ՏԻԵԶԵՐՔ

Փորձերը ցույց են տվել «ադամանդե» էկզոմոլորակների գոյության հավանականությունը

Ամերիկացի գիտնականները փորձերի արդյունքում եկել են եզրահանգման, որ ածխածնով հարուստ էկզոմոլորակները կարող են բաղկացած լինել ադամանդներից և սիլիցիումի երկօքսիդից։ Որպեսզի դա հնարավոր լինի, մոլորակը պետք է պարունակի նաև բավարար քանակությամբ ջուր:

 «Ադամանդե» էկզոմոլորակների գոյության գաղափարը նոր չէ: Դեռևս 2012 թվականին շրջանառվեց վարկած, ըստ որի Խեցգետնի համաստեղությունում գտնվող 55 Cancri e էկզոմոլորակը պարունակում է բավականին շատ ածխածին, որը ճնշման տակ ընդերքում աստիճանաբար ձևավորվում է ադամանդների կամ գրաֆիտի հսկայական շերտեր:

Որպեսզի ցույց տան ադամանդներից և սիլիցիումի երկօքսիդից կազմված մոլորակների գոյության հնարավորությունը, Չիկագոյի և Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանների գիտնականները փորձեր են անցկացրել, որի ընթացքում վերարտադրել են այդպիսի մոլորակների ներքին միջավայրի պայմանները: Այդպիսի միջավայր ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են բարձր ջերմաստիճան և մեծ ճնշման տակ գտնվող հատուկ ադամանդե զնդաններ (նման պայմանները բնորոշ են մոլորակի ներքին մասերին): Ապա սիլիցիումի կարբիդը մտցրել են ջրի մեջ և երկու կողմից սեղմել ադամանդե զնդաններով՝ ստեղծելով բարձր ճնշում։ Այնուհետև տաքացրել են լազերով։

Փորձը ցույց է տվել, որ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ սիլիցիումի կարբիդը ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ և վերածվում ադամանդի և սիլիցիումի երկօքսիդի: Արդյունքում հաստատվել է գիտնականների վարկածը. ածխածնով հարուստ էկզոմոլորակները, որոնց մեջ կա ջուր, կարող են պարունակել մեծ քանակությամբ ադամանդներ և սիլիցիումի երկօքսիդ:

Փորձի հեղինակների կարծիքով, ադամանդներից և սիլիցիումի երկօքսիդից կազմված էկզոմոլորակները, հավանաբար, չունեն կյանքի առաջացման համար բարենպաստ պայմաններ: «Անկախ այն փաստից՝ բնակելի է մոլորակը, թե ոչ, սա ևս մեկ քայլ է, որն օգնում է հասկանալ և բնութագրել էկզոմոլորակների մասին մեր շարունակաբար աճող դիտարկումները: Որքան շատ բան սովորենք, այնքան ավելի լավ կկարողանանք վերլուծել ու հասկանալ առաջիկա նախագծերի առաքելությունների նոր տվյալները»,- ասել է հետազոտության ղեկավար Ալլեն-Սաթերը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է The Planetary Science Journal ամսագրում։