիդայում հայտնաբերված «Բանը» (The Thing)

Անտարկտիդայում գտնված առեղծվածային բրածոն պարզվեց, որ հսկայական փափկեցված ձու է. նոր տվյալները ցույց են տալիս, որ հնադարյան շատ սողունների ձվերը չեն ունեցել կոշտ կեղև։

Դեռևս 2011-ին Անտարկտիդայում աշխատող չիլիացի հնէաբանները հայտնաբերեցին անսովոր բրածո, որը նման էր հսկայական կարտոֆիլի՝ մոտ 30սմ երկարությամբ։ Նմուշը, որն ուներ շուրջ 68 միլիոն տարվա պատմություն, հանձնեցին Չիլլիի բնական պատմության ազգային թանգարանին։ Դրա ծագումը մնաց անհայտ, գիտնականները չկարողացան հասկանալ, թե ինչ է դա և բրածոյին տվեցին The Thing (Բանը) անվանումը։

Բոլորովին վերջերս սկսեց շրջանառվել կարծիք, որ այս խորհրդավոր բրածոն կարող է ձու լինել, իսկ այժմ՝ Nature ամսագրում լույս տեսած ուսումնասիրությունն ամբողջությամբ հաստատում է այս վարկածը՝ բրածոն փափուկ կեղևով ձու է (soft-shelled egg):

«Շատ հազվադեպ է պատահում, որ բրածո փափուկ կեղևով ձվերը լինեն այդքան լավ պահպանված։ Այս նոր ձուն երբևէ հայտնաբերված ամենամեծ փափկեցված ձուն է: Մենք չգիտեինք, որ այդ ձվերը կարող են հասնել այդպիսի հսկայական չափերի։ Հաշվի առնելով այն, որ ձուն կարող է պատկանել ծովային հսկա սողունի, դա կարող է շատ բան բացահայտել այս կենդանիների վերարտադրողական համակարգի վերաբերյալ»,- ասել է Օստինի Տեխասի համալսարանի գիտաշխատող, ուսումնասիրության համահեղինակ Լուկաս Լեգենդրը։

Ըստ գիտնականների, ձուն չէր կարող դրված լինել դինոզավրի կողմից, որովհետև այն ժամանակ Անտարկտիդայում ապրող տեսակները հիմնականում շատ փոքր էին այս չափի ձու դնելու համար։ Փոխարենը՝ դա կարող էր լինել մոզազավրի ձու (Mosasaurs, ծովային խոշոր սողուններ, վերացել են մոտ 66 միլիոն տարի առաջ)։ Բրածո ձվի հայտնաբերման տարածքում հայտնաբերված մոզազավրի մնացորդները հաստատում են այս վարկածը։

Nature ամսագրի նույն համարում տպագրված է ևս մեկ հոդված (The first dinosaur egg was soft), որն անդրադառնում է դինոզավրերի փափկեցված կեղևով ձվերի խնդրին: Ամերիկյան բնագիտական թանգարանի (Նյու Յորք, ԱՄՆ) գիտաշխատող Մարկ Նորելլը և իր գործընկերները ցույց են տվել, որ այս սողունների առնվազն մի քանի տեսակների դրած ձվերը ունեցել են ոչ լիարժեք՝ փափուկ արտաքինով կեղև։ Ըստ երևույթին սա է պատճառը, որ մինչև այժմ դինոզավրերի որոշ խմբերի ձվերը դեռ չեն հայտնաբերվել, այնինչ բրածո ոսկորներն առկա են։