ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է խմելու ջրի մեջ լիթիումի առկայության և ինքնասպանությունների վիճակագրության միջև կապը

Հոգեմետ դեղամիջոցներում օգտագործվող մետաղը խմելու ջրի միջոցով կարող է չափելի ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրության, հոգեկան վիճակի և նույնիսկ՝ ինքնասպանության մտքերի վրա:

Ժամանակակից տեխնիկայում ամենակիրառական մետաղներից մեկը՝ Լիթիումը, որը միաժամանակ ամենաթեթև մետաղն, այժմ լայնորեն կիրառվում է ոչ միայն մարտկոցների, լազերների և այլ սարքավորումների արտադրության, այլև՝ բժկության մեջ․ լիթիումի պատրաստուկները լայնորեն կիրառվում են հոգեպես անառողջ մարդկանց վիճակը կայունացնող դեղերի մեջ։

Լիթիումի աղերն ունեն տրամադրությունը կարգավորելու և ինքնասպանության տրամադրվածությունը որոշակիորեն մեղմելու ապացուցված ունակություն։ Դրանք հատկապես արդյունավետ են երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեցող հիվանդների մոտ: Նույնիսկ լիթիումի միկրոդոզաները (օրական մոտ 400 միկրոգրամ) շոշափելի ազդեցություն ունեն:

Բնության մեջ լիթիումի հետքեր կարելի է գտնել գրեթե ամենուր։ Դրանք բնական ճանապարհով անցնում են նաև ջրի ու սննդի մեջ։ Բրիտանացի մի խումբ հետազոտողներ ընդգրկուն ուսումնասիրություններ են իրականացրել և եկել եզրակացության, որ խմելու ջրի մեջ լիթիումի անտեսանելի ներկայությունը կարող է չափելի ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա: Սա իր տեսակի մեջ առաջին ուսումնասիրությունն է, որը հաստատում է այս կապը։

Հետազոտողները հսկայական քանակությամբ տվյալներ են մշակել՝ միաժամանակ վերլուծելով թվով 15 ուսումնասիրություն, որոնք պարունակում էին Ճապոնիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Հունաստանի, Իտալիայի և Լիտվայի 1286 բնակավայրերի վիճակագրությունը: Լիթիումի միջին մակարդակը, որը հայտնաբերվել է խմելու ջրի նմուշներում, մեկ լիտրում 3,8 միկրոգրամից մինչև 46,3 էր, ընդ որում որոշ նմուշներում այն գերազանցում էր 80 միկրոգրամը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ խմելու ջրի մեջ լիթիումի ավելի բարձր մակարդակը իսկապես կապված է որոշակի տարածքում ինքնասպանությունների ցածր մակարդակի հետ:

Հետազոտության հեղինակները, կարծում են, որ պետք է համագործակցել համայնքային իշխանությունների հետ և փոքրամասշտաբ փորձեր իրականացնել՝ ջրամատակարարման համակարգերում լիթիում ավելացնելու միջոցով։ Այդպիսով ստուգել խմելու ջրի մեջ լիթիումի առկայության և տրամադրության ու ինքնասպանություննների վիճակագրության միջև կապը։ Բացի այդ, ըստ նրանց, պետք է լրացուցիչ տվյալներ հավաքել սննդի մեջ լիթիումի առկայության և դրա հետևանքների վերաբերյալ։

Ինչպես նշում են նրանք, ոմանց համար դա անխուսափելիորեն կհամարվի կառավարության կողմից իրականացվող դավադրություն, այնինչ ակնկալվող արդյունքը ստանալու դեպքում մեծապես կնվազի ինքնասպանությունների թիվը։

Արդյունքները հրապարակվել է The British Journal of Psychiatry ամսագրում։