ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Առևտրական կապիկները․ հրապարակվել են նոր ու հետաքրքիր ուսումնասիրության արդյունքները

Ոսկեբաշ տամարին տեսակի կապիկների (անգլ․՝ golden lion tamarins, բառացի՝ ոսկեգույն առյուծ տամարին) շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կենդանիները դրսևորում են բարդ ու զարմանալի սոցիալական վարք՝ թե՛ խմբի ներսում, թե՛ դրանից դուրս։ Մասնավորապես, խմբից դուրս սոցիալական կապեր ստեղծելու կամ դրանք ամրապնդելու համար, այս կենդանիներն սկսում են զբաղվել սննդի փոխանակմամբ։ Ըստ էության, այս երևույթը կարելի է համեմատել նրա հետ, թե ինչպես են մարդիկ նպատակաուղղված գնում հանդիպման պոտենցիալ գործընկերոջ հետ։

Խմբի ներսում սննդի փոխանակումը տարածված է պրիմատների, հատկապես` կապիկների շրջանում: Այն կարող է իրականացնել մի քանի գործառույթ, բայց ամենից հաճախ դա տեղի է ունենում մոր և ձագերի միջև։ Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակ Կամիլ Տրոիսին (Շոտլանդիա, Սենտ-Էնդրյուսի համալսարան)՝ մեծահասակ կապիկների մոտ նման փոխազդեցությունները հազվադեպ են նկատվում։ Մեծահասակ կապիկները միմյանց սնունդ են փոխանցում ագրեսիայից և բախումներից խուսափելու նպատակով։

Այսպես, ոսկեբաշ տամարին տեսակի կապիկները բնակվում են Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող անտառներում։ Ապրում են փոքր խմբերով, յուրաքանչյուրում՝ միջինը հինգից յոթ կապիկ: Թեև այս կենդանիների մոտ զարգացած է վերարտադրողական գործառույթը և հիմնականում երկվորյակներ են ունենում, այուամենայնիվ դրանք այժմ գտնվում են ոչնչացման եզրին։

Վերջերս Սենտ-Էնդրյուսի համալսարանի կենսաբան Կամիլ Տրոիսին այս կապիկների շրջանում անցկացրեց ծավալուն ուսումնասիրություն և արձանագրեց, որ տարբեր խմբերի կապիկների միջև գոյություն ունի սննդի փոխանակման «ավանդույթ», և, ըստ էության, այս պրիմատների միջև առկա սոցիալական հարաբերություններն ավելի բարդ են, քան մենք կարծում ենք։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ հետագայում ոսկեբաշ տամարինը լքում է իր խումբն ու տեղափոխվում մեկ ուրիշ խումբ՝ ընտանիք կազմելու, ապա սննդի փոխանակումը կարող է օգնել հնարավոր գործընկերներին ճանաչելու և  նույն սեռի ներկայացուցիչների հետ սոցիալական կապերն ամրապնդելու գործում։

Ըստ հետազոտության հեղինակի՝ պրիմատների այս տեսակի գործունեության հետագա ուսումնասիրությունները դեռևս շատ բան կարող են բացահայտել վերջիններիս սոցիալական հարաբերությունների մասին։  Պրիմատների շրջանում Տրոիսիի նախաձեռնած ուսումնասիրություններն ու փորձերն այժմ շարունակվում են, իսկ ոսկեբաշ տամարին տեսակի կապիկների վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությունը հրապարակվել է Primates ամսագրում։