ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները համեմատել են թռչունների առավոտյան երգն ու մարդկանց նախավարժանքը

Գոյություն ունեն մի քանի վարկածներ, թե ինչո՞ւ են թռչուններն առավոտյան երգում: Ամերիկացի հետազոտողներն ապացույցներ են ձեռք բերել հօգուտ այն վարկածի, որ առավոտյան երգելը թռչունների համար յուրօրինակ նախավարժանք/վարժություն է, որը թույլ է տալիս օրվա ընթացքում ավելի լավ զգալ:

Թե ինչո՞ւ հենց առավոտյան, սրա վերաբերյալ ևս կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի, քանի որ օդի ջերմաստիճանն առավոտյան, որպես կանոն, բավականին ցածր է լինում, երգելը օգնում է տաքանալ և քնից հետո կարգի բերել ձայնային ապարատը (ինչպես նաև մարմնի մնացած մկանները)։ Հաջորդ վարկածն այն է, որ օրվա այս ժամանակահատվածում շատ ավելի դժվար է միջատներ որսալը, և թռչունները պարզապես երգում են հաճույքի համար։ Երգելու օգնությամբ թռչունները նաև գրավում են էգերի ուշադրությունը (քանի որ առավոտյան սովորաբար արուներն են դայլայլում) և «ստեղծում են ձայնային միջավայր», այսինքն տեղեկացնում են մյուս թռչուններին, որ գտնվում են որոշակի վայրում, որ իրենց չեն կերել և նրանք չեն պատրաստվում հեռանալ։

Այն, որ թռչունների առավոտյան երգը «լիցքավորվելու» դեր է խաղում, օրնիտոլոգների (թռչնագետ) շրջանում տարածված վարկած էր, սակայն դրա մասին փորձերի միջոցով ձեռք բերված տվյալներ գրեթե չկային։ Նման փորձ են անցկացրել Դյուկի համալսարանի (ԱՄՆ) կենսաբանները: Նրանք ձայնագրել են անազատության մեջ գտնվող ճահճային ճնճղուկների (Melospiza georgiana) 11 արուների դայլայլները գիշերվա 2-ից մինչև կեսօր ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր ձայնագրված դայլայլների թիվը 1,527 էր: Այնուհետև առավոտյան գիտնականները չափել են յուրաքանչյուր թռչնի երգի հաճախականությունը և ձայնային տիրույթը:

Պարզվել է ճահճային ճնճղուկի տրելները կազմված են հինգ նոտայից, որոնք վայրկյանում կրկնվում են 5-ից 10 անգամ: Ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ կենսաբան Ստեֆան Նովիցկին, այս երգերը համեմատում է ոստիկանական մեքենայի ազդանշանի հետ: Մի նոտայից մյուսին անցնելու համար թռչուններին օգնում է կտուցը, որը նրանք հաջորդաբար բացում և փակվում են՝ ճշգրտորեն համակարգելով կտուցի և ձայնային ապարատի շարժումները։

Առավոտյան դայլայլի հաճախականության և ձայնային տիրույթի վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ թռչունները սկսում են «թեթև» (դանդաղ և ավելի սահմանափակ) ձայներից, դրանից հետո միայն անցնելով բարդ դայլայլումների վարպետորեն կատարելուն: Չնայած ուղիղ համեմատություն տանելը դժվար է, բայց գիտնականները կարծում են, որ նման «մարզումը» ինչ-որ չափով նման է մարդու մոտ առավոտյան վարժությունների ֆիզիոլոգիական ազդեցություններին։ Այն օգնում է բարելավել արյան հոսքը, բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և, իհարկե, կատարելագործում է երգեցողության որակը: Իսկ դայլայլի լավ կատարումն իր հերթին գրավում է էգերին:

Հետազոտությունը հրապարակվել է Animal Behaviour ամսագրում։