ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է Covid-19-ի նկատմամբ խոցելի կենդանիների ցանկը

Գիտնականներն առանձնացրել են այն ողնաշարավոր կենդանիներին, որոնք կարող են վարակվել SARS-CoV-2-ով։ Ցանկում ընդգրկված է 411 տեսակի կենդանի։ Պարզվել է, որ վարակվելու ամենաբարձր ռիսկն ունի մարդը և նրան մոտ գտնվող պրիմատները։ Ուսումնասիրությունն օգնում է հասկանալ, թե որ պոպուլյացիաներն են ամենից շատ խոցելի այս վիրուսի նկատմամբ, և թե ինչպես կարող է դա կենդանիներից փոխանցվել մարդուն։

Կենսաբանների միջազգային թիմն ուսումնասիրել է շուրջ 411 ողնաշարավոր կենդանիների անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտ 2-ը և գենոմիկական ու կառուցքային վերլուծության ենթարկել այն։

Անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտ 2-ը (ԱՓՖ2, անգլ՝․ Angiotensin-converting enzyme 2) SARS-CoV-2-ի կողմից օգտագործվում է որպես բջիջների մեջ ներթափանցման ֆունկցիոնալ ընկալիչ։ Այլ կերպ ասած, հենց դրա միջոցով է այս վիրուսը մտնում մեր մարմնի բջիջների մեջ։ Այս գործում էական նշանակություն ունեն ամինաթթուները։

Գիտնականները պարզել են, որ գոյություն ունի կապ վարակման ռիսկի և ԱՓՖ2-ի ամինաթթուների հաջորդականության միջև․ որքան ամինաթթուների հաջորդականությունը մոտ է մարդուն, այնքան բարձր է վարակվելու ռիսկը։ Եվ հակառակը՝ որքան տարբեր են դրանք, այնքան ցածր է վարակվելու վտանգը։ Այս դիտարկումը կենսաբաններին թույլ է տվել կենդանիներին բաժանել հինգ խմբի:

Ամենաբարձր ռիսկային խմբում ընդգրկված են պրիմատների 18 տեսակներ (նեղքիթ կապիկներ, հոմինիդներ և այլն, ներառյալ՝ մարդիկ)։ Երկրորդ խմբում ներառված են կրծողները, ծովային կենդանիները, եղնիկները և լեմուրները: Գյուղատնտեսական կենդանիների ու կատվազգիների վարակվելու հավանականությունը միջին մակարդակում է, իսկ խոզերի, ձիերի, շների և մի քանի այլ տնային կենդանիների վարակվելու հավանականությունը՝ քիչ։ Պարկավորների, սողունների, երկկենցաղների և թռչունների վարակվելու հավանականությունը զրոյական է: «Ձեռք բերված տվյալները կարևոր են այն պոպուլյացիաների որոշման հարցում, որոնք SARS-CoV-2-ից կարող են առավելագույնս վնասվել», – ասել է ուսումնասիրության ղեկավար, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Հարիս Լևինը։

Պարզվել է, որ վարակման ենթակա կենդանիների մոտ 40% -ը, ըստ Բնության պահպանության միջազգային միության, վտանգված տեսակներ են (արևմտյան գորիլա, սումատրայան օրանգուտան, գիբոնի որոշ տեսակներ և այլն)։

Գիտնականները նաև պարզել են, որ վարակվելու սպառնալիքը ուղղակիորեն կապված է վիրուսը այլ տեսակներին փոխանցելու հնարավորության հետ. որքան մեծ է ռիսկը, այնքան ավելի հավանական է, որ կենդանին կկարողանա տարածել վիրուսը:

Այնուամենայնիվ, աշխատանքի հեղինակները նախազգուշացրել են, որ ստացված տվյալները դեռևս վերջնական չեն և դրանք պետք է հաստատվեն փորձերի միջոցով, իսկ դրանք ապագայում կօգնեն որոշել, թե որ տեսակներից է հնարավոր այս վիրուսի փոխանցումը մարդուն։

Ուսումնասիրությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։