ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Google-ն իրականացրել է քիմիական ռեակցիայի առաջին քվանտային մոդելավորումը

Քվանտային քիմիան համարվում է քվանտային հաշվարկների իրականացման առավել հեռանկարային ոլորտներից մեկը: Այս ոլորտում արդեն իսկ նկատելի առաջընթաց են գրանցել IBM-ի և Google-ի մասնագետները։ Նախկինում, օգտագործելով մի քանի կուբիթից բաղկացած պրոցեսորներ, արդեն հնարավոր էր մոդելավորել ոչ այնքան բարդ մոլեկուլների կառուցվածքը (օրինակ՝ Բերիլիումի հիդրիդ BeH2):

Google AI Quantum-ի ինժեներները, օգտագործելով 54 քուբիթանոց ( 54-qubit) Sycamore քվանտային պրոցեսորը, մոդելավորել են դիազեն կոչվող մոլեկուլի իզոմերացումը (ներմոլեկուլային ռեակցիա, որի ընթացքում փոխվում է մոլեկուլի կառուցվածքը, անփոփոխ է մնում բաղադրությունը): Sycamore-ը Google-ի քվանտային պրոցեսորն է, որը 2019 թվականին 200 վայրկյանում ավարտեց մի առաջադրանք, ինչը լուծելու համար ժամանակակից գերհամակարգչից կպահանջվեր 10,000 տարի: Հաղումը՝ այստեղ։

Google’s Sycamore quantum processor, which was behind the breakthrough

Ինչպես նշում են հեղինակները, Sycamore-ն առաջադրանքը հիանալի է կատարել՝ ճշգրիտ նկարագրելով մոլեկուլում ջրածնի ատոմների դիրքի փոփոխությունները: Հաշվարկների համար օգտագործվել է պրոցեսորի 54 քուբիթից միայն 12-ը, իսկ սա կրկնակի ավելին է, քան նմանատիպ գործընթացները մոդելավորելու նախորդ փորձերը:

Մոդելավորման համար օգտագործվել է նաև հատուկ ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս հաշվարկներն իրականացնել հաշված րոպեների ընթացքում, ինչը սովորական գերհամակարգչի համար կարող է պահանջել երկար տարիներ:

Քվանտային համակարգիչների զարգացումը լայն հնարավորություններ է ստեղծում գիտության և տեխնիկայի ամենատարբեր ոլորտներում: Ֆանտաստիկ հնարավորություններ ունեցող այս տեխնոլոգիայի զարգացման մրցավազքը շարունակվում է՝ խոստանալով անհնարինը դարձնել հնարավոր։