ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելում գործարկել են էլեկտրական ճանապարհ՝ էլեկտրամեքենաների անլար լիցքավորման հնարավորությամբ


Նախագիծը մշակվել է Թել Ավիվ-Յաֆֆայի քաղաքապետարանի կողմից` իսրայելական ElectReon-ի և Dan Bus Company-ի հետ համատեղ: Հեղինակների խոսքով՝ ծրագիրը ֆինանսավորվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​աղբյուրներից:
Փորձարկումները կտևեն մոտ երկու ամիս։ Հաջողելու դեպքում Dan Bus Company-ն մտադիր է մինչև տարեվերջ բացել այդ ճանապարհը կանոնավոր երթևեկության համար, որից հետո էլեկտրական ճանապարհները կարող են հայտնվել ամբողջ երկրով մեկ:


Մշակողները ստեղծել են այնպիսի համակարգ, որը երթևեկության ընթացքում լիցքավորում է էլեկտրական մեքենաները: Այն բաղկացած է պղնձե պարույրների շարքից, որոնք տեղակայված են ասֆալտի տակ։ Ինչպես նշում են ElectReon-ի ինժեներները՝ էներգիան ցանցից տեղափոխվում է ճանապարհային ենթակառուցվածք և լիցքավորում մեքենաները։ Միևնույն ժամանակ, մեքենաների ներքևի մասում տեղադրվելու են հատուկ ընդունիչներ՝ մեքենան վարելիս էներգիան անմիջապես մարտկոցին փոխանցելու համար: Փորձարկման համար նախագծի հեղինակներն ընտրել են մոտ երկու կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որից 600 մետրն արդեն հագեցած է պարույրներով։
Ծրագիրն ուղղված է էլեկտրական տրանսպորտային միջոցների տարածմանը և օդի աղտոտվածության նվազեցմանը: Դրա շրջանակներում իսրայելական իշխանությունները նախատեսում են մեծացնել զրոյական արտանետում ունեցող տրանսպորտային միջոցների թիվը։
Նշենք նաև, որ այժմ ElectReon ընկերությունը ներգրավված է Գերմանիայում և Շվեդիայում իրականացվող նմանատիպ երկու նախագծերում։