ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նոր Զելանդիայում կգործարկվի էլեկտրաէներգիայի անլար փոխանցման համակարգ

Նորզելանդական Emrod ստարտափը մշակել է երկար հեռավորությունների վրա էլեկտրաէներգիայի անվտանգ փոխանցման անլար մեթոդ։ Համաձայն New Atlas լրատվական հարթակի, ծրագրում ներգրավված է նաև Նոր Զելանդիայի երկրորդ խոշորագույն դիստրիբյուտորը՝ Powerco-ն, որը նախատեսում է նոր տեխնոլոգիան օգտագործել դժվար հասանելի տարածքներին էլեկտրաէներգիա մատակարարելու համար (օրինակ՝ լեռնային գյուղեր): Նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև որպես պահեստային միջոց՝ տեխնիկական աշխատանքի ընթացքում անխափան սնուցումն ապահովելու համար:

Emrod-ի ինժեներներն արդեն հավաքել են էլեկտրականությունը փոխանցող սարքի առաջին աշխատանքային նախատիպը: Նախատեսվում է ևս մեկը հավաքել այս տարվա հոկտեմբերին և տրամադրել Powerco-ին՝ փորձարկման համար: Լաբորատոր թեստերի փուլը կտևի մի քանի ամիս, որից հետո կսկսվի սարքի դաշտային փորձարկումը: Սկզբնապես այն կկարողանա փոխանցել մինչև 2 կՎտ հզորությամբ հոսանք։ Ըստ նախագծողների, նրանք, օգտագործելով ճիշտ նույն տեխնոլոգիան, կարող են փոխանցել 100 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա։ Սակայն դա միայն դաշտային հաջող փորձարկումներից հետ։

Էլեկտրաէներգիայի անլար փոխանցման համակարգը բաղկացած է հաղորդիչ ալեհավաքից, մի քանի ռելեներից և սարքից, որը էլեկտրամագնիսական ալիքի էներգիան վերածում է էլեկտրականության։ Նոր համակարգը կարող է անխափան գործել ցանկացած եղանակային պայմաններում (անձրև, քամի, օդում փոշու մեծ քանակություն և այլն): Այն հնարավորություն ունի էլեկտրականություն փոխանցելու հազարավոր կիլոմետրերի վրա՝ ենթակառուցվածքների նվազագույն ծախսերով։

Տեխնոլոգիայի անվտանգությունը կապահովվի լազերների միջոցով, որոնք ինքնաբերաբար կկանգնեցնեն էներգիայի փոխանցումը, երբ թռչունները կամ օդանավերը մտնեն փոխանցման ալիքի գոտի: Այնուամենայնիվ, ինչպես հեղինակներն են նշում, փոխանցման ալիքները բավականաչափ լայն կլինեն, որպեսզի փոխանցվող էներգիայի խտությունը չլինի ավելի բարձր, քան հասարակածում տաք կեսօրին արևի ճառագայթման էներգիայի խտությունը:

Հիշենք, որ այս գաղափարը առաջինը գեներացրել էր մեծ մտածող Տեսլան, որը կյանքի է կոչվում տասնյակ տարիներ անց։

Ավելի մանրամսն՝ այստեղ