ԲՆՈՒԹՅՈՒՆ

Անտարկտիդայում հայտնաբերվել է մեթան գազի ակտիվ արտահոսք, որը կարող է արագացնել գլոբալ տաքացումը

Ներկայիս ամենացուրտ մայրցամաքը՝ Անտարկտիդան, միլիոնավոր տարիներ առաջ՝ դինոզավրերի ժամանակաշրջանում, բավականին տաք վայր էր՝ կենդանական ու բուսական հարուստ աշխարհով։ Սակայն ժամանակի ընթացքում մեր մոլորակի հարավային բևեռի շուրջն ընկած այս մայրցամաքում օդի ջերմաստիճանը սկսել է նվազել, ինչն էլ հանգեցրել է տեղի բուսական ու կենդանական աշխարհի ոչնչացմանը: Քայքայված մնացորդները հայտնվել են սառույցի հաստ շերտի տակ, որտեղ միլիոնավոր տարիների ընթացքում վերամշակվել են մանրէների միջոցով՝ ձևավորելով մեծ քանակությամբ մեթան գազ, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է:

Երկար ժամանակ այս վտանգավոր գազը պահվում էր սառույցի հաստ շերտի տակ՝ սառնամանիքի պայմաններում, սակայն 2018 թվականին NASA-ն հայտարարեց, որ Երկիր մոլորակի գլոբալ տաքացման արդյունքում չի բացառվում որ այս զանգվածը կարող է բռնկվել և կարճ ժամանակում մեծապես ազդել ամբողջ աշխարհի կլիմայի վրա: Թվում է, թե այս սարսափելի գործընթացն արդեն սկսվել է:

Այս մասին ծավալուն հոդված է հրապարակվել Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում։ Ըստ հեղինակներ, Անտարկտիդայում առաջին անգամ մեթանի թույլ արտահոսք է նկատվել մոտ տաս տարի առաջ՝ Ռոսսի ծովի տարածքում։ Իսկ այժմ վերջիններս հայտնաբերել են ակտիվ արտահոսք՝ ծովի հատակից։

Սովորաբար, այնպիսի վայրերում, որտեղ առկա են մեթանի արտահոսքեր, ձևավորվում են միկրոօրգանիզմներ, որոնք սնվում են մեթանով։ Խոսքը Methylococcaceae ընտանիքին պատկանող բակտերիաների մասին է, որոնք կանխում են մեթանի՝ չափազանց մեծ քանակությամբ տարածումը։ Այս միկրոօրգանիզմների կուտակումները ձևավորում են սպիտակ տարածություններ, այդ իսկ պատճառով դրանք որոշակի հեռավորության վրա պարզորոշ երևում են։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս բակտերիաները չեն կարող հաղթահարել Անտարկտիդայի ստորին մասում ձևավորված նման արտահոսքը:

Հետազոտողների կարծիքով պատճառն այն է, որ բակտերիաները պարզապես ուշ են հայտնաբերել մեթանի աղբյուրը: Որպեսզի վերջիններս կարողանան կանխել մեթանի հոսքը, պետք է ընտելանան նոր պայմաններին, և դա կարող է տևել 5-ից 10 տարի: Իսկ այս ընթացքում մեթանը կարող է էապես ազդել մեր մոլորակի կլիմայի վրա:

Հետազոտությունները շարունակվում են, սական տարածքն առավել մանրամասնությամբ ուսումնասիրելն ու մեթան գազի արտահոսքը կասեցնելու հավանական տարբերակներ գտնելը դեռևս շատ ժամանակ կպահանջի։