ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

«Ուղղահայաց անտառով» բնակելի համալիրի չինական նախագիծը ձախողվել է

Ըստ նախագծի, համալիրի յուրաքանչյուր բնակարանի պատշգամբում պետք է լիներ փոքրիկ այգի: Սակայն խոստացված էկո-դրախտի փոխարեն թանկարժեք համալիրը վերածվել է լքված բնակավայրի, որը համեմատում են հետապոկալիպտիկ ֆիլմերի դեկորացիայի հետ։

Չինական Չենգդուի քաղաքում կառուցված Chengdu’s Qiyi City Forest Garden բնակելի համալիրի փորձարարական նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2018 թվականին։ Այն պետք է լիներ «կանաչ կյանքի» եզակի օրինակ՝ յուրաքանչյուր պատշգամբում խնամված պարտեզներով, որոնք զբաղեցնելու էին բավականին մեծ տարածք։ Բույսերի ավելի քան քսան տեսակներ պետք է չեզոքացնեին փողոցի ծուխն ու աղմուկը՝ շենքի ճակատային հատվածները վերածելով ուղղահայաց անտառների։

Անշարժ գույքի գործակալների տվյալներով, համալիրի բոլոր 826 բնակարանները վաճառվել են մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը, սակայն այժմ այնտեղ բնակվում է ընդամենը 10 ընտանիք: Խնդիրն այն է, որ բուսականությունը սկսել է գրավել հսկայական քանակությամբ մոծակների, ինչն էլ վախեցրել է գնորդներին, անխնամ այգիները սկսել են աճել, փչանալ և գրեթե ամբողջությամբ կուլ տալ պատշգամբները:

Ըստ դիզայներ Դերիլ Բեյերսի, բնակելի համալիրի խնդիրն այն է, որ նախագծողները չեն մտածել դրա պահպանման մասին․ օրինակ, պատշգամբները չունեն հարմար ջրահեռացման համակարգ, ուստի դրանց վրա գտնվող բույսերը շատ ջուր են պահում, խոնավությունն էլ իր հերթին իդեալական պայմաններ է ստեղծում մոծակների համար։

Բացի այդ, մշակողները հաշվի չեն առել, որ այդ պարտեզները, նույնիսկ բնակարանները շահագործման հանձնելուց առաջ, ամենօրյա խնամք են պահանջում։ Լավագույն տարբերակը, ըստ Բեյերսի, այնպիսի բույսեր տնկելն էր, որոնք շատ ավելի դանդաղ են աճում և պահանջում են նվազագույն խնամք: