ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Գիտնականներն առաջարկում են Մարս մոլորակի վրա նախատեսվող բնակելի բազան կառուցել տեղի հումքից

Նոր տեխնոլոգիան Մարս մոլորակի ապագա գաղութարարներին թույլ կտա շինարարության ու արտադրության համար ահնրաժեշտ նյութերը ստանալ տեղում․ գիտնականների առաջարկած տարբերակը շատ պարզ է, ընդամենը անհրաժեշտ է Մարսի գրունտին (բնահող) ավելացնել խիտին (ածխաջրերի խմբի օրգանական նյութ)։

Որքան ավելի լայնորեն են քննարկվում Մարսի վրա բնակեցված բազայի կառուցման ծրագրերը, այնքան հրատապ է դառնում հարցը, թե ինչպես և ինչից կարելի է այն կառուցել՝ առանց Երկրից հսկայական քանակությամբ նյութեր առաքելու: Խավիեր Ֆերնանդեսը և Սինգապուրի տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի իր գործընկերներն առաջարկում են այդ նպատակով օգտագործել տեղի գրունտի և սովորական խիտինի համադրությունը:

Խիտինը ամենատարածված կենսապոլիմերներից մեկն է, որը հանդիպում է հոդվածոտանիների արտաքին կմախքի (ծածկույթի) բաղադրության մեջ, ինչպես նաև որոշ ջրիմուռների ու բակտերիաների բջջաթաղանթում։

Մեթոդի հեղինակները կարծում են, որ եթե Մարսի վրա գաղութարարների կյանքի պահպանման նպատակով ստեղծվի արհեստական էկոհամակարգ, ապա խիտինն անպայման դրա բաղադրիչ տարրերից մեկն էլ լինելու։

 PLOS One ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նկարագրում են պարզ քիմիական պրոցեսը, որը խիտինը տարանջատում է մոնոմերների, այնուհետև խիտոզանը համատեղում է տեղի հողի հետ՝ շինանյութ ստեղծելու համար: Հեղինակների կարծիքով, այս տեխնոլոգիան ժամանակատար չէ, չի պահանջում մեծ էներգիայի սպառում և մասնագիտացված սարքավորումներ, իսկ ստացված նյութը կարող է օգտագործվել ոչ միայն շենքեր կառուցելու համար, այլ նաև տարբեր սարքավորումների և գործիքների արտադրության մեջ։

Գիտնականներն իրենց մեթոդի արդյունավետությունը ցույց են տվել գործողության մեջ՝ օգտագործելով խիտին և Մարսի գրունտի իմիտատոր, որից ստացել են բնակելի բազայի փոքրը մոդելն ու մի քանի գործիքներ։ «Տեխնոլոգիան ի սկզբանե նախատեսված էր քաղաքներում գնդաձև, փակ էկոհամակարգեր կառուցելու համար»,- բացատրում է Ֆերնանդեսը: «Սակայն ընթացում պարզ դարձավ, որ դա կյանքի առաջացման ու զարգացման համար անբարենպաստ մոլորակներում ու արբանյակներում ամենաարդյունավետ միջոցը կարող է լինել՝ ռեսուրսների սակավության պայմաններում»,- եզրափակել է նա։