ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սելֆիի միջոցով հնարավոր կլինի ախտորոշել սիրտ-անոթային հիվանդությունները

European Heart Journal ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ սելֆիները կարող են մատչելի և հեշտ միջոց լինել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման համար: Դեմքի չորս լուսանկարները բավարար են, որպեսզի համակարգչային ալգորիթմը, վերլուծելով դրանք, բարձր հավանականությամբ ախտորոշի պաթոլոգիան: Ալգորիթմը մշակվել է չինացի ծրագրավորողների ու բժիշկների համագործակցության արդյունքում։

Գաղտնիք չէ, որ որոշակի ֆիզիկական հատկանիշները կապված են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկի հետ: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է վերլուծել դրանք` հիվանդության ռիսկը կանխատեսելու և գնահատելու համար։

«Մեր տեղեկություններով, սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս, որ արհեստական ​​բանականությունը կարող է օգտագործվել դեմքերի լուսանկարները վերլուծելու միջոցով սիրտ-անոթային հիվանդությունները հայտնաբերելու համար»,- ասել է ուսումնասիրության համահեղինակ, Չինաստանի «Սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտության ազգային կենտրոնի» աշխատակից Զե Զենգը:

2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում հետազոտողներն ուսումնասիրել են 5796 հիվանդների՝ Չինաստանի ութ հիվանդանոցներից: Մանրամասնորեն ուսումնասիրվել են նրանց տվյալները, յուրաքանչյուրի դեմքի ֆիզիկական հատկանիշները, որոնք կապ ունեն այս հիվանդությունների հետ։ Ապա չորս անգամ լուսանկարել են հիվանդներին՝ դեմքը առջևից, երկու նկարը աջ և ձախ կողմերից և մեկը՝ վերևից։ Որից հետո սկսել են մշակել ալգորիթմը։

Ալգորիթմը փորձարկվել է 1013 պացիենտների վրա և պարզվել է, որ իր արդյունավետությամբ այն գերազանցում է հիվանդության կանխատեսման մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր մեթոդներին։

Այժմ ուսումնասիրությունները շարունակվում են՝ նպատակ ունենալով ընդլայնել հետազոտությունների շրջանակն ու ներգրավվել այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների ևս․ կատարված ուսումնասիրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատկանել է Չինաստանի խոշորագույն Հան էթնիկ խմբին։  

Սպասվում է, որ տեսանելի ապագայում այս ալգորիթմի միջոցով հնարավոր կլինի ախտորոշել բոլորին՝ անկախ էթնիկ պատկանելիությունից։ Ավելի մանրամասն՝ այստեղ