ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս են մեր նախնիները կերակուր պատրաստել նախքան կրակի գյուտը

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ մեր նախնիները կրակ օգտագործել սովորել են շուրջ մեկ միլիոն տարի առաջ: Այդ շրջանում բանական մարդու (Homo sapiens) տեսակը դեռևս չէր ձևավորվել, և հոմինիդները (Hominidae) կրակ էին ստանում միայն պատակական հրդեհի դեպքում։ Հետագայում նրանք սովորեցին ինքնուրույն կրակ վառել և խարույկներն օգտագործել ցուրտ եղանակներին տաքանալու և սնունդ պատրաստելու համար:

Ենթադրվում էր, որ մինչև կրակի գյուտը մեր նախնիները ստիպված էին հում բույսեր ու միս ուտել: Սակայն, վերջերս գիտնականներն ապացույցներ են գտել այն մասին, որ հնագույն մարդիկ կարող էին կերակուրը եփել կրակի գյուտից շատ առաջ: Այդ հարցում բնությունն ինքն է օգնել մարդկանց․ մեր նախնիների որոշ խմբերի բնակության վայրերում գոյություն են ունեցել տաք ջրով «կաթսաներ»։ Այդպիսի բնակության վայր է հայտնաբերվել Տանզանիայի հանրապետությունում (Աֆրիկա)։

Տանզանիայի հյուսիսում գտնվող Օլդուավայի 40 կիլոմետրանոց կիրճում հետազոտողներին հաջողվել է գտնել հնագույն մարդկանց բազմաթիվ մնացորդներ: Այս վայրն առաջին անգամ հայտնի դարձավ 1913 թվականին, երբ գերմանացի երկրաբան Հանս Ռեքը գտավ մոտ 1,5 միլիոն տարվա կմախք: Հետագայում այստեղ կատարվեցին լայնամասշտաբ պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ավելի հին մնացորդներ:

Հնադարյան մարդկանց բազմաթիվ կմախքների ու գործիքների հայտնաբերումը վկայում է, որ այդ վայրը հարմարավետ էր ապրելու համար: Դեռևս 2016 թվականին Օլդուվայում գիտնականները հայտնաբերեցին 1,7 միլիոն տարվա վաղեմության հողի արտասովոր մի շերտ: Ուսումնասիրելով դրա կազմը` հետազոտողները հայտնաբերեցին, այսպես կոչված, էքստրեմոֆիլ (ծայրահեղ պայմաններում ապրող, օրինակ՝ 80°C-ից բարձր ջերմաստիճանի ջրում) բակտերիաների կենսագործունեության հետքեր, ինչից և ենթադրեցին, որ միլիոնավոր տարիներ առաջ Օլդուավայի տարածքում գոյություն են ունեցել տաք ջրի աղբյուրներ: Դրանք հայտնի են նաև որպես երկրաջերմային աղբյուրներ: Այդպես են անվանում այն վայրերը, որտեղ ստորերկրյա ջրերը Երկրի մակերես են հասնում 20°C-ից ավելի տաք վիճակում: Որպես կանոն, նման աղբյուրները ձևավորվում են այնպիսի վայրերում, որտեղ բարձր է երկրաշարժերի հավանականությունը: Իսկ Տանզանիայի Օլդուվայը սեյսմիկ տեսանկյունից բավականին ակտիվ շրջան է: Հետևաբար, կասկած չկա, որ այս վայրում միլիոնավոր տարիներ առաջ տաք աղբյուրներ են եղել: Ամենայն հավանականությամբ, հնագույն մարդիկ բնակություն էին հաստատում այս վայրերում հենց այդ պատճառով։

Հետազոտողները կարծում են, որ մարդիկ տաք ջուրն օգտագործել են ոչ միայն որպես ջերմության աղբյուր, այլև դրա օգնությամբ նաև պատրաստել են իրենց սնունդը: Խաշած (եփված) միսն ու բուսական սնունդն ավելի լավ համ ունեն: Բացի այդ, ջերմային մշակում ստանլուց հետո սնունդը դառնում է ավելի փափուկ և արագ է մարսվում։ Եթե ​​հնագույն մարդիկ իսկապես հասել էին տաք աղբյուրների օգնությամբ սնունդը պատրաստելու գաղափարին, ապա դա կարող էր խթանել նրանց արագ զարգացումը: Եվ եթե ​​նրանք չբնակվեին այս վայրերում, էվոլյուցիան շատ ավելի դանդաղ կընթաներ, կարծում են գիտնականները։

Այս մասին հոդվածը տպագրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings of the National Journal (PNAS) գիտական ամսագրում: