ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք մոծակները կարող են տարածել նոր տեսակի կորոնավիրուսը

Կանզասի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը հաստատել է, որ կորոնավիրուսը մոծակների խայթոցների միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ վիրուսը չի կարող վերարտադրվել մոծակների ամենատարածված երեք տեսակների մեջ (Aedes ae Egypti, Aedes albopictus և Culex quinquefasciatus): Այդպիսով, գիտնականներն ուղղակի բացառել են մոծակների միջոցով վիրուսի փոխանցման վտանգը:

Հետազոտությունն իրականացվել է մարտ ամսից: Գիտնականների պատրաստած զեկույցն այս թեմայով առաջինն էր, որը միանշանակորեն ընդունվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, որը ևս բացառեց մոծակների միջոցով վիրուսի փոխանցման հավանականությունը։

«Մինչ ԱՀԿ-ն պնդում է, որ մոծակները չեն կարող փոխանցել վիրուսը, մեր ուսումնասիրությունն առաջինն է, որ ապացուցում է այս վարկածը: Մենք ցույց տվեցինք, որ և ոչ մի դեպքում SARS-CoV-2-ը չի կարող վերարտադրվել այս մոծակների մեջ և, հետևաբար, չի կարող փոխանցվել մարդկանց, նույնիսկ այն դեպքում, երբ մոծակները առաջինը խայթում են վիրուսակրին»,- նշել են ուսումնասիրության հեղինակները։

Ավելի վաղ նմանատիպ, սակայն փոքր մասշտաբներով, ուսումնասիրություն էին անցկացրել Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները, ովքեր մոծակներին վարակել էին COVID-19- ով և փորձարկել՝ արդյոք վիրուսը ունակ է հետագա վերարտադրման: Պատասխանը նույնն է՝ ոչ։

Գիտնականների հետազոտություններն այժմ շարունակվում են՝ պարզելու համար մյուս կենդանատեսակներից մարդուն SARS-CoV-2-ի հավանական փոխանցումը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Scientific Reports-ում։