ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է կլոնավորել 22 տարի առաջ սատկած Պրժևալսկու ձիուն

Քուռակը ծնվել է օգոստոսին Տեխասի անասնաբուժական կլինիկայում: Այն կլոնավորվել է 1998 թվականներին սատկած Պրժեվալսկի ձիու սառեցված գենետիկական նյութից։ Քուռակը լիովին առողջ է ծնվել և ապագայում կկարողանա սերունդ տալ: Այս մասին տեղեկանում ենք Սան Դիեգոյի (ԱՄՆ) կենդանաբանական այգու մամլո ծառայության տարածած հայտարարությունից։ Նյութը, որը սառեցվել էր շուրջ 40 տարի առաջ, պահվում էր Սան Դիեգոյի կենսաբանկում։ Փորձի մեջ ներգրավված են եղել նորագույն մեթոդների կիրառմամբ անհետացող և ոչնչացված տեսակների պահպանմամբ զբաղվող Revive & Restore կազմակերպությունը և ձիերի կլոնավորման մեջ մասնագիտացված ViaGen Equine ընկերությունը։

Պրժևալսկու ձին (Przewalski’s horse) վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակն է։ Այս ձիերն ընդգրկված են վտանգված տեսակների շարքում։  Վերջին անգամ վայրի բնության մեջ Պրժևալսկու ձի տեսել են 1969 թվականին՝ Մոնղոլիայում։ Այժմ այս ձիերը պահպանվում են կենդանաբանական այգիներում ու արգելանոցներում։

Կլոնավորումից ծնված քուռակին անվանել են Կուրտ՝ San Diego Zoo Global (SDZG) Frozen Zoo միջազգային կենսաբանկի հիմնադիր Կուրթ Բենիրշկեի անվամբ, ով 1975 թվականից ի վեր ոչնչացման եզրին գտնվող կենդանիներից հավաքում և պահպանում է գենետիկական նյութեր։

«Վերարտադրողականության առաջատար տեխնոլոգիաները, ներառյալ կլոնավորումը, կփրկեն որոշ տեսակների և թույլ կտան մեզ վերականգնել գենետիկական բազմազանությունը, որը հակառակ դեպքում կարող է կորսվել»,- ասել է Revive & Restore-ի գործադիր տնօրեն Ռայան Փելանը: Պրժևալսկու ձիերը միակ տեսակը չեն, որը ընկերությունը փորձում է վերակենդանացնել՝ օգտագործելով կենսատեխնոլոգիան: Խումբն այժմ աշխատում է վեց կենդանիների կլոնավորման ուղղությամբ, այդ թվում՝ բրդոտ մամոնտի (Woolly mammoth), որն անհետացել է չորս հազար տարի առաջ: Հետազոտողներն այս կլոնավորումը համարում են գիտական մեծ առաջընթաց, որի շնորհիվ հնարավոր կլինի փրկել ոչնչացման եզրին գտնվող բազմաթիվ տեսակներ։

Ավելի մանրամասն՝ այստեղ