ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայում կթողարկվի սարդերին ու օձերին նույնականացնող հավելված

Critterpedia անվամբ հավելվածի սկզբունքը շատ պարզ է․ օգտագործողը ներբեռնում է սարդի կամ օձի լուսանկարը և միանգամից ստանում է պատասխանը՝ արդյո՞ք դրանք վտանգավոր են, թե ոչ: Այժմ ծրագիրը բետա թեստավորման փուլում է, և մշակողները բոլորին հրավիրում են մասնակցելու դրա բարելավմանը։ Պարզապես անհրաժեշտ է ուղարկել կենդանու նկարը և պահանջվող տեղեկությունները դրա մասին:

Ավստրալիայում սարդերի և օձերի քանակը բավականին մեծ է։ Թեև նրանց մեծ մասն անվնաս է, բայց կան տեսակներ, որոնց թույնը կարող է վնասել մարդուն կամ՝ նույնիսկ սպանել նրան: Հազիվ թե որևէ մեկը կարողանա մտապահել սարդերի 2000 և օձերի 170 տեսակները և կարողանա կողմնորոշվել՝ դրանցից որն է վտանգավոր, որը՝ ոչ։

Critterpedia-ը Ավստրալիայի Գիտությունների ազգային CSIRO գործակալության նախագիծն է՝ ստեղծված տեղացի ծրագրավորողների գործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է հատուկ ալգորիթմով, որը, նկարը վերբեռնելուց հետո, նույնականացնում է կենդանուն՝ օգտատիրոջը ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը։

Critterpedia-ն վերլուծում է ոչ միայն լուսանկարը, այլև այն միջավայրը, որտեղ արվել է լուսանկարը՝ ներառյալ նկարողի դիրքը․ դա անհրաժեշտ է կենդանու կենսամիջավայրը ստուգել համար, որպեսզի նույնականացումը լինի հնարավորինս ճիշգրիտ և հուսալի։

Խնդիրն այն է, որ որոշ տեսակներ արտաքինով շատ նման են միմյանց, այդ պատճառով էլ ճիշտ նույնականացնելու համար ալգորիթմը պետք լավ ուսումնասիրի բոլոր սարդերի ու օձերի արտաքինը, իսկ դրա համար անհրաժեշտ է կենդանու նույն տեսակի հնարավորինս շատ լուսանկար՝ հնարավոր բոլոր դիրքերից։

Ծրագրավորողները հույս ունեն, որ իրենց հավելվածը կդառնա մայրցամաքի կենդանիների մասին տեղեկատվության մատչելի աղբյուր և նույնիսկ կյանքեր կփրկի: Նրանք հույս են հայտնել, որ Critterpedia-ն կօգնի ստեղծել մի աշխարհ, որտեղ մարդիկ վերջապես, սպանելու փոխարեն, կսկսեն հարգել (և ոչ թե վախենալ) այն կենդանիներին, որոնց հետ ուղղակի կարող են խաղաղ գոյակցել։