ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ ազդեցություն ունի մարդկային գործոնը օվկիանոսների փոփոխության վրա

Ջրային տարածքներում,  մասնավորապես՝ օվկիանոսներում, իրականացվող շինարարական աշխատանքները նույնքան տարածված են, որքան ցամաքում իրականացվող աշխատանքները։ Ըստ նոր ուսումնասիրության արդյունքների,  թեև այս կառույցները զբաղեցնում են լանդշաֆտի աննշան մասը, բայց դրանց թողած հետքը բավականին մեծ տարածք է ընդգրկում։ Դրանք, ըստ էության, օվկիանոսներում տեղակայված ենթակառուցվածքներ են, որոնք տարեց տարի որոշակիորեն ձևափոխում են օվկիանոսները։

Սիդնեյի համալսարանի և Սիդնեյի ծովային գիտությունների ինստիտուտի (Ավստրալիա) թիմը քարտեզագրել է օվկիանոսներում մարդածին փոփոխությունները:  Ուսումնասիրությունը ներառում է տեղեկատվություն նավթային կայանքների, հողմակայանների, հեռահաղորդակցման մալուխների, նավահանգիստների, կամուրջների, թունելների, ջրային տնտեսությունների և այլ ենթակառուցվածքների մասին, որոնք կառուցվել են մինչև 2018 թվականը:

Սա առաջին ընդգրկուն ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս, թե որքան է փոխվել ջրային միջավայրը շինարարության պատճառով: Օվկիանոսների վրա գտնվող ենթակառուցվածքներն զբաղեցնում են շուրջ 32 հազար քառակուսի կիլոմետր տարածք. սա համաշխարհային օվկիանոսի 0,008 տոկոսն է: Ենթակառուցվածքների 40 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին:

Նախագծի հեղինակ դոկտոր Անա Բանգոն նշել է, որ այդ կառույցների հետքը (աղտոտվածությունը, հոսանքների փոփոխություն և այլն) շատ ավելի մեծ է և ընդգրկում է մոտ 3,4 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։

Ըստ գիտնականների, օվկիանոսների վրա մարդու ազդեցությունը սկսել է արագորեն աճել քսաներորդ դարի կեսերին: Այն հիմնականում ազդում է ափամերձ տարածքների վրա: Հասկանալու համար, թե դա ինչպես կանդրադառնա շրջակա միջավայրի վրա տասը տարի անց, հեղինակները ուսումնասիրել մոտ ապագայում սպասվող նախագծերի տվյալները: Նրանք պարզել են, որ մինչ 2028 թվականը ծովային ենթակառուցվածքների տարածքը կավելանա 50-70 տոկոսով: Սակայն այս ցուցանիշը վերաբերում է միայն կառուցման օրինական թույլտվություն ունեցող նախագծերին, իսկ շատ շրջաններում օֆշորային շինարարությունը գրեթե կարգավորված չէ, ուստի ապագայում նախատեսվող օբյեկտների վերաբերյալ դեռևս հնարավոր չէ ճշգրիտ տեղեկատվություն հավաքել։

Գիտնականներն հույս ունեն, որ ուսումնասիրությունը ցույց կտա, թե որքան կարևոր է պահպանել ջրային միջավայրը և կարգավորել շինարարությունը: Բացի այդ, ստացված արդյունքները կարող են ելակետ դառնալ հետագա հետազոտությունների համար և օգնել ստեղծելու գործիքներ օֆշորային կառույցների մոնիտորինգի համար:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Sustainability ամսագրում: