ՏԻԵԶԵՐՔ

ՈՒրանի արբանյակները նման են Պլուտոնին․ գիտնականները նոր ուսումնասիրություն են անցկացրել

Հեռավոր մոլորակների ու երկնային մարմինների վերաբերյալ նոր բացահայտումները շարունակում են զարմացնել մեզ։ Հերշել (Herschel) տիեզերական աստղադիտակի կողմից ստացված արխիվային պատկերների շնորհիվ հնարավոր է դարձել ուսումնասիրել Ուրանի մեծ արբանյակները։ Պարզվել է, որ դրանք, իրենց կազմությամբ,  շատ նման են գաճաճ մոլորակներ Պլուտոնին և Հոմեային:

Սառցե հսկա Ուրանը մոտ 20 անգամ ավելի հեռու է Արեգակից, քան Երկիր մոլորակը: Այն ունի 27 արբանյակ, որոնցից ամենամեծերը հայտնաբերվել են դեռևս 18-րդ դարի վերջին Ուիլյամ Հերշելի կողմից: Ինֆրակարմիր տիրույթում ստացված պատկերները ցույց են տվել, որ հինգ ամենամեծ արբանյակները կազմությամբ նման չեն ո՛չ որևէ այլ արբանյակի, ո՛չ էլ Ուրանին: Տիտանիա, Օբերոն, Ումբրիել, Արիել և Միրանդա արբանյակներն իրենց կազմությամբ  ավելի մոտ են Պլուտոնին և նրա հարևան Հոմեային։

Հարկ է նշել, որ Ուրանի արբանյակներն ուսումնասիրելը միշտ էլ բարդ խնդիր է եղել, քանի որ դրանք պտտվում են մոլորակին բավական մոտ և վերջինիս ֆոնին դրանց տարբերակելը բավականին դժվար է։ «Լինելով 500-ից 7400 անգամ ավելի աղոտ, արբանյակները միմյանց մոտենալիս միաձուլվում են տարբեր լուսային արտեֆակտների հետ»,- ասում է աստղաֆիզիկոս Գաբոր Մարտոնը: «Այս լուսավորման մեջ առանձնանում են միայն ամենավառ արբանյակները՝ Տիտանիան և Օբերոնը»:

Ի սկզբանե գիտնականներին այդ արբանյակները չէին էլ հետաքրքրում. նախատեսվում էր որոշել, թե ինչպես է վառ ինֆրակարմիր աղբյուրը՝ Ուրանը, ազդում հեռավոր գալակտիկաների ուսումնասիրությունների վրա, որոնք 2009-2013 թվականներին անց է կացրել Herschel աստղադիտակը: Սակայն ստացված պատկերներում արբանյակները նույնպես տեսանելի էին։ Այս մասին Մարտոնը և նրա գործընկերները հայտնում են Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված հոդվածում։

Ավելի մանրամասն՝ այստեղ։