ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

24,000 երազների լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք իրականության շարունակությունն են

Որտեղի՞ց են առաջանում երազները,- այս հարցը հազարամյակներ շարունակ հետաքրքրում է մարդկությանը։ Հնագույն քաղաքակրթությունները երազները մեկնաբանել են գերբնականի և հոգեպաշտության շրջանակներում, այնինչ ժամանակակից հասարակությունը միտված է կյանքի տեսանկյունից վերլուծելու և մեկնաբանելու այն՝ փնտրելով ընդհանուր բովանդակություն երազի և առօրյա կյանքի միջև։

Հետազոտողների թիմը Իտալիայի Ռոմա Տրե համալսարանի (Roma Tre University) համակարգչային գիտնական (computer scientist) Ալեսանդրո Ֆոգլիի գլխավորությամբ անցկացրել է ընդգրկուն հետազոտություն՝ փորձելով բացահայտել այս կապը։ Ընդհանուր առմամբ թիմն ուսումնասիրել է 24,000 երազ։ Ըստ ուսումնասիրության արդյունքների երազներն հանդիսանում են իրականության շարունակությունը, ինչպես նշում են հետազոտողները՝  «․․․երազների մեծ մասն, իրականում, շարունակություն է այն ամենի, ինչ կատարվում է առօրյա կյանքում (օրինակ՝ անհանգիստ կյանքը հանգեցնում է բացասական ազդեցություն ունեցող երազների կամ երազները ազդում են խնդիրների լուծման հմտությունների վրաև այլն)։

Երազների մեկնաբանման նման տեսությունները առաջացել են 20-րդ դարում՝ Զիգմունդ Ֆրոյդի և այլոց աշխատանքներից, ովքեր կարծում էին, որ երազների թաքնված իմաստները կարող են բացվել այն դեպքում, երբ ուսումնասիրվեն մարդու իրական կյանքի փորձի համատեքստում:

Երազների թաքնված իմաստները մեկնաբանելու ամենահայտնի համակարգերից մեկը, այսպես կոչված, Hall and Van de Castle համակարգն է, որը երազները կոդավորում է ըստ դրանցում առկա կերպարների։ 1966 թվականին Քելվին Հոլը և Վան դե Քասլը հրատարակեցին «Երազների բովանդակության վերլուծություն» աշխատությունը, որտեղ նրանք մատնանշեցին ուսանողների 1000 երազները ուսումնասիրելու կոդավորման մի համակարգ: Արդյունքները ցույց են տվել, որ աշխարհի տարբեր հատվածներից մասնակիցների երազների բովանդակություններն ունեն նմանություններ։

Իրենց նոր ուսումնասիրության ժամանակ Ֆոգլին և նրա թիմը հիմքում ունեցել են Hall and Van de Castle մեթոդը՝ միաժամանակ կիրառելով համակարգչային ալգորիթմներ։ Դա թույլ է տվել հետազոտողներին ընդարձակելու ուսումնասիրության մասշտաբները և վերլուծելու 24,000 երազի հիման վրա գրված զեկույցներ՝ քաղված DreamBank կոչվող շտեմարանից։

Վերլուծության արդյունքում երազներում առանձնացվել են «վիճակագրական ցուցիչներ», որոնք, ինչպես հետազոտողներն են նշում, արտացոլում են այն, ինչը տվյալ անձն իրականում զգում է կամ ցանկանում։

Արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science ամսագրում։