ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Tesla Cybertruck-ը նոր մրցակից ունի․ Lordstown Motors-ը ներկայացրեց իր էլեկտրական պիկապը

Էլեկտրոպիկապների շուկայում մրցակցությունն ուժգնանում է. էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրությամբ զբաղվող Lordstown Motors ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր առաջին էլեկտրական պիկապը։ Endurance (Տոկունություն) կոչվող այս մոդելն արդեն հավաքել է ավելի քան 14 հազար նախնական պատվեր։ Առաջին հաճախորդներն իրենց մեքենաները կստանան 2021 թվականի հունվարին:

Ըստ պաշտոնական հայտարարության, Endurance-ի արժեքը կազմում է 52,5 հազար դոլար, ԱՄՆ քաղաքացիների համար՝ 45,000 դոլար՝ հաշվի առնելով այս երկրում էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների ձեռքբերման զեղչը։

Էլեկտրոպիկապի հիմնական առանձնահատկությունն անիվների մեջ տեղադրված շարժիչներն են և դրանց առանձին կառավարվումը: Այս սխեման կարող է էապես բարելավել մեքենայի կայունությունը, վերահսկելիության մակարդակն ու  անցունակությունը։ Շարժիչների ընդհանուր հզորությունը 600 ձիաուժ է:

Մարտկոցի հզորության վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն դրա մասին որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Այսպիսով, մարտկոցի լիցքավորումը կպահանջի մոտ 10 ժամ (մինչև 95%-ի դեպքում), առնվազն մեկ ժամ՝ գերարագ լիցքավորման դեպքում։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա անցնել մոտ 320 կմ։

100 կմ/ժամ արագությունը էլեկտրոպիկապը զարգացնում է ընդամենը 5,6 վայրկյանում, սակայն առավելագույն արագությունը ամենևին տպավորիչ չէ՝ ընդամենը 128 կմ/ժամ:

 «Մարդիկ սկսում են հավատալ էլեկտրամեքենաներին և մենք պատրաստվում ենք գրավել շուկան»,- հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Սթիվ Բերնսը։