ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրական մեքենաները կարող են դառնալ էկոլոգիական նոր աղետի պատճառ

Էլեկտրական մեքենաները համարվում են գլոբալ տաքացման դեմ պայքարի հիմնական տեխնոլոգիաներից մեկը: Այդուհանդերձ, դրանց արտադրության աճը կարող է նոր խնդիր դառնալ շրջակա միջավայրի համար:

Ըստ «Nature» ամսագրում հրապարակված ուսումնասիրության, էլեկտրական մեքենաների լիթիում-իոնային մարտկոցների ուտիլիզացման խնդիրը անհապաղ լուծում է պահանջում, հակառակ դեպքում էկոլոգիական նոր աղետն անխուսափելի կլինի։

Վերամշակման տեխնոլոգիաների զարգացումը համընթաց չէ էլեկտրական մեքենաների զարգացմանն ու թվաքանակի աճին։ Սա հանգեցնում է նրան, որ աղբավայրերում կուտակվում են գործածությունից դուրս եկած հազարավոր մարտկոցներ, որոնց կազմի մեջ մտնող վտանգավոր նյութերը անցնում են շրջակա միջավայր:

Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն հանդես են եկել նախաձեռնությամբ, ըստ որի, էլեկտական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և աշխարհի կառավարություններին հորդորում են մշակել մարտկոցների վերամշակման ծրագիր, և հնարավորինս կարճ ժամկետներում լուծել խնդիրը։

Ըստ ուսումնասիրության, մեկ միլիոն էլեկտրական մեքենաներից առաջանում է 250,000 տոննա թունավոր թափոն։ Եթե հաշվի առնենք էլեկտրական մեքենաների արտադրության աճի տեմպերը, ապա վիճակը չափազանց մտահոգիչ է։ Լիթիում-իոնային մարտկոցների ուտիլիզացման խնդիրն ավելի է բարդանում՝ պայմանավորված դրանց տեսակների բազմազանությամբ, կառուցվածքով ու քիմիական կազմով։

Այսպիսով, ըստ հաշվարկների, եթե շարունակվեն էլեկտրական տրանսպորտային միջոցների պահանջարկի ներկայիս միտումները, մինչև 2040 թվականը մարտկոցներ արտադրելու համար միայն Մեծ Բրիտանիայում անհրաժեշտ կլինի ութ գործարան (Gigafactory) կառուցել։

Լիթիում-իոնային մարտկոցների վերամշակումը ոչ միայն կնվազեցնի պինդ թափոնների աղբավայրերի ծավալները, այլև կհամապատասխանի մարտկոցների աստիճանաբար աճող պահանջարկին: Իսկ այս մարտկոցների պահանջարկը չափազանց մեծ է, և այս ոլորտում յուրաքանչյուր առաջընթաց մեծ արձագանք է գտնում։ Հիշեցնենք, որ 2019 թվականին լիթիում-իոնային մարտկոցների զարգացման համար Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի ֆիզիկոս Ջոն Գուդենաֆը, բրիտանացի քիմիկոս Սթենլի Ուիթինհեմն ու ճապոնացի քիմիկոս Ակիրա Էսինոնը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Ավելի վաղ անդրադարձել էինք գործածությունից դուրս եկած արևային վահանակների խնդրին, որոնք հայտնվելով աղբավայրերում վերածվում են թունավոր թափոնների։