ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սմարթֆոններից կախվածությունն առավել հաճախ հանդիպում է թերարժեքության զգացում ունեցող մարդկանց մոտ

Վերջին տարիներին հոգեբանների շրջանում սկսել է կիրառվել նոմոֆոբիա եզրույթը  (անգլ.՝ Nomophobia, no mobile-phone phobia (ֆոբիա՝ առանց բջջային հեռախոսի) արտահայտությունից), որը բնութագրում է տագնապային այնպիսի վիճակ, որն առաջանում է, երբ մարդը որոշ ժամանակով մնում է առանց իր սմարթֆոնի կամ առանց դրա դուրս է գալիս տանից: Թերևս, հարկ է նշել, որ նոմոֆոբիան դեռևս գրանցված չէ Ամերիկայի հոգեբույժների ասոցիացիայի կողմից ընդունված հիվանդությունների ցանկում (Diagnostic and Statistical Manual of mental disorders):

Ըստ հարցումների, ամերիկացիների մեծ մասը՝ 81%-ը, իսկ մինչև 29 տարեկան երիտասարդների շրջանում 96%-ն ունեն առնվազն մեկ սմարթֆոն: 2013 թվականին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սմարթֆոնի օգնությամբ մարդիկ կարծես թե «ընդլայնում» են իրենց «Ես»-ը՝ թվային աշխարհին միանալու միջոցով: Այսպիսով, ինչպես և այլ կախվածությունների դեպքում, սմարթֆոնը փոխարինում է մարդու սեփական «Ես»-ի մի մասը, այդպիսով՝ մարդու մոտ առաջացնելով կիսատ (երկատված) դառնալու վախ։

Այսինքն՝ ուղեղը կարող է արձագանքել սմարթֆոնի բացակայությանը մոտավորապես նույն կերպ, ինչպես կարձագանքեր անդամահատված մարմնի մասին։ Անգամ հայտնի են սմարթֆոնի «ֆանտոմային ցավի» դեպքեր. երբ մարդիկ զգում են իրենց սմարթֆոնի վիբրացիան, բայց իրականում նրանց մոտ սմարթֆոն չկա:

Օհայոյի պետական ​​համալսարանի (ԱՄՆ) գիտնականների կողմից վերջերս կատարված հետազոտությանը մասնակցել է Պորտուգալիայում բնակվող 18-ից 24 տարեկան 495 մարդ։ Ուսումնասիրել են սմարթֆոններից մարդկանց կախվածության աստիճանը, ինչպես նաև տագնապայնության, օբսեսիվության և թերարժեքության ընդհանուր զգացողության հետ կապված այլ ցուցանիշներ։ Հարցվածները նշել են, որ սմարթֆոններն օգտագործում են օրական չորսից յոթ ժամ ՝ հիմնականում սոցիալական ցանցեր մուտք գործելու համար:

Մասնագետները թույլ, բայց դրական փոխկապակցվածություն են հայտնաբերել հետևյալ ցուցանիշների միջև. որքան երկար են մասնակիցները օգտագործում սմարթֆոնը, այնքան ավելի արտահայված է նրանց մոտ նոմոֆոբիան։

Հետազոտողները նաև պարզել են, որ որքան ավելի շատ են մասնակիցները հակված տարատեսակ մոլուցքների, սոմատիկ հիվանդությունների, դեպրեսիայի, անհանգստության, թշնամանքի և պարանոիդ գաղափարների, այնքան ավելի շատ են վախենում մնալ առանց սմարթֆոնի: Բացի այդ, պարզվել է, որ սթրեսի մեջ գտնվող մարդիկ իրենց սմարթֆոնը դիտարկում են որպես սթրեսի կառավարման գործիք: Այսպիսով, հետազոտողները եզրակացնում են, որ նոմոֆոբիայի հակումը կարելի է բացատրել մարդկանց մոտ թերարժեքության ընդհանուր զգացումով:

Հետազոտությունը հրապարակվել է Computers in Human Behaviour Reports ամսագրում։