ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է նախապատմական «դժոխային մրջյուն»՝ 99 միլիոն տավա վաղեմության

Մինչ օրս գիտնականներն հայտնաբերել են մրջյունների ավելի քան 12.500 տարբեր տեսակներ։ Սակայն այս թիվը հեռու է վերջնական լինելուց․ ըստ նրանց, մոտ ապագայում հնարավոր կլինի հայտնաբերել ևս 10,000 տեսակ։ Դժբախտաբար, մրջյունների բոլոր տեսակները չէ, որ գոյություն ունեն այսօր: Դրանց մեծ մասը վաղուց վերացել է, և տեսակները հնարավոր է հայտնաբերել միմիայն շնորհիվ պահպանված մնացորդների, որոնք պահպանվում են բացառապես հանածո ծառի խեժի ներսում, որն առավել հայտնի է որպես սաթ:

Այսպես, վերջերս Մյանմաում (պետություն Հարավարևելյան Ասիայում) հայտնաբերվեց սաթի կտոր, որի ներսում նախապատմական գիշատիչ մրջյունի տեսակ կար՝ բերանում փոքր բզեզ։ Ճակատին եղջյուր և «մարդկային» ծնոտ ունեցող Ceratomyrmex ellenbergeri տեսակի այս գիշատիչն անվանվել է «Դժոխքի մրջյուն» (Hell Ant): Գտածոն բացառիկ է այնքանով, որ այս գիշատիչ մրջյունը խեժի մեջ է հայտնվել զոհին խժռելու պահին։ Ըստ էության, սա նմանօրինակ առաջին գտածոն է՝ շուրջ 99 միլիոն տարվա վաղեմության։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մրջյունների՝ մեզ հայտնի տեսակների ծնոտները բացվում են հորիզոնական, ի տարբերություն այս գտածոյի, որի ծնոտը բացվում է վերևից ներքև՝ այնպես ինչպես մարդունը։ Մրջյունի գլխի վրա գտնվող եղջյուրն, ըստ երևույթին, օգտագործվել է զոհին գրավելու համար։

Հետազոտողները մրջյունների այս զարմանալի ու տարօրինակ տեսակն անվանում են «էվոլյուցիոն փորձ» (evolutionary experiment), որը ոչնչացել է դինոզավրերի հետ միասին՝ մոտ 66 միլիոն տարի առաջ։

Ըստ հետազոտողների, այս բացառիկ գտածոյի ուսումնասիրությունները մեծապես կօգնեն ավելի լավ հասկանալու մրջյունների էվոլյուցիոն ընթացքն ու պատկերացում կազմելու նախապատմական միջատների մասին։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։