ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Տերմինատորի աչքեր, գիտնականները ստեղծել են լազեր, որը թույլ կտա տարբերել առարկաները խիտ մառախուղի, ծխի կամ ամպերի միջով

Ինքնակառավարվող մեքենաների և ինքնավար համակարգերի զարգացման հիմնական խնդիրը մնում է դրանց` շրջակա միջավայրը վերլուծելու և շրջապատող օբյեկտները տարբերելու կարողությունը: Տեսախցիկները, ուլտրաձայնային սենսորներն ու LIDAR համակարգերը մոտակա օբյեկտները գնահատելու և դրանցից հեռավորությունը ֆիքսելու հարցում կարող են սխալվել, իսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում սխալվելու հավանականությունը բազմապատկվում է։ Սթենֆորդի համալսարանի գիտնականները կարծես թե գտել են այս խնդրի լուծումը. հետազոտողները ներկայացրել են նոր լազերային սարք, որը կարող է տարբերակել առարկաները նույնիսկ խիտ մառախուղի, ծխի կամ ամպերի շերտի միջով: Սարքի հիմքում Confocal diffuse tomography (CDT) կոչվող մեթոդն է, որն ուսումնասիրում է օբյեկտը՝ չափելով լազերի իմպուլսներից առաջացող լույսի մասնիկների արագությունը, որոնք արտացոլվում են խոչընդոտի հետևում գտնվող օբյեկտից։ Այս չափումները կատարվում են համակարգչային ալգորիթմի միջոցով, որը մշակում է ազդանշանը և վերականգնում այն օբյեկտների ձևերը, որոնք գտնվում են խոչընդոտների հետևում և տեսանելի չեն։ Գիտնականների կողմից անցկացված փորձը հաստատել է լազերային սարքի մեկ դյույմ հաստությամբ (2.54 սմ) փրփուրի շերտի հետևում գտնվող առարկաները տարբերելու կարողությունը:


Նախկինում ևս օգտագործվել են նմանատիպ տեխնոլոգիաներ, սակայն այս համակարգը առաջինն է, որ կարող է արդյունավետ գործել նույնիսկ այն դեպքում, երբ բացակայում են խոչընդոտի հետևում գտնվող օբյեկտի տարածական տվյալները։
Սարքը հաջողությամբ կարող է կիրառվել ամենատարբեր բնագավառներում, օրինակ, անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգերը կատարելագործելու մեջ կամ Երկրի մակերևույթի (կամ այլ մոլորակների) արբանյակային պատկերները խիտ ամպերի միջով ֆիքսելու համար և այլն:
Ըստ մշակողների, այս փուլում սարքն ունի մեկ հիմնական թերություն` ազդանշանի մշակման ցածր արագությունը, որը տևում է մեկ րոպեից մինչև մեկ ժամ:
Ուսումնասիրությունը տպագրվել է Nature Communications ամսագրում։