ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ուղեղ-համակարգիչ ներդիր (BRAIN COMPUTER INTERFACE)

Մի անգամ Իլոն Մասկին հարցրին, թե ինչ վտանգներ են սպառնում մարդկությանը։ Մասկը  պատասխանեց, որ դրանք երեքն են․ «Առաջինը լայնամասշտաբ միջուկային պատերազմն է, երկրորդը՝ կլիմայի փոփոխությունները (գլոբալ տաքացումը), իսկ երրորդը․․․»։ Մասկը լռել է ու ընկել խորը մտքերի մեջ։ Նա անհանգիստ էր։ Զրուցավարը հարցրել է, թե որն է երրորդ վտանգը։ Մասկը ժպտացել է ու պատասխանել․ «Հույս ունեմ համակարգիչները մեզ հետ լավ կվարվեն»։

Ա՛խ այդ համակարգիչները․․․

ՆՈՐ ՈՒՂԻ

Պատմության սլաքն անորոշ է։ Երբեք չենք կարող ասել, թե դա ուր կհասցնի մարդկությանը։ Ո՞վ կմտածեր, որ 70 հազար տարի առաջ ոչնչով աչքի չընկնող մարդն օրերից մի օր կդառնար կապույտ մոլորակի տերը։ Արդյո՞ք հնդկացի հոգևորականը, ով կարծում էր, թե Լուսնի վրա բնակվում են  բարեգութ հոգիներն ու աստվածները, կմտածեր, որ իր նման մարդը մի օր ոտք կդնի այնտեղ։

Հաղորդակցություն մղոնների միջև, միլիոնավոր մարդկանց ոչնչացնող ատոմային ռումբ, կյանքը երկարացնող դեղեր ու վիրահատություններ․․․ Մարդն իր հազարամյակների պատմության մեջ սրանք չէր նախատեսել, բայց պատմության սլաքը մարդուն տարավ հասցրեց այնտեղ, որտեղ ուզում էր (միգուցե, նախանշվա՞ծ էր), ու իր կախարդական փայտիկը նվիրեց նրան։

Եվ այսօր մարդն ինքն է կերտում իր պատմությունը։ Լինելով զարգացվածության որոշակի բարձրակետի վրա՝ մարդն այսօր շատ քիչ բաներից կարող է զարմանալ։

Արհեստական Բանականությունը, որը մարդկային զարգացվածության արդյունքն է, այսօր ընթանում է մի ճանապարհով, որի պայմանական վերջնակետը գերմարդն է, որն, օգտագործելով իր ուղեղի գրեթե կեսը, կարող է այնպիսի բաներ անել, որոնք սովորական մարդուն անհնարին են թվում։ Համեմատության համար ասենք, որ կարծիք կա, որ այսօր մարդն օգտագործում է իր ուղեղի 10-20%-ը։

Դեպի գերմարդ տանող ճանապարհը բաղկացած է մի քանի ուղիներից, որոնք ունեն իրենց սեփական մեթոդները, հնարավորություններն ու ունակությունները։ Այդ ուղիներից մեկը կոչվում է Brain Computer Interface (BCI):

BCI-ն ստանում է կախարդական փայտիկը

«Այն դարձել է իմ մի մասը»,- ասաց Հիվանդ VI-ը՝ նկարագրելով այն տեխնոլոգիան, որը նրան հնարավորություն տվեց կոտրել հաշմանդամության շղթան՝ 45 տարվա ծանր Էպիլեպսիայից հետո։

Բժիշկները էլեկտրոդներ էին տեղադրել նրա ուղեղի վրա, որոնք հատուկ ազդանշաններ էին ուղարկում ձեռքով կառավարվող սարքին, երբ զգում էին վերահաս Էպիլեպսիայի ակտիվություն։ Լսելով սարքի նախազգուշացումը՝ Հիվանդ VI-ը գիտեր, որ պետք է ընդունի դեղորայքի չափաբաժին՝ նոպան կանգնեցնելու համար։ «Դու ապրում ես այդ սարքի հետ և սովորում նրան, այն քո մի մասն է ամեն օր։ Այն դարձել եմ ես»,- պատմում էր Հիվանդ V-ը, ով տառապում էր Պարկինսոնի համախտանիշով, ուղեղի խանգարման մի համախտանիշ, որը առաջացնում էր ցնցումներ, կոպիտ վարքագիծ և քայլելու ու գործողությունները կորդինացնելու դժվարություններ։ Հիվանդ VI-ի դեպքը, ըստ հետազոտող Ֆրեդերիկ Գիլբերտի, նման է «արմատական սերտաճման» (radical symbiosis), մի իրավիճակ, երբ երկու տեսակների միջև գոյություն ունի խորը համակեցություն, այս դեպքում՝ ուղեղի և BCI-ի միջև, երբ Արհեստական Բանականությունը նկարագրում է մարդկային ուղեղի պոտենցիալը։ Սարքը, որը կոտրեց 45 տարվա արատավոր շղթան, կոչվում էր DBS (Deep Brain Stimulation), որը BCI-ի կախարդական փայտիկի հրաշքներից մեկն է։ BCI-ը մարդու ուղեղի և արտաքին սարքի միջև ուղիղ կապն է՝ նախատեսված ուսումնասիրելու, օժանդակելու, քարտեզավորելու և բարելավելու մարդկային իմացական և զգայական կարողությունները։ Այն միավորում է տարբեր բնագավառների տեխնոլոգիաներ, ինչպիսիք են էլեկտրական ճարտարագիտությունը, համակարգչային գիտությունը, կենսաինժեներիան և նյարդավիրաբուժությունը։ 

Սկզբնապես, BCI-ը ստեղծված էր բժկության համար։ Այսօր էլ, BCI-ի ուսումնասիրման և զարգացման կենտրոնացումը շարունակում են մնալ նյարդապրոտեզավորման ծրագրերը, որոնք օգնում են վերականգնել վնասված տեսողությունը, լսողությունը և շարժվելու ունակությունը։

Այսպես, 1978 թվականին Վիլիյամ Դոբելը կատարեց այնպիսի անհավանական բան, որը նոր հեռանկարներ բացեց մարդկության առջև։ Նա 68 էլեկտրոդներով իմպլանտներ տեղադրեց երիտասարդ տարիքում տեսողությունը կորցրած հիվանդի ուղեղի տեսողական դաշտում։ Կախարդանքը ստացվեց․ հիվանդը սկսեց տեսնել, որովհետև BCI-ը կարողացավ արտադրել Ֆոսֆեններ, որոնք կարևոր տարր են լույսը զգալու և տեսնելու համար։ Իհարկե, նրա տեսողությունը նման չէր մեր տեսողությանը, այն սահմանափակված էր մոխրագույն ստվերներով և փոքր դաշտով։ Բայց դա միայն սկիզբն էր։ Տեխնոլոգիաները բարելավվում էին և շարունակում են բարելավվել․․․

Սա ամենը չէ: 1944 թվականին ծնված Ջոնի Ռեյը տառապում էր Pseudocoma համախտանիշով։ Այս համախտանիշով տառապող մարդիկ ունեն գիտակցություն, սակայն չեն կարողանում շարժվել և հաղորդակցվել։ Նրանք կարողանում են միայն աչքերը թարթել։ Ատլանտայի Էմորի համալսարանի գիտնականների նախաձեռնությամբ նրա ուղեղի մեջ իմպլանտներ տեղադրվեցին, և Ջոնին, ձեռքի կուրսորը շարժելով, կարողանում էր ապրել և աշխատել։ Ցավոք, երկարատև հիվանդությունից հետո նրա ուղեղը քայքայվել էր, և նա չկարողացավ վայելել իր շարժվելու ունակությունը՝ մահանալով 2002 թվականին։ Օլդենբուրգի համալսարանի գիտնականները Գերմանիայում զարգացնում են մի BCI համակարգ, որը ունակ է ճշգրտորեն որոշել՝ ում ես դու լսում մի սենյակում, որտեղ մարդիկ զրուցում են։ 12 BCI համակարգեր պետք է լսեին տղամարդկանց և կանանց խոսակցություններ։ Նրանց աշխատանքն էր ուշադրություն դարձնել ընդամենը մեկ խոսակցության վրա։ Փորձարկումից հետո գիտնականները մանրամասն ուսումնասիրեցին BCI համակարգով ստացված արդյունքները։ Այս համակարգը, որի գլխավոր սարքը կոչվեց EEG (electroencephalogram), տվեց 60% ճշգրտություն, որը լավ արդյունք էր, բայց մարդու համար այնքան էլ հարմար չէր։ Գիտնականները ավելացրին մարդկանց լսելու ժամանակը 20 վայրկյանով, և EEG-ն տվեց 80% ճշգրտություն։ Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։

Իսկապես, BCI օգտակար է փոխարինելու կամ վերականգնելու մարդու այն կարևոր գործառույթները, որոնք հաշմանդամ են դառնում նյարդամկանային խանգարումներից՝ կողմնային ամիտրոֆիկ սկրելոզ, մանկական ուղեղային կաթված, ողնուղեղի վնասվածքներ և կաթված։

Նույնիսկ, Մաթյու Նեգլը, ով ծեծկռտուքից հետո տառապում էր Պարալիզմով, շնորհիվ ուղեղի մեջ տեղադրված BCI սարքի, կարճ ժամանակ անց մտքի ուժով կարողացավ Պինկ Պոնկ խաղալ ։

BCI-ն կարող է փոխարինել նաև դեղամիջոցներին և ներարկումներին, որոնք մարդիկ ստիպված են ամեն օր ընդունել։ Ի վերջո, կլուծվի նաև երկարակեցության հարցը։ Մարդիկ այլևս չեն երազի 100 տարի ապրելու մասին, որը կհամարվի միջին տարիք, և նրանք կերազեն ապրել 200 տարի։

Եթե դուք ապրեիք մի քանի դար առաջ և կորցնեիք ձեր վերջույթներից մեկը կամ մի քանիսը, գուցե ինքներդ ձեզ համարեիք մեռած: Հուսահատությունը ձեզ կկլաներ, երբ հասկանայիք, որ ոչ մի գործի համար այլևս պիտանի չեք: Բայց BCI-ն այստեղ էլ է մեզ օգնում: Վերջույթների պրոթեզները, որոնք պատրաստված են BCI-ի շնորհիվ, օգնում են ձեզ հուսահատությունից զերծ մնալ, պահպանել ձեր ինքնուրույնությունը և ողջ մնալ։ Դուք ձեզ մահացած չեք համարի, եթե կորցնեք ձեր վերջույթներից մեկը կամ մի քանիսը: Այսօր մարդիկ, ովքեր վերջույթների փոխարեն պրոթեզներ ունեն, վարում են նույն կյանքը, ինչ սովորական մարդիկ: Նրանք անում են այն, ինչ անում են սովորական մարդիկ: Իհարկե, կան բարդություններ, բայց դրանք այն բարդությունները չեն, որոնք լինում են, երբ վերջույթներ չունես: Մարդիկ ունակ են իրենց մտքի ուժով վերահսկել իրենց պրոթեզները: Ծանոթ մարդիկ կարող են պրոթեզների միջոցով ձեռքսեղմումով բարևել միմյանց, սիրահարները կարող են միմյանց ձեռք բռնել, մարդիկ նույնիսկ կարող են լողալ: Իհարկե, պրոթեզը դեռ չունի զգայական ընկալիչներ, այն չի կարող ցավ զգալ, տաք կամ սառը: Ամենակարևորն այն է, որ մարդն ի վիճակի կլինի կատարել անհրաժեշտ գործողություններ ու իրեն իսկական մարդ զգալ: Նա իր մտքի ուժով կարողանում է վերահսկել իր պրոթեզները: Չնայած հարց է, արդյո՞ք մարդու ուղեղն է վերահսկում  պրոթեզները, թե՞ BCI-ն դա անում: Դրա մասին ավելի ուշ։

BCI-ն նվաճում է աշխարհը։ Այն մաքրում է մարդու թերությունները, արթնացնում կյանքը և մղում նրան առաջ։ Ամեն ինչ հիանալի է։ Բայց BCI-ն չի սահմանափակվում միայն բժշկությամբ և մարդկանց կյանք պարգևելով։ BCI-ն մտադիր է անել մի բան, որը սառը ցնցուղ կլինի մեր ուղեղի համար։ Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս։

ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՇԱԿԻ

Պատկերացրեք, որ քայլում եք փողոցով և տեսնում եք մի մարդու, ով միաժամանակ քայլում է և պարում: Նա կատարում է պարային շարժումներ ու երգում յուրաքանչյուր շարժման հետ: Դուք մոտենում եք, հարգանքով ողջունում նրան։ Վերջինս դադարում է պարել ու երգել։ Նա ողջունում է ձեզ և կրկին շարունակում է նույն գործողությունները: Դուք կմտածեք, որ այս մարդը մի քանի օր շարունակ լսել է նույն երգը, և այդ երգը մնացել է նրա մեջ: Նա այնքան է սիրում այդ երգը, որ նույնիսկ չի կարող իրեն զսպել, մինչև որ կհասնի տուն ու կլսի նորից: Բայց դուք նույնիսկ չգիտեք, որ իր ուղեղի սարքի օգնությամբ նա կարող է լսել իր ուզած երգն առանց որևէ արտաքին սարքի կամ միջոցների: Դուք անգամ չէիք հասկացել, թե ինչպես էր այդ մարդը մտքի ուժով անջատել սարքի երաժշտությունը և նորից միացրել այն: Պատկերացրեք, թե որքան երջանիկ է այդ մարդը, երբ ամբողջ ճանապարհի ընթացքում ուղեկցվում է սեփական գլխի երաժշտությամբ։

Այո՛։ BCI կկարողանա զվարճացնել մարդկանց և օգնել, որպեսզի նրանք խնայեն ժամանակը՝ անելով միանգամից մի քանի գործողություն։ Այն սարքերը, որոնք կտեղադրվեն մարդու ուղեղում և որոնց շնորհիվ մարդը կլսի երաժշտություն առանց որևէ արտաքին սարքի, կարտադրվեն Neuralink ընկերության կողմից։ Այս ֆանտաստիկ գաղափարից դժվար չէ հասկանալ, թե ով է հիմնել այդ ընկերությունը: Իհարկե, ապագա մարսեցի Իլոն Մասկը (չեմ վախենում նրան տալ այդ կոչումը, անգամ կասկած չունեմ), որը փոխեց մեր երևակայությունը օդատիեզերքի մասին, հեղափոխեց մեքենաները, գնացքները և միջմայրցամաքային թռիչքները, ստեղծեց ինտերնետային ցանց Երկիր մոլորակի ուղեծրի շուրջը: Ու երբ մտածում էինք, որ Մասկն այլևս չի կարող մեզ զարմացնել, նա հայտարարեց իր նոր թիրախի մասին՝ մարդու ուղեղը։

2016 թվականին հիմնադրված Neuralink-ը մշակում է հատուկ սարքեր, որոնք իմպլանտի նման կտեղադրվեն մարդու ուղեղի մեջ։ Դրանց շնորհիվ մարդը կկարողանա մտքի ուժով կապ հաստատել իր համակարգչի, հեռախոսի կամ այլ սարքերի հետ։ Այդ սարքը, որը կմտնի ուղեղի մեջ, կլինի շատ բարակ, և կներառի ավելի շատ տեղեկատվություն, քան ներկայումս առկա կոշտ իմպլանտները, որոնք ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց թույլ են տալիս համագործակցել համակարգիչների հետ:

Սարքի միջոցով մարդիկ կկարողանան մտքով միանալ իրենց համակարգիչներին, այնտեղ որոշակի տեղեկություններ պահել, ինչի շնորհիվ մարդկանց հիշողության ծավալը կավելանա: Հիշողության կորստի բոլոր հիվանդությունները կմնան անցյալում: Բոլորը կդառնան բանիմաց, քանի որ տեղեկատվության փոխանցումը համակարգչից ուղեղ և ուղեղից համակարգիչ կդառնա վայրկյանների հարց։

Սարքը նաև պարունակում է մանր թելեր, որոնք, ունենալով որոշակի խնդիր, կկարողնան կասեցնել կաթվածի կամ այլ ուղեղի խանգարումների բռնկումները։ Այսպիսով, դա կարող է ծառայել որպես դեղամիջոց, և մենք կկարողանանք կասեցնել դեղերի անընդհատ հոսքը դեպի մեր օրգանիզմ։ Հատկանշական է, որ սարքը կարող է վերահսկվել նաև Iphone հեռախոսի համապատասխան հավելվածով կամ USB լարով։

Իհարկե, ընկերությունը դեռ նոր է սկսել իր գործունեությունը և դեռ շատ անելիքներ ունի։ Մասկի գաղափարները կարող են իրականանալ կամ՝ ոչ։ Պետք է սպասել և հուսալ, որ ամեն բան լավ կընթանա։ Բայց արդարության համար ասենք, որ փորձերի ընթացքում կապիկը, որի ուղեղում սարք է տեղադրված եղել, կարողացել է շփվել համակարգչի հետ։

Սիլիկոնյան հովիտը մի կարգախոս ունի․ «Շարժվել արագ և կոտրել իրերը»։ Բայց Մասկը անում է հակառակը։ Նա շրջանցում է արագությունը, անցնում է առաջ, վերցնում է իրերը ու դրանք ուղարկում թանգարաններին կամ պատմական գրքերին, որովհետև մտքի ուժով դրանք դարձել են հնություններ։

Մեդալի ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Դժվար է ասել, թե հիմա ինչ ճանապարհով ենք մենք ընթանում: Մի բան ակնհայտ է՝ որքան այդ ճանապարհը հույս է ներշնչում, կրկնակի անգամ վախեցնում է: Ի՞նչ նկատի ունեմ: Ամենը, ինչ ասացի իսկապես կօգնեն մարդկանց բարելավել իրենց կյանքը, այն նոր գույներ ձեռք կբերի։ Կյանքը կփոխվի, բայց մարդը չի լինի այսօրվա ու մեր իմացած մարդը՝ բնական և խելացի, ով աճում է, սովորում է, էլի է սովորում, ձեռք է բերում օգտակար գիտելիքներ, անում հայտնագործություններ ու մարդկանց տալիս ավելի որակյալ կյանք։

Մի քանի տարի անց մարդը մի փոքր կմեծանա, նրա ուղեղում սարք կտեղադրվի, և մարդը կիմանա ամեն ինչ միանգամից, և այդ սարքը ամեն ինչ կանի յուրաքանչյուր օրգանի կառավարման համար: Կյանքը կկորցնի իր իմաստն ու հետաքրքրությունը, երբ նոր բան չսովորես, չզարմանաս սովորածիցդ ու արթուն գիշերներ չանցկացնես տեղեկություն պրպտելով։ Մարդը կդառնա արհեստական արարած՝ բնությունից հեռու: Հիմա մարդուն վերահսկելու է ոչ թե ուղեղը, այլ սարքը: Մենք կխմենք, կուտենք հանուն մեր սարքի, և սարքը կդառնա մեր ամենակարևոր օրգանը: Ասածս ապացուցելու համար բերեմ Ֆրեդերիկ Գիլբերտի հետազոտությունը:

Եթե հիշում եք, ես վերևում արդեն հիշատակել եմ Հիվանդ VI-ին, ով 45 տարվա էպիլեպսիայից ու Պարկինսոնի հիվանդությունից հետո, ստացել էր հնարավորություն կրելու DBS սարք BCI համակարգով և ասել էր, որ այդ սարքը արդեն իր մի մասն է․ «Այն դարձել եմ ես»,- ասել էր նա։

Ֆրեդերիկ Գիլբերտը մանրամասն ուսումնասիրել է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող և BCI-ի միջոցով բուժված մարդկանց։ Իհարկե, մենք չենք կարող չափել բուժված մարդկանց երջանկությունը։ Պատկերացրեք ՝ դուք 45 տարի ինքնուրույն ոչինչ չեք արել՝ ոչ ջուր եք խմել, ոչ շարժվել ու քայլել։ Մեկ էլ հանկարծ մի սարքի միջոցով կարողանում եք շարժվել ու դադարել այլ մարդկանց համար բեռ լինելուց։ Սա լավ է, բայց կան ցավալի բաներ, որոնց մասին Գիլբերտը գրել է իր աշխատությունում։ Եվ դրանք BCI-ի ամենամեծ թերություններն են։

Գիլբերտը նշում է, որ DBS սարքը ունեցող հիվանդները ժամանակի ընթացքում դառնում են անտարբեր, նրանք չեն զգում՝ ինչ է կատարվում իրենց շուրջը, ժամանակի ընթացքում նրանց ուրախությունը հասնում է զրոյի։ Նրանք նման են դառնում մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան, բայց չեն կարողանում անել դա և ստիպված անում են այլ բան։ «Դուք պարզապես կցանկանաք իմանալ, թե ձեր մարմնի որքան մասն եք դուք»,- գրում է Գիլբերտը,- «Ձեր մտքերի որքան մասն է սարքը կազմում։ Ինչպես ես կմտածեի, եթե չունենայի այս համակարգը։ Դուք ձեզ կզգաք արհեստական»։

Նման դեպքերը հարցեր են առաջ քաշում, թե որքանով է BCI համակարգը ազդում մարդկանց որոշումների վրա։ Օրինակ՝ եթե DBS սարքը ունեցող մարդը ուրախ է իր բուժումը շարունակելու համար, արդյո՞ք բժիշկը կամ ցանկացած այլ մարդ կարող է մերժել նրան։ Իսկ եթե բուժումը վերջանա, ու բժիշկը հեռացնի սարքը ուղեղից՝ հիվանդի ցանկությունների դեմ, դա կենթադրի, որ համակարգը խանգարում է մարդուն իր համար որոշումներ ընդունել։ Իսկ եթե մարդը որոշակի կերպով մտածում է միայն այն ժամանակ, երբ սարքը արձակում է էլեկտրական հոսանք ու փոխում ուղեղի գործունեությունը, ապա մարդու մտքերը չեն արտացոլի նրա ես-ը։

Առաջանում է այլ հարց։ Մարդը, ով ունի DBS սարք, կարո՞ղ է արձագանքել՝ որքան է ինքը փոխվել, նա տեսնու՞մ է իր փոփոխությունները ու արդյո՞ք նա է ընտրում իր նախասիրությունները։

Նայենք այլ տեսնակյունից։ Մեր ամենօրյա կյանքում մենք ենթագիտակցաբար կատարում ենք տարբեր գործողություններ։ Հիմնվելով մեր գործողությունների վրա՝ մեր ուղեղը ֆիքսում է դրանք՝ մեզ համար դարձնելով սովորություններ, ու մենք դրանք անում ենք անկախ մեզնից։ Բայց Գիլբերտը, իր ուսումնասիրման ժամանակ նկատել է, որ BCI համակարգը աշխատում է ուղեղի փոխարեն։ Այսինքն՝ ուղեղը դառնում է երկրորդական օրգան՝ զիջելով իր տեղը արհեստական սարքին։ Փորձի ժամանակ, երբ հիվանդները որոշակի գործողություններ էին կատարում, գիտնականները նկատեցին, որ BCI համակարգը ավելի ակտիվ է, քան մարդու ուղեղը։ Այսինքն՝ մենք չենք կառավում ինքներս մեզ, մեր ուղեղը այլևս մեզ համար գլխավոր օրգան չէ, մենք կառավարվում ենք սարքի միջոցով, որը, հիմնվելով մեր անցած գործողությունների վրա, մշակում է որոշակի ալգորիթմներ ու դրանցով կառավարում մեզ։

Բայց ի՞նչ կլինի, երբ մենք լինենք այնպիսի իրավիճակում, երբ սարքը չունենա համապատասխան ալգորիթմ։ Արդյո՞ք սարքը օգնության կդիմի ուղեղին կամ շատ արագ կմշակի նոր ալգորիթմ։ Դժվար է ասել։ Շատ հավանական է, որ սարքի պատճառով մարդը կարող է ունենալ լուրջ վնասվածքներ։

Իրական կյանքում կամ ֆիլմերում տեսած կլինեք՝ ինչպես են մայրն ու իր երեխան քայլում այգում։ Նաև հանդիպած կամ տեսած կլինեք, թե ինչպես է հանկարծ ծառը ընկնում երեխայի վրա, ու մայրը կարողանում է բռնել իրենից մի քանի անգամ ծանր ծառը, մի փոքր դիմադրել, մի կողմ հրել՝ փրկելով իր երեխային։ Բայց սովորական պայմաններում մայրը չէր կարողանա պահել այդ ծառը։ Վերջերս գիտնականները ապացուցել են, որ մարդու մկանները ունակ են բռնելու և պահելու իրենից մի քանի անգամ ծանր իրերը, բայց ուղեղը թույլ չի տալիս դա անել՝ հետագա վնասներից խուսափելու համար։ BCI համակարգը դժվար կարողանա այս ամենը հաշվարկել։ Եվ յուրաքանչյուր հնարավորության դեպքում մարդը, բռնելով իրենից ծանր առարկաներ, կարող է վնասել իրեն։

Ուղեղը այն օրգանն է, որն ունի առավելագույն տեղեկատվությունը մեր մասին: Ուղեղը ունակ է մշակել այդ տեղեկատվությունը, զգուշորեն պահել իր մեջ, այնպես, որ միայն ինքը իմանա, թե ինչ ունի: Եվ նա գիտի՝ որը օգտագործել և ինչպես։ Ուղեղի պաշտպանական համակարգը կատարյալ է: Բայց պատկերացրեք թվային BCI համակարգը, որը ուղեղի փոխարեն հավաքում է ամբողջ տեղեկատվությունը, գիտի մեր մասին ամեն ինչ և ավելի հզոր է, քան մենք: Ցավոք, նրա պաշտպանական համակարգը չի լինի այնքան հզոր, որքան ուղեղինը: Եվ որպես թվային համակարգ, մեր ուղեղը փոխարինած BCI- ը կարող է ենթարկվել կիբերհարձակման: Հարձակումը կատարած մարդիկ կարող են բացահայտել մեր գաղտնիքները, իմանալ մեր մասին ամեն ինչ և, վերջապես, հրապարակել այն ինչ-որ սոցիալական կայքում: Բայց ես դեռ չեմ ասել ամենավատը: Կիբերհարձակվողը, իր մոտ ունենալով մեր BCI համակարգը կարող է ղեկավարել մեզ, ինպես ուզում է։

Այս առումով ապագա օրենսդիրները շատ անելիքներ ունեն: Նրանք պետք է սահմանեն թվային մարդու պաշտպանության օրենքը: Ըստ այդմ՝ անձի անձնական թվային տվյալները պետք է լինեն պաշտպանված և նա պետք է վստահ լինի, որ չեն հարձակվի իր համակարգի վրա։ Օրենքը խախտողների համար պետք է լինի հատուկ պատժիչ օրենք, որը պետք է լինի հնարավորինս խիստ, քանի որ ոչ ոք իրավունք չունի մուտք գործել անձի անձնական տարածք, հատկապես թվային կառավարման համակարգ, վերցնել բոլոր անձնական տեղեկություններն ու օգտագործել դրանք տվյալ անձի դեմ։

BCI-ը կարող է նաև ստեղծել սոցիալական ճեղքվածքներ: Եկեք նայենք ծնողների տեսանկյունից: Յուրաքանչյուր ծնող ունի երազանք, որ իր երեխան դպրոցում լավ սովորի, ունենա կայուն գիտելիքներ և ունենա ինքնուրույն կյանք և մտածողություն: Ծնողները երջանիկ են, երբ իրենց երեխան բացահայտումներ է անում, նոր բաներ է ստեղծում, և բոլորը աշխատում են ընդօրինակել այդ երեխայի պահվածքը: Ծնողների համար երջանկություն է, երբ տեսնում են իրենց երեխայի զարգացման ուղին: Եվ ոչ մի ծնող չի ցանկանա, որ իրենց երեխան ունենա արհեստական սարք, որը մտածում է երեխայի փոխարեն, որովհետև այդ դեպքում հաջողություններին կհասնի սարքը, և ոչ թե երեխան։ Ենթադրենք ծնողը թույլ չի տալիս, որ իր երեխան կրի BCI համակարգ, որովհետև նա ուզում է, որ իր երեխան ունենա իր կյանքի բնական ընթացքը։ Բայց հասարակության մեջ երեխան կարող է տարբերվել մյուսներից։ Երեխայի ընկերը, որը ծնողների ջերմ թույլատվությամբ կրում է BCI համակարգ, կունենա մի քանի անգամ ավելի շատ առավելություններ քան այդ երեխան։ Նախ նա կունենա հիշողության ավելի մեծ պաշար, ավելի շատ գիտելիքներ, մաթեմատիկական ամենաբարդ վարժությունները կկարողանա լուծել իր մտքում, գրքեր չի կարդա, որովհետև այդ գրքերը արդեն կան իր մտքում։ Այս պարագայում, երեխան, որը չունի BCI համակարգ, կճնշվի, իրեն թույլ ու անհաջողակ կզգա։ Իր ջանքերը, որոնք գործադրում էր ամեն օր, նրան ուղղակի ժամանակի վատնում կթվան։ Եվ ամենակարևորը, նրա արդյունքը չի երևա իր աչքին, որովհետև ընկերոջ արած աշխատանքների արդյունքները ավելի մեծ կլինեն, քան իրենը։ Արդյունքում կլինի սոցիալական ճեղքվածք։

Հասարակության մեջ կգտնվեն երեխաներ, ովքեր չունեն BCI համակարգ և ընկճված են: Եվ կլինեն երեխաներ, ովքեր ունեն BCI համակարգ և շատ հաջողակ են: Անկեղծ ասած, ոչ մի ծնող չի ցանկանա, որ իրենց երեխան ընկճված լինի և տարբերվի իր հասակակիցներից: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան երջանիկ լինի և խնդիրներ չունենա: Այս համատեքստում է, որ BCI համակարգը կդառնա ամենուր, ինչպես եղավ համացանցի դեպքում: 10 տարի առաջ շատ քչերն համացանց ունեին։ Նախ, մարդկանց մեծ մասը չուներ դրա հնարավորությունը, ինչպես նաև՝ ծնողների մեծ մասը համացանցը համարում էր այլասերվածություն ու երեխաներին հեռու պահում դրանից։  Նրանք, ովքեր համացանց ունեին, ավելի տեղեկացված էին համաշխարհային իրադարձություններին և նոր գիտելիքների ունեին: Իսկ նրանք, ովքեր չունեին դա, սահմանափակվում էին հին գիտելիքներով: Հետագայում անդունդը ունեցավ կամուրջ։ Այսօր համացանցը համատարած է։ Եվ եթե մի տեղ ասես, որ համացանց չունես տանը, քեզ անմիջապես խորհուրդ կտան ունենալ։ Հետո էլ ամեն տեղ տեսնելը գայթակղություն է առաջացնում, և դու էլ ես ուզում ունենալ։ Նույնը կարող ենք ասել սոցիալական կայքերի վերաբերյալ։ Նույնը կլինի նաև BCI հետ։

ՆՈՐ ՔԱՅԼ HOMO SAPIENS-Ի ՀԱՄԱՐ

Մարդկությունը պետք է կերտի իր սեփական ճանապարհը։ Բնական է, որ գերմարդը չպետք է նման լինի սովորական մարդուն։ Մենք՝ Homo Sapiens-ներս, սիրում ենք փոփոխություններ։ 70 հազար տարի առաջ, երբ սկիզբ դրվեց ապագայում Երկրի կառավարիչ դառնալու գործընթացը, մենք կրեցինք բազմաթիվ փոփոխություններ, և հենց այդ փոփոխություններն են, որ ապահովել են կյանքը մարդկության համար։

Ինչպես մարդիկ մանր ցեղային խմբերից անցան մեծ կայսրությունների, այդ նույն ճանապարհով սովորական մարդը կդառնա գերմարդ։ Եվ միգուցե հենց գերմարդն է, որ պիտի անցնի միջաստղային հեռավորություններ։

  ՄԻ ՀՈՒԶԻՉ ՎԵՐՋԱԲԱՆ

Եվ վերջապես, թույլ տվեք ասել՝ ինչ պատահեց Հիվանդ VI-ի հետ։

Ընկերությունը, որը Հիվանդ VI-ի համար արտադրել էր DBS սարք, սնանկացավ։ Նման պայմաններում, սարքը պետք է հեռացվեր Հիվանդ VI-ի ուղեղի միջից։ «Նա հրաժարվում էր և երկար ժամանակ դիմադրում էր»,- գրում է Գիլբերտը,- «բայց նա ոչինչ անել չէր կարող»։ Այդ ամենից հետո Հիվանդ VI-ը ասել էր․ «Ես կորցրեցի ինքս ինձ»։

Միգուցե, դա ավելին էր քան ուղղակի սարք․․․

Հոդվածի հեղինակ՝ Արամ Հայդարցյանը

Հեդվածը հասանելի է նաև անգլերեն լեզվով՝ այստեղ